National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
17.03.2008
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը խորհրդարանն ընդունեց ամբողջությամբ

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ մարտի 17-ին  գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգային երկու հարցով` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով եւ այն երկու ընթերցմամբ ընդունելու  մասին ԱԺ որոշման նախագծով: Քվեարկությամբ որոշման նախագիծն ընդունվեց:

Ինչպես ներկայացրեց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը,  խորհրդարանի չորս խմբկացությունների` բացառությամբ «Ժառանգության», վաթսունից ավելի պատգամավորներն են հեղինակել ներկայացված օրինագիծը:

Այն նիստում ներկայացրեց Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա հիմնավորմամբ` գործող օրենքը վերանայելու նախաձեռնությունը պայմանավորված է մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում պարզ դարձած` օրենսդրական ոչ հստակ նորմերը  բարելավելու անհրաժեշտությամբ:  Օրենքը մշակելիս պատգամավորներն առաջնորդվել են  «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի  11-րդ եւ 18-րդ հոդվածներով, որոնցով եւ նախատեսվում են որոշակի սահմանափակումներ: Ռաֆիկ Պետրոսյանն ընդգծեց, որ հաշվի են առել  նաեւ Եվրամիության երկրների  փորձը: Նախագիծը միտված է  սահմանադրական իրավունքն իրացնելիս այլ անձանց իրավունքների դեմ հնարավոր ոտնձգություները կանխելուն: Մասնավորապես շարադրված է, որ  զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելուն,  ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն,  բռնություն կամ պատերազմ քարոզելուն,   կամ էլ կարող են հանգեցնել  պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը:  Ավելի ուշ` երկրորդ ընթերցմանը ներկայացված նախագծում, ԱԺ նախագահ Տիգան Թորոսյանի առաջարկությամբ, այստեղ ավելացվեցին նաեւ անկարգությունների եւ հանցագործությունների հանգեցնելու դեպքերը:  Տվյաները, ըստ նախագծի, հավաստի կհամարվեն, եթե դրանց վերաբերյալ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել են պաշտոնական եզրակացություն:  Հեղինակներն առաջարկում են ավելացնել նոր մաս, համաձայն որի հրապարակային միջոցառումը  անկարգությունների վերափոխվելու եւ  մարդկային զոհերի հանգեցնելու դեպքում լիազոր մարմինը կարող է արգելել միջոցառման անցկացումը` մինչեւ հանցագործության հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը:   ՀՅԴ խմբակցության պատգամավորների` Վահան Հովհաննիսյանի եւ Արծվիկ Մինասյանի առաջարկության հիման վրա նախագծի վերջնական տարբերակում այս մասում ավելացվեց, որ   կարգելվի միջոցառման անցկացումը, եթե սպառվել են կանխման բոլոր մյուս միջոցները:

Պատգամավորներն իրենց ելույթներում մտահոգություն էին հայտնում, որ  պարզ չէ` այս նորմը ում վրա է տարածվելու եւ ինչ ժամկետով:  Առաջարկվում էր օրենքից հանել ոչ զանգվածային միջոցառումը ինքնաբուխ զանգվածային  հրապարակային միջոցառման վերածվելու դեպքում իրազեկում չներկայացնելու մասին դրույթը: Այսինքն, զանգվածային հրապարակային միջոցառում կարող է անցկացվել միայն լիազոր մարմնին գրավոր իրազեկելուց հետո:  Վերանայված են նաեւ կազմակերպչի կողմից զանգվածային միջոցառում անցկացնելու համար իրազեկելու ժամկետը. երեք օր առաջ իրազեկելու փոխարեն  սահմանվել է հինգ օր: Իսկ լիազոր մարմնին իրազեկումը քննարկելու համար,  օրենքը փոփոխելուց հետո, կտրվի 72 ժամ: ործող օրենքով դա կատարվում է իրազեկումն ստանալու հաջորդ օրը: 
  
Պատգամավորներից ոմանք  իրենց ելույթներում առաջարկվող նախագիծը բնորոշեցին որպես «ռեպրեսիվ» կամ «իրավիճկային»` ասելով, որ  քաղաքական  միջոցներով է պետք հարթել ստեծված իրավիճակը:  Տեսակետ հնչեց, որ այս միջոցառումներով  փորձ է արվում վերացնել խնդրի հետեւանքը` մոռանալով դրա բուն պատճառի` հասարակության մի շերտի դժգոհության եւ առկա անվստահության մասին: Պատգամավորներից ոմանք պաշտպանեցին այս նախաձեռնությունը, ոմանք էլ այն համարեցին ներքաղաքական հարցերը լուծելու ոչ լավագույն տարբերակ:  

