National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.8.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
15.08.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում քննարկվեցին մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարված տեղազննության արդյունքները

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի` օգոստոսի 15-ի հերթական նիստում հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց վերջին նիստից հետո հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին: Նշվեց, որ հանձնաժողովին  էր դիմել Մյասնիկ Մալխասյանի փաստաբանը` մտահոգություն հայտնելով նրա առողջական վիճակի վերաբերյալ: Հանձնաժողովը նույն մտահոգությամբ միջնորդել է դատախազությանը, որ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Ըստ հանձնաժողովի նախագահի` մոտենում է հանձնաժողովի փաստահավաք գործողությունների ավարտը, հավաքվել են բավականաչափ փաստեր եզրակացությունների համար, թեեւ մի շարք փաստեր դեռ բավարար չեն. այսպես` օգտագործված ավտոմատ հրազենի տեսակի մասին համապատասխան մարմինները տեղեկություններ ներկայացրել են, բայց կատարվածի վերաբերյալ հստակ ու ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է իմանալ նաեւ, թե որ ստորաբաժանումներն են զենք ստացել, քանի հրազեն, քանի փամփուշտ է տրամադրվել, քանիսն են վերադարձվել:

Հանձնաժողովը դիմել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությանը` տեղեկություն ստանալու, թե Ազատության հրապարակում մարտի 1-ին քանի մարդ է դիմել բուժօգնություն ստանալու համար:

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն առաջարկեց, որ մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների վերաբերյալ տեղեկություն տա նաեւ ընդդիմության ներկայացուցիչը, որպեսզի պատկերը ամբողջական լինի, ինչը ընդունվեց հանձնաժողովի կողմից եւ որոշվեց համապատասխան նամակ-առաջարկով դիմել ընդդիմությանը:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց նաեւ, որ  հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Աղասի Մկրտչյանին, որը հացադուլ էր հայտարարել եւ լքել էր դատական նիստերի դահլիճը` չհամաձայնելով իրեն ներկայացված  ընտրակաշառք  բաժանելու մեղադրանքին: Աղասի Մկրտչյանը հայտնել է, որ իրեն տվել են 800 հազ դրամ` հանձնաժողովականներին եւ վստահված անձանց վճարելու համար, ինչը կատարել է եւ նույնիսկ պակասող գումարը իր գրպանից է վճարել: Նա նաեւ պնդում է, որ իրեն քաղաքական դրդապատճառներով են կալանել: Պարոն Նիկոյանի գնահատմամբ` սեփական գրպանից կամ այլ միջոցներից աշխատավարձ տալը հակասում է ՀՀ Ընտրական օրենսգրքին. այդ վճարումները պետք է կատարվեին համապատասխան հաշվից: Ըստ հանձնաժողովի նախագահի` թեեւ ինքը չի ուզում եւ չի կարող միջամտել դատավարությանը, բայց   դատարանը արդարադատություն իրականացնելիս հաշվի կառնի մեղադրյալի անցած ուղին եւ  առողջական վիճակը:

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Ստեփան Մանուկյանը պարզաբանումներ ներկայացրեց 2008 թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարված տեղազննության արդյունքների վերաբերյալ: Նա ասաց, որ մարտի 1-ի առավոտյան ինքը մի քանի աշխատակիցների հետ 8.30-ի սահմաններում եղել է Ազատության հրապարակում, որտեղ իրադարձություններն ավարտվել էին, կատարվում էր հրապարակի պահպանություն, քննչական ծառայության ներկայացուցիչները, բաժանելով տարածքը, կազմում էին փորձագիտական խմբեր եւ տեղազննություն կատարում: Հրապարակից եւ նրա շրջակա տարածքներից առգրավվել են 3 ատրճանակներ, նռնակներ, փայտյա եւ մետաղե ձողեր, դյուրավառ հեղուկով շշեր, որոնք մասնագետների կողմից մշակվում էին` մատնահետքեր հայտնաբերելու նպատակով: Հետագայում դրանք կնիքավորվում էին եւ հանձնվում քննիչներին` համապատասխան արձանագրություն կազմելու համար: Նա տեղեկացրեց, որ իրեղեն ապացույց հանդիսացող այդ զենքերի վրա մատնահետքեր, որոնք կարող էին պիտանի լինել հետագա աշխատանքների համար, չեն հայտնաբերվել: Փորձաքրեագիտական վարչության պետը պատասխանեց նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում մատնահետքերին, իրեղեն ապացույցների տեսակներին եւ դրանց առգրավման վայրին:

Նիստի վերջում ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ հաջորդ երեքշաբթի օրը հանձնաժողովի նիստ չի գումարվի` ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրվելու պատճառով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am