National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.8.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
20.08.2008
Ազգային ժողովը շարունակում է քննարկել հարկային, մաքսային ոլորտներին եւ Սեւանա լճի հիմնահարցին վերաբերող օրինագծեր

Օգոստոսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը շարունակվեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ այլ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ պատգամավորների ելույթներով:

Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ` ներկայացված օրինագծերի փաթեթը, որը վերաբերում է մոտ 30 հազ. քաղաքացու, կանխատեսելի չէ, քանի որ չգիտենք` նրանք կկորցնե՞ն իրենց աշխատատեղերը, թե` ոչ. այս օրենքի կիրառումը կարող է նոր սոցիալական ու քաղաքական լարվածության պատճառ դառնալ: Ըստ պատգամավորի նախագծում կան նաեւ առաջադիմական կետեր, որոնք, սակայն, ընդհանուր քաղաքականության մեջ որոշիչ չեն:  Լարիսա Ալավերդյանի կարծիքով` չնայած այս նախագիծը վերաբերում է տնտեսական ոլորտին, կարող է քաղաքական լարվածության պատճառ դառնալ: Նրա համոզմամբ` տնտեսական բոլոր բարեփոխումները պետք է սկսել «վերեւից»  եւ ոչ թե հարկային բեռը տարածել փոքրերի վրա: Հովհաննես Մարգարյանը, կարեւորելով եւ կողմ արտահայտվելով ներկայացված փաթեթին, նշեց, որ կան նաեւ քննության կարիք ունեցող մի շարք հարցեր` մասնավորապես  առեւտրի կետերում, տոնավաճառներում աշխատող քաղաքացիների շահերի պաշտպանությանը վերաբերող: Նա առաջարկեց չշտապել, օրենքը կիրառել մեկ կամ մի քանի օբյեկտներում, որի արդյունավետության դեպքում միայն ամբողջությամբ ներդնել: Տոնավաճառում կանգնած վաճառողը պետք է վստահ լինի, որ վարձավճարները չեն բարձրանալու: Արծվիկ Մինասյանի գնահատմամբ` կարեւոր է թե կարգ ու կանոնի հաստատումը,  թե տնտեսության ստվերայնության դեմ պայքարը, բայց կառավարությունը նախապես պետք է հայտարարեր եւ զգուշացներ իր քաղաքականության մասին: Նա նշեց, որ այս փաթեթով հարկային բեռի աճ է սպասվում, եւ մտահոգություն հայտնեց, որ նման քաղաքականությունը կարող է համալրել գործազուրկների բանակը:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնելով` Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն` կարեւորագույն խնդիրները հասարակական քննարկում պետք է անցնեն, ինչը տեղի չի ունեցել: Փաթեթը  փորձաքննության պետք է ենթարկվեր, հաշվի առնվեին փոքր եւ միջին ձեռնարկատերերի  շահերը, նրանց պաշտպանվածության խնդիրները: Նա ներկայացված նախագծերի փաթեթը նմանեցրեց մի ուռկանի, որից խոշոր ձկները դուրս են մնալու եւ  հայտնվելու են միայն փոքրերը: Խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին:

ՀՀԴ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը` նկատելով, որ ներկայացված նախագծերը կառավարության ծրագրի միայն մի մասն են, եւ հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ կներկայացվի հարկային ոլորտի ամբողջական փաթեթը: Պարոն Կարապետյանը նշեց, որ փաթեթը ողջունելի է հիմնականում այն պատճառով, որ օրենքի դաշտ է բերվում ստվերային տնտեսությունը: Տնտեսության մեջ պետք է չլինեն գերշահույթ ստացող տնտեսվարող սուբյեկտներ, քանզի գերշահույթ ստանում են միայն օրենքը խախտողները: Ինչ վերաբերում է հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրմանը, դա բխում է ոչ միայն պետական բյուջեի, այլեւ սպառողների շահերից: Ամեն ինչ պետք է արվի, որ գործազրկություն չառաջանա եւ հարկային բեռը չընկնի փոքր եւ միջին ձեռնարկատերերի վրա:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով` Գագիկ Մինասյանը արձանագրեց, որ երկու ամիս շարունակ այս օրինագծերը քննարկվել են շահագրգիռ տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքական տարբեր ուժերի հետ եւ բարելավվել են հանդիպումների ժամանակ հնչած առաջարկների հաշվառումով:  Մասնավորապես խմբակցությունում վերջին քննարկումներից մեկի ժամանակ  ընդունվել է ավելացված արժեքի հարկ վճարելու շեմը 50 մլն դրամից 70 մլն դրամ դարձնելու առաջարկը: Օրենքի նախագիծը ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական բնույթի, հավասար տնտեսական մրցակցության խնդիրներ է լուծում եւ նոր քաղաքական բարեփոխումների հնարավորություն է տալիս: ՀՀԿ խմբակցությունն առաջարկում է հսկիչ-դրամարկղային մեքենաներին առնչվող խախտումների դեպքում բարձր տուգանքներ կիրառել 70 մլն դրամից բարձր ապրանքաշրջանառություն ունեցող սուբյեկտների նկատմամբ, իսկ ավելի փոքր ձեռնարկությունների համար ավելի մեղմ պատիժ սահմանել: Նա համոզմունք հայտնեց, որ եթե ամբողջովին կիրառվի այս օրենքը, ժողովուրդը միանգամայն գոհ կլինի նման տնտեսական քաղաքականությունից: Բանախոսը արձանագրեց, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու այս կարեւոր նախագծին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը կարեւորեց հարցի քննարկումն ու հնչած առաջարկները` մասնավորապես գոհունակություն հայտնելով տուգանքների տարբերակված կիրառմանը, վարձավճարներին, հարկման շեմին վերաբերող առաջարկների համար, եւ հավաստիացրեց, որ օրինագիծը կբարելավվի հնչած առաջարկների հաշվառումով:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նրա գնահատմամբ`  գործող օրենսգրքում ամբողջությամբ ընդգրկված կամ ներառված չեն մաքսային ձեւակերպումների գործընթացում մաքսային միջնորդական եւ մաքսային փոխադրողի գործունեություն իրականացնող անձանց իրավունքների եւ պարտականությունների, ինչպես նաեւ դրանց գործունեության նկատմամբ հսկողության իրականացման վերաբերյալ դրույթներ: Կարգավորված չեն նաեւ «Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակման արդյունքում առաջացած թափոնների եւ մնացորդների մաքսային ձեւակերպումներին վերաբերվող դրույթները: Գործող օրենսգրքով նախատեսված չեն մաքսային հայտարարագրում լրացումների կամ ճշգրտումների դեպքերը եւ դրա իրականացման կարգը:

Նախագծով առաջարկվում է  ինքնահայտարարագրման գործընթացում մաքսային բրոքերների ընդգրկման շրջանակի ընդարձակման նպատակով օրենսգրքում ներառել հայտարարագրման գործընթացում բրոքերների եւ մաքսային մասնագետների իրավունքների եւ պարտականությունների, ինչպես նաեւ նրանց` մաքսային մարմիններում հաշվառելու հետ կապված հարցերը,  ինքնահայտարարագրման գործընթացում մաքսային փոխադրողների ընդգրկման շրջանակի ընդարձակման նպատակով օրենսգրքում ներառել հայտարարագրման գործընթացում մաքսային փոխադրողների իրավունքների եւ պարտականությունների, ինչպես նաեւ նրանց` մաքսային մարմիններում հաշվառելու հետ կապված հարցերը: Առաջարկվում է սահմանել «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակման արդյունքում առաջացած թափոնների եւ մնացորդների մաքսային ձեւակերպումների վերաբերյալ դրույթներ, սահմանել մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ՝ «մաքսային հսկողության գոտու կազմակերպում», որի արդյունքում ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսային հսկողությունը կիրականացվի առավել արդյունավետ: Մաքսային կանոնների խախտման եւ մաքսանենգության դեմ պայքարը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվում է խստացնել օրենսգրքի 183-րդ հոդվածի դրույթները, օրենսգրքով նախատեսվում է մաքսային մարմիններին վերապահել նախաքննության իրականացման գործառույթ:

Նախագծի կարգավորման առարկան մաքսային հսկողության, ձեւակերպումների, հայտարարագրման գործընթացում մաքսային միջնորդական, մաքսային փոխադրողի գործունեություն իրականացնող անձանց ներգրավման, մաքսային հայտարարագրի անվավեր ճանաչման եւ դրանում ճշգրտում կամ լրացում կատարելու, ինչպես նաեւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ առաջացող հարաբերություններն են:

Նշված փոփոխությունների եւ լրացումների արդյունքում ինքնահայտարարագրման գործընթացում կմեծանա մաքսային բրոքերների ընդգրկվածության չափը, ինչպես նաեւ օրենսդրական պարարտ հող կստեղծվի մաքսային փոխադրողի գործունեության տեսակի ծավալումը խթանելու համար:

Մաքսային ընթացակարգերի պարզեցման նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ, որի համաձայն`  հետբացթողումային հսկողության արդյունքում մաքսային վճարների գծով չկատարված պարտավորությունների հայտնաբերման դեպքում լրացվող նոր մաքսային հայտարարագիրը կփոխարինվի մաքսային վճարների վճարման տեղեկանքով, որը կհանդիսանա նախկին մաքսային հայտարարագրի անբաժանելի մասը: Արդյունքում նոր մաքսային հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Հնարավորության կընձեռվի անհրաժեշտ հսկողություն իրականացնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների նկատմամբ: Ներդրված լիցենզավորման ենթակա նոր գործունեության տեսակի շնորհիվ կհեշտացվի մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների զննման ընթացակարգը:

Պատգամավորներ Վարդան Այվազյանը, Վարդան Բոստանջյանը, Հովհաննես Մարգարյանը իրենց ելույթներում նշեցին, որ օրինագիծը միտված է հստակեցնելու մաքսային աշխատանքները, պարզեցնելու ընթացակարգերը, կանոնակարգելու վարչարարությունը, պաշտպանելու տնտեսվարողների շահերը, թեեւ կան մի քանի դրույթներ, որոնք հստակեցման կարիք ունեն եւ որոնց վերաբերյալ կներկայացնեն իրենց առաջարկները:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը` Գագիկ Խաչատրյանը, հավաստիացրեց, որ առաջին ընթերցումից հետո անհրաժեշտաբար կանդրադառնան ներկայացված դրույթների հստակեցմանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նա տեղեկացրեց, որ ներկայացված օրենքի նախագծի ընդունումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008 թվականի ոռոգման սեզոնը սկսվեց ապրիլ ամսին, ինչն աննախադեպ երեւույթ էր վերջին  8 տարիների ընթացքում: Տեղումների երկարատեւ անբավարարության կամ իսպառ բացակայության, օդի բարձր ջերմաստիճանի եւ ցածր հարաբերական խոնավության պայմաններում ապրիլ ամսից սկսած` հանրապետությունում առկա են երաշտին բնորոշ բոլոր երեւույթները: Վերջինիս արդյունքում  համապատասխան օրենքով 2008 թվականի ոռոգման շրջանի համար Սեւանա լճից ջրառի տարեկան առավելագույն չափաքանակ սահմանվեց 240.0 մլն. խոր. մետր:

Հաշվի առնելով վերը նշվածները, ինչպես նաեւ կանխատեսվող եղանակային պայմանները` 2008 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու նպատակով Սեւանա լճից ջրառի առավելագույն ջրաքանակը կկազմի 360 մլն մ3 :

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց մոտեցումները ներկայացնելու համար ելույթներ ունեցան նաեւ պատգամավորները:

Վահան Հովհաննիսյանի կարծիքով` Սեւանի մակարդակի բարձրացումը վերջին տասնամյակների ընթացքում բնականոն երեւույթ է եւ միայն պայմանավորված չէ Արփա-Սեւան ջրանցքով: Այժմ մտահոգիչ է, երբ փորձում ենք այդ բնականոնությունը խախտել` մեծ քանակությամբ ջուր բաց թողնելով եւ անտեսելով լճի էկոլոգիական եւ ստրատեգիական նշանակությունը: Եթե կա լճի մակարդակը բարձրացնելու ծրագիր, որին հավատում ենք, ինչպես եղավ, որ  նախապես չմտածեցինք ափամերձ ճանապարհները փոխելու եւ լճի ճահճացումից խուսափելու համար ափամերձ ծառերը հատելու մասին. ընդհակառակը` ափին ամենաթողության պայմաններում նոր շինություններ կառուցեցինք: Նրա գնահատմամբ` մյուս մտահոգիչ փաստն այն է, որ ոռոգման ջրի պահանջարկի վերաբերյալ որոշումները կայացվում են վերեւներում, այնինչ  օբյեկտիվ այդ պահանջը  պետք է թելադրվեր  ներքեւից, որպեսզի հիմնավոր լիներ: Արմեն Մարտիրոսյանը, Լիլիթ Գալստյանը,  Ստյոպա Սաֆարյանը, Արծվիկ Մինասյանը, Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը նույնպես մտահոգություն հայտնեցին Սեւանա լճից մեծ չափաքանակով ջուր բաց թողնելու համար, ինչը ոռոգման նպատակով պահանջարկը բավարարելու առումով հիմնավորված չէ: Ըստ նրանց` անհիմն է նաեւ այն պատճառաբանությունը, որ տարին երաշտային է եւ տեղումների քանակը` քիչ: Խաչիկ Հարությունյանի կարծիքով` Սեւանից հնարավոր չէ ոռոգման նպատակով ջուր չվերցնել, բայց դա պետք է անել հնարավորինս քիչ` գտնելով այլընտրանքային ուղիներ եւ ջուրն օգտագործել արդյունավետ: Ըստ Բագրատ Սարգսյանի` նման խնդիրների ժամանակ միակողմանիությունն անընդունելի է. պետք է լճի էկոլոգիական վնասը համեմատել գյուղացիական տնտեսությունների վնասի հետ եւ դրանց չափերը համակշռել: Գագիկ Մինասյանի գնահատմամբ` Սեւանա լճի մասին օրենքն ընդունելուց հետո լճի մակարդակը բարձրացել է 2,5 մետրով եւ պետք չէ «պոպուլիստական» հայտարարություններ անել: Նա համոզմունք հայտնեց, որ պահանջվող ջրաքանակի վերաբերյալ եթե խորհրդարանն իր դրական մոտեցումն արտահայտի,  ջուրն արդյունավետ կօգտագործվի, ինչպես դա արվել է նախորդ տարիներին:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը հարցի վերաբերյալ ներկայացրեց Ստյոպա Սաֆարյանը` ասելով, որ իրենց խմբակցությունը դեմ չէ գյուղատնտեսական խնդիրների լուծմանը, բայց ոչ կորուստներն անտեսելու գնով: Պետք է մտածել ոռոգման այլընտրանքային ուղիների մասին եւ ոչ թե հույսը դնել միայն Սեւանի վրա: Ըստ նրա` հիմնավորված չէ նաեւ բաց թողնված եւ պահանջվող ջրի քանակությունը, ինչը կապվում է սակավանձրեւության եւ երաշտի հետ, որ  իրականում գոյություն չունի: Խմբակցության կարծիքով` կառավարությունը պետք է այս նախագիծը հետ վերցնի եւ խուսափի «սակարկությունից»: Նա հույս հայտնեց, որ հետագայում  կառավարությունը ճիշտ կգնահատի իրենց քայլը եւ կմտածի ոռոգման այլընտրանքային  միջոցների մասին:

Մյուս խմբակցությունների ելույթները կհնչեն հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 21-ին, ժամը 10.00-ից:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am