Հարցի վերաբերյալ  երեք խմբակցություններ ներկայացրին տեսակետներ:

«Ժառանգություն» խմբակցությունը դեմ է այս փոփոխությանը եւ հեղինակներին առաջարկեց հետ վերցնել այն: Այս մասին հայտարարեց խմբակցության անդամ Լարիսա  Ալավերդյանը:  Նա իր ելույթը կառուցեց` հղում կատարելով  միջազգային իրավունքի  հայտնի սկզբունքներին: Նրա համոզմամբ,  առաջարկվող սահմանափակումները հակասում են   դրանց:  

ԲՀԿ խմբակցության անունից  Արամ Սաֆարյանը ներկայացրեց հարցի վերաբերյալ իրենց դրական վերաբերմունքը` նշելով, որ կողմնակից են  քաղաքական հարթության մեջ խնդիրները լուծելու տարբերակին: Խմբակցությունը  պատրաստ է միանալ հասարակական համաձայնությանն ուղղված ցանկացած քայլի, նպաստել երկխոսությանը: Խմբակցության քարտուղարի խոսքերով, իրենց խնդիրն է լինելու դառնալ ժողովրդի համար վստահելի:

ՀՀԿ խմբակցության դրական տեսակետը ներկայացնելով` Մկրտիչ Մինասյանը նշեց, որ վերջին իրադարձությունները պարզ դարձրին, որ  խնդիրն ունի իրավական եւ քաղաքական կարգավորման անհրաժեշտություն: Այս օրենսդրական նախաձեռնությունը, պատգամավորի գնահատմամբ, նրա համար է, որ  մարտի մեկյան դեպքերն այլեւս մեր երկում չկրկնվեն եւ  որեւէ քաղաքացու արյուն չհեղվի:  Հաշվի առնելով, որ  փոփոխություններում տեղ է գտել մի ձեւակերպում, որի համաձայն եզրակացության հիման վրա է կարող արգելվել միջոցառման անցկացումը` խմբակցության անդամը չհամաձայնեց գնահատականների հետ, թե այսպիսով սահմանափակումները մեծացվում են:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահն անդրադարձավ հարցի շուրջ հնչած տեսակետներին` մասնավորապես գործող օրենքի փորձաքննությանը եւ նախապատմությանը` նշելով. «Բարոյական չէ, երբ մարդիկ ինչ-որ հին թղթեր են բերում եւ այստեղից կարդում: Եթե այդքան ցանկություն կա վկայելու ԵԽԽՎ բանաձեւերը, բերեք եւ կարդացեք 2007 թ. հունվարի բանաձեւը` սա մեկ, բերեք եւ կարդացեք Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունը, եւ, իհարկե, ԺՀՄԻԳ-ի: Ավելին` երբ օրենքը ամբողջացվեց, այն համարվեց ԵԽ անդամ երկրների մեջ լավագույններից մեկը եւ հենց դրա հիման վրա ԵԱՀԿ-ն մի շարք միջոցառումների հրավիրել է Հայաստանից մարդկանց` այդ օրենքը ներկայացնելու համար: Ուղղակի բարոյական չէ նման իրավիճակում փորձել մարդկանց թյուրիմացության մեջ գցել: Ես ավելի քան համոզված եմ, որ եթե ոչ բոլոր ելույթ ունեցողները, ապա ոմանք դա անում են միտումնավոր: Այնպես` ինչպես ակնհայտ փաստերը, որոնք բազմաթիվ մարդիկ, դժբախտաբար, հեռուստատեսությամբ առիթ ունեցան տեսնելու, փորձ է արվում կոպտորեն աղավաղել: Նույնը` Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքերը, թե այդտե՞ղ չէր, որ գազազած ամբոխը հետապնդում էր ընդամենը մեկ ոստիկանի եւ դաժան ծեծում, այդտե՞ղ չէր, որ օրը ցերեկով այրում էին ոստիկանության մեքենան: Թե՞ դրանք խաղաղ ցուցարարներ էին եւ ուղղակի այդ խեղճ ոստիկանի գլուխն էին շոյում: Պետք չէ այսօր, գոնե նման իրավիճակում անցնել բոլոր սահմանները եւ պետք չէ այստեղ փորձել հանդես գալ որպես իրավունքի պաշտպան` հանիրավի ոտնահարելով տարրական իրավունքը` բարոյականության իրավունքը, որ ամեն մեկն ունի եւ պարտավոր է դրսեւորել յուրաքանչյուրի նկատմամբ: Ասվում է` համերաշխություն, դժգոհություն, բարեփոխումներ, երկխոսություն... Իհարկե, համերաշխություն, բարեփոխումներ եւ երկխոսություն` միանշանակորեն, այստեղ որեւէ այլ կարծիք լինել չի կարող, բայց մի՞թե այս նախագիծը դրա մասին է: Իհարկե, դա անհրաժեշտ է եւ պետք է արվի: Ես առաջարկում եմ. եթե կան խորհրդարանական քաղաքական ուժեր, որ այս ուղղությամբ ցանկանում են քննարկում ունենալ եւ առաջարկություններ ունեն, խնդրեմ, կարող ենք մարտի 24-ին, ժամը 3-ին հավաքվել եւ քննարկել խմբակցությունների ներկայացուցիչներով, եւ տեսնել` ինչ անելիքներ ունենք: Անելիքների մասին արդեն շատ խոսվել է, այս նախագիծը դրա մասին չէ, որովհետեւ մենք երկու խնդրի բախվեցինք մարտի 1-ին, դրանից առաջ եւ դրանից հետո: Բայց մինչ դրան անցնելը ուզում եմ ասել հետեւյալի մասին. անընդհատ պնդել դժգոհության մասին, կարծում եմ, արդարացի չէ: Ինչու՞: Իհարկե, կա դժգոհություն, միթե որեւէ մեկը կասկածում է, միշտ էլ լինելու է դժգոհություն: Այդպես է: Բայց եթե այդ դժգոհությունը պիտի հանգեցներ մարդկային զոհերի, հարյուրավոր վիրավորների, ինչու՞ մեկ տարի, երկու տարի, հին‎գ տարի առաջ չէր հանգեցնում, երբ շատ ավելի մեծ էր դժգոհությունը եւ շատ ավելի մեծ տեղ կար դժգոհության: Այնպես որ դեպի դժգոհություն տանելը նույնպես արդարացի չէ:  Այո, այդ դժգոհությունը պետք է տեսնել եւ այդ դժգոհության պատճառները պետք է բացահայտել, պետք է վերացնել միանշանակորեն: Բայց մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները բացատրել ուղղակի դժգոհություններով, կարծում եմ, ճիշտ չէ: Իհարկե, այնտեղ կային մարդիկ, որոնք եւ դժգոհությունից, եւ գուցե այլ դրդապատճառներով այնտեղ գնացել էին, բայց չտեսնել, որ այնտեղ կային մարդիկ, որոնք սադրանքների էին ընդունակ, որոնք հանցագործություններ են կատարել, որի արդյունքում ութ մարդ է զոհվել եւ 200 մարդ է վիրավորվել, սա կլինի երեսպաշտություն: Չտեսնել այդտեղ հավաքված մարդկանց տարանջատումը, նույնքան երեսպաշտություն է, որքան բոլորին համարել հանցագործներ: Պետք է ամեն ինչ շիտակ եւ ճիշտ տեսնել եւ ճիշտ գնահատել, որպեսզի չկրկնվի: Մենք ունեցել ենք երկու գործընթաց` քաղաքական եւ քրեական: Այն, ինչ այստեղ առաջարկվում է, միայն մեկ` քրեական խնդրի լուծմանն է ուղղված, ոչ ավելին:

Կարծում եմ հեշտ է նկատել, որ սա միայն օգնում է գործող օրենքի ավելի հստակեցմանը, բայց իրարից չտարանջատել սա, ամեն ինչ ներկայացնել որպես դժգոհություն, ուղղակի կոչ անել հանդուրժողականության եւ երկխոսության, բացարձակ արդարացի չէ: Որեւէ մեկը իրավունք չունի վաղը թույլ տալու, որ մի կաթիլ արյուն եւս թափվի` սրան է առաջարկը ուղղված, ուրիշ ոչնչի: Մի կաթիլ արյունը 100 հանրահավաքից ավելի բարձր է եւ թանկ արժե, էլ չեմ ասում` մեկ մարդու կյանքը: Մի մոռացեք, որ ութից յոթը հենց այդ հանրահավաքի մասնակիցների կյանքն էր, որ կորցրեց մեր ժողովուրդը: Եվ որեւէ մեկն իրավունք չունի թույլ տալ, որ դա եւս մեկ անգամ կրկնվի Հայաստանում, սրան է ուղղված այս առաջարկությունը, ուրիշ ոչնչի: Քաղաքական գործընթացները, իհարկե, պետք է ունենան իրենց ընթացքը, թեեւ ակնհայտ է, թե ովքեր են արձագանքում հանդուրժողականությանը, երկխոսությանը, այդ բառերը օգտագործել եւ հասցնել ծայրահեղության, չարժի: Պետք է կոնկրետ քայլ անել, այդ ո՞վ ցանկացավ հանդուրժողականության ուղղությամբ արված քայլին պատասխանել, համագործակցության ու երկխոսության ուղղությամբ մեկնած ձեռքը բռնել եւ արձագանք չունեցավ: Ոչ մեկը: Բոլորին արվել են այդ առաջարկությունները: Ես համաձայն չեմ այն տեսակետին, թե հնարավոր հանրահավաքների նկատմամբ համարժեք վերաբերմունք է: Բացարձակ` սա հանրահավաքների հետ կապ չունի, այլ այն հետեւանքների, որ չէինք սպասում, բայց ունեցան որոշ հանրահավաքներ: Ահա նման հետեւանքներից զերծ մնալուն են ուղղված այս առաջարկությունները, ուրիշ ոչինչ:

Օրենքի փորձաքննության մասին: Եթե այս օրենքը ընդունվի, մեկ-երկու օրից թարգմանվելու եւ ուղարկվելու է փորձաքննության: Բնական է, որ այս մի քանի ժամվա ընթացքում հնարավոր չէր դա անել: Այնպես, ինչպես գործող օրենքը մի շարք անգամներ փորձաքննության է ուղարկվել, հրավիրել ենք փորձագետների, ժամերով, օրերով աշխատել ենք իրենց հետ: Որեւէ մեկը չի ցանկանում գաղտնի ինչ-որ բան անել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ փորձաքննության է ուղարկվելու եւ լրջորեն փորձագետների հետ քննարկվելու են այդ հարցերը: Ինչ վերաբերում է այս նախագծին, ապա ես լիովին համաձայն եմ պարոն Մինասյանի հետ` այն, ինչ այստեղ նկարագրված է` առաջին մասի առաջին պարբերությունը, կա օրենքում, մեկ բան է արված` եկեք մասնագիտական կառույցներից ստանանք գնահատական եւ այդ գնահատականի հիման վրա թող քաղաքապետը որոշի` նման լուրջ խնդիրներ գոյություն ունեն, թե ոչ եւ հետո որոշում ընդունի: ործող օրենքի շրջանակներում կարող է եւ առանց այդ եզրակացության որոշում ընդունել: Հիմա ո՞րն է ավելի լավ` մասնագիտական կարծիքի հիման վրա եզրակացություն ստանալը, թե ոչ: Այդ եզրակացությունը ստանալու համար էլ ժամանակ է պետք: Երկու օր` սահմանվել է այդ ժամկետը, երբ պետք է իրազեկումը ներկայացվի: Երկու օր, որը սովորական ժամանակահատված է նման հարցեր լուծոլու համար Եվրախորհրդի անդամ բազմաթիվ երկրներում: Բացեք օրենքները եւ կարդացեք: Անընդհատ խոսում ենք միջազգային իրավունքից, բայց ամեն ինչ խառնվում է իրար: Գոնե մի քիչ պետք է ծանոթ լինել խնդրին, հետո այդ հարցադրումները ներկայացնել: Ասվում է` որ կար մեխանիզմ: Այո, կար: Ես էլ եմ գտնում, որ կար: Եվ հենց առաջին օրը, երբ ապօրինի հանրահավաքներ էին անցկացվում, պետք է ոստիկանությունը դադարեցներ այդ հանրահավաքները: Իհարկե, բայց համոզված եմ, այս նույն մարդիկ, որոնք ասում են` այս օրենքում կար այդ մեխանիզմը, հենց այդ մեխանիզմը կիրառվեր, սկսելու էին այստեղից տարբեր, մեղմ ասած, «ելույթներ» ունենալ: Սա է իրականությունը:

Կարելի՞ է այս նախագիծը բարելավել: Կարծում եմ` այո: Առաջին պարբերությունը, որը գրեթե ամբողջությամբ կրկնվում է, բացի գործող օրենքի «հավաստի տվյալներ» բառերից, «կարող են հանգեցնել» բառերից հետո առաջարկում եմ ավելացնել «անկարգությունների եւ հանցագործությունների»: Սրանով այս ձեւակերպման մեջ եւ կոնվենցիայի սահմանափակումները կամբողջանան, եւ հնարավորության կստեղծվի, որ 6-րդ կետը կիրառվի խիստ ծայրահեղ դեպքերում: Առաջին երկու պարբերությունը նույնպես հնարավորություն կտա բացահայտել նման խնդիրներ, եթե կան, եւ միանգամյա արգելքով խնդիրը լուծել: Կարծում եմ` սա ոչ միայն զուտ ‎ֆորմալ է` կոնվենցիայի դրույթները արտացոլելու համար, այլ մի հնարավորություն, որը թույլ կտա, որ գործնականում կիրառվի առաջին մեխանիզմը, որը առանց եզրակությունների մեր օրենքում գոյություն ունի:

Ասում են` եթե ինքