National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.6.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.06.2008
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը վերանայման կարիք ունի»


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 4-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Թեման` «Զանգվածային լրատվության միջոցների գործունեության օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները` սահմանադրական բարեփոխումների արդյունքում»:  Լսումներին հրավիրված էին լրատվական դաշտի, հասարակական կազմակերպությունների, կարգավորող մարմինների ներկայացուցիչներ:

Խորհրդարանական լսումները բացելով` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձանաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նախ անդրադարձ կատարեց սահմանադրական բարեփոխումներին եւ դրանից բխող` ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող սկզբունքներին: Փոփոխությունների արդյունքում ամրագրվել է հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման նոր կարգ, ամրագրվել է, որ այն  անկախ մարմին է, եւ այդ անկախությունն ապահովվում է իշխանության երկու թեւերի` հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի կողմից կազմավորմամբ: Տկն. Հակոբյանի կարծիքով` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն այսօր վերանայման կարիք ունի: Այս համոզմունքը նա հիմնավորում է նախ այն հանգամանքով, որ Սահմանադրական դատարանն արդեն երեք անգամ անդրադարձել է նշված օրենքին ` ուժը կորցրած ճանաչելով տարբեր հոդվածներ ինչպես այդ օրենքում, այնպես էլ  ԱԺ կանոնակարգի` նույն խնդրին վերաբերող մասերում: Բացի դա,  օրենքն ընդունվել է 2000 թ.-ին, որից հետո երկրում կատարվել են լուրջ իրադարձություններ. Հայաստանն անդամակցել է  Եվրախորհրդին, Սահմանադրությունը փոփոխվել է, հասարակական  հարաբերություններն ավելի են զարգացել:  Հանձնաժողովի նախագահն անդրադարձ կատարեց նաեւ ԵԽԽՎ 1609 բանաձեւին, որով առաջարկվում է վերանայել հեռուստատեսության եւ ռադիոյի անկախ հանձնաժողովի ձեւավորման կարգը: Նույն ենթատեքստում է նաեւ հանրապետության նախագահի հանձնարարությունը` ԵԽԽՎ հայտնի բանաձեւում նշված հարցադրումները հատկապես  օրենքներով եւ կառավարության որոշումներով կարգավորելու մասին: Տկն. Հակոբյանն առաջարկեց քննարկման ընթացքում անդրադառնալ օրենսդրական բացերին,  հեռարձակվող լրատվամիջոցների ազատության, անկախության բազմազանությունը  ապահովելու նպատակով ստեղծվող անկախ մարմնի ձեւավորման մրցույթային կարգին, ինքնառաջադրման սկզբունքին, ֆինանսավորման խնդիրներին: Հանձնաժողովի նախագահի խոսքերով`  լրատվական դաշտի լավագույն մասնագետների մեծ մասը կանայք են,  եւ պետք է  ուշադրություն դարձնել թե անկախ հանձնաժողովում եւ թե տարբեր խորհուրդներում նրանց մասնակցությանը: 

Լսումներում զեկույցով հանդես եկան հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:

Պրն. Հարությունյանի կարծիքով` էլեկտրոնային լրատվական դաշտի թերությունների ու բացերի պատճառը օրենքը չէ, քաղաքական կամքի եւ ցանկության դեպքում այս օրենքով էլ կարելի է ունենալ լրատվական բոլորովին այլ դաշտ: Այդուհանդերձ` հաշվի առնելով քաղաքացիական հասարակության ձեւավորման ներկա փուլը`   օրենքում  պետք է ամրագրել  մեխանիզմներ, որոնք կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն վերջին տարիներին նկատված բացթողումները: Այս առումով` խորհրդի նախագահը տեսնում է օրենքում հրատապ  փոփոխությունների անհրաժեշտություն` հետագայում առավել հեռանկարային խնդիրներին նվիրված ավելի մեծ ընդգրկումով` եվրոպական կառույցների եւ տեղական լրագրողական կազմակերպությունների ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, քննարկումներ անցկացնելու պայմանով: Ալեքսան Հարությունյանը ներկայացրեց այն փոփոխությունների շրջանակը, որին պետք է անդրադառնալ հրատապ:  Որպես այդպիսին նա նշեց նախ  ազգային հանձնաժողովի ձեւավորման կարգը:  Զեկուցողը նկատեց, որ ոլորտը կարգավորող հանձնաժողովի նախագահն ու տեղակալն են միայն համարվում հաստիքային աշխատող, մյուսները` հասարակական կարգով աշխատող հանձնաժողովի անդամները, կարող են գործադիր իշխանության տարբեր օղակներում աշխատել: Պրն. Հարությունյանի կարծիքով, այս դեպքում անկախությունը շատ պայմանական է դառնում, հետեւաբար որոշակի մեխանիզմներ են պետք, որպեսզի այդ մարմինն ավելի անկախ լինի:  Նա առաջարկում է, որ հանձնաժողովի բոլոր 8 անդամներն այլ աշխատանքով զբաղվելու իրավունք չունենան` բացառությամբ մանկավարժականի: Զեկուցողն առաջարկում է նաեւ ամրագրել, որ ոչ միայն  հանձնաժողովի անդամները, այլեւ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող շահեր ունենալ մասնավոր էլեկտրոնային լրատվամիջոցներում:  Հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթային կարգը, ըստ զեկուցողի, պետք է վերաբերի թե հանրապետության նախագահի եւ թե խորհրդարանի նշանակելիք անդամներին, նաեւ` օրենքով ամրագրվեն որոշ սկզբունքներ. մրցույթային հանձնաժողովում չեն կարող լինել  պետական պաշտոնյաներ,   պետք է հստակեցվի` ովքեր կարող են լինել թեկնածուներ եւ մրցույթային հանձնաժողովի  անդամներ: Այս կարգը, ըստ Ալեքսան Հարությունյանի, պետք է վերաբերի թե հանրային հեռւստառադիոընկերության խորհրդի, թե հեռուստատեսության եւ ռադիոյի  ազգային հանձնաժողովի ձեւավորմանը:   Մրցույթներում պետք է ներգրավված լինեն հասարակական  եւ լրագրողական կազմակերպություններ, մրցույթը պետք է լինի բաց: Նա հնչեցրեց նաեւ եվրոպացիների այն մտահոգությունը, որ հանձնաժողովի ձեւավորման գործընթացը շատ քաղաքականացված է: Խորհրդի նախագահը ճիշտ է համարում, որ խորհրդարան ներկայացվող հաղորդման մեջ իրենք ներառեն ոչ միայն տեղեկություններ ֆինանսական միջոցների եւ ծրագրերի վերաբերյալ, այլեւ այն մասին, թե հանրային հեռուստառադիոընկերությունը տարվա ընթացքում քաղաքական ուժերին որքան եթերաժամանակ է տրամադրել:  Պատրաստվում են նաեւ առաջարկել, որ հանրային հեռուստառադիոընկերությունում ներդրվի  ներքին օմբուդսմենի ինստիտուտ. այս հարցի վերաբերյալ արդեն համագործակցում են եվրոպացի փորձագետների հետ:

Գրիգոր Ամալյանն անդրադարձավ  այն սկզբունքներին, որոնք ցանկանում է պահպանված տեսնել օրենսդրական փոփոխությունը կատարելիս: Նշելով, որ ազգային հանձնաժողովը ձեւավորվոմ է իշխանության երկու թեւերի կողմից` պրն. Ամալյանը կարեւորեց կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջների միասնականությունը եւ առաջարկեց այն ամրագրել օրենքով: Պրն. Ամալյանը միասնական սկզբունքի կիրառման կողմնակից է նաեւ մրցույթային հանձնաժողովների  անդամների ընտրության դեպքում:   Օրենքը փոփոխելիս հանձնաժողովի նախագահը կցանկանար, որ վերանայվեն հանձնաժողովի անդամների նշանակումների պարբերականությունը` նպաստելով կարգավորող մարմնի անկախության մեծացմանը: 

«Երեւանի մամուլի ակումբի», «Հայաստանի ժուռնալիստների միության», «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» եւ այլ կազմակերպությունների նկատառումները ներկայացրեց Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Ողջունելով այս թեմայով լսումներ կազմակերպելու նախաձեռնությունը` նա նկատեց, որ այն դեպքերում, երբ քաղաքացիական հասարակության եւ իշխանության ներկայացուցիչների համագործակցությունը կառուցողական է, շատ լավ օրենքներ են ստեղծվում: Անդրադառնալով օրենքի փոփոխմանը` Մեսրոպ Հարությունյանը նկատեց, որ, չնայած գործող օրենքի 11-րդ հոդվածի խմբագրմանը, այսօր այն  կարգավորում է միայն ընտրությունների քարոզչության շրջանը: Հետեւաբար, այդ հոդվածը կրկին վերանայման կարիք ունի: Պրն. Հարությունյանը եւս գլխավոր խնդիր է համարում ազգային հանձնաժողովի եւ հանրային հեռուսառադիոընկերության խորհրդի ձեւավորման կարգը:  Նրա համոզմամբ` երկու մարմիններն էլ անկախ չեն եւ խնդիրները սկսվում են այդտեղից:  Լրագրողական նշված կազմակերպություններն առաջարկում են փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում եւ խմբակցություններին հանձնաժողովի  թափուր տեղերը  լրացնելու առաջարկների հնարավորություն տալ: Սահմանադրական բարեփոխումներից բխող` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխություններով հանվել է հանրապետության նախագահի կողմից մրցույթային կարգով հանձնաժողովի 4 անդամներին նշանակելու նորմը, եւ այսօր նախագահը կրկին միանձնյա  է նշանակում կատարում: Այս հնարավորությունը բացառելուց բացի, Մեսրոպ Հարությունյանն առաջարկում է նաեւ օրենքով ամրագրել ինքնառաջադրման սկզբունքը: Մրցույթային գործընթացում առաջարկվում է ներդնել հանրային լսումների գաղափարը, երբ հասարակական լայն քննարկումների արդյունքներն ու կարծիքները  հաշվի կառնվեն եւ մրցույթների հանձնաժողովների թափուր տեղերը լրացնելիս եւ թե լիցենզավորման մրցույթների ժամանակ:  Քանի որ 2009 թ. ավարտվում են մի քանի հեռուստաընկերությունների լիցենզիայի ժամկետները,  օրենքում առաջարկում են հստակեցնել  մրցույթների չափանիշները: Մեսրոպ Հարությունյանն առաջարկում է չորս այդպիսի չափանիշ.  սեփական արտադրության հաղորդումների ծավալ,  հայրենական արտադրության հաղորդումների ծավալ, տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ եւ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն: Դեռեւս սահմանադրական փոփոխությունների ժամանակ լրագրողական կազմակերպությունները պնդել են, որ լինի ոլորտը կարգավորող երկու մարմին` մասնավոր հեռարձակման եւ հանրային հեռարձակման համար:  Օրենսդրության մեջ  չկան մեխանիզմներ, որոնք ՀՌԱՀ-ին հնարավորություն կընձեռեն վերահսկել հանրային հեռարձակումը:

Հարցուպատասխանի ընթացքում շոշափվեցին հեռուստատեսային գովազդին, հովանավորչությանը, եթերային քաղաքականությանն առնչվող հարցեր:  Ընդդիմադիր պատգամավորները խոսեցին հատկապես ընտրությունների ժամանակ իրենց նկատած խախտումների մասին:

Եզրափակիչ ելույթում, անդրադառնալով բարձրացված հարցերին, Ալեքսան Հարությունյանը  քաղաքական ուժերի հետ առանձին-առանձին հանդիպելու եւ առավել համապարփակ քննարկում անցկացնելու առաջարկություն կատարեց:
Ամփոփելով լսումները` հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն առանձնացրեց այն հարցերը, որոնք պետք է  ուշադրության կենտրոնում լինեն օրենսդրական փոփոխությունը կատարելիս:  Շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկումների համար` նա ընդգծեց, թե չէր ցանկանա, որ ջրբաժանի տարբեր կողմերից խոսեին միմյանց հետ. ի վերջո բոլորի ցանկությունը մեկն է` բարելավվել հասարակական-քաղաքական կյանքը, նպաստել պետության զարգացմանը: 


04.06.2008
Օրինագծերի քննարկումը հանձնաժողովում հեղինակների առաջարկով հետաձգվեց
Հունիսի 4-ի`  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ քննարկվեցին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած 6 օրենքի նախագծերը:Օրինագծերի համահեղինակ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ նե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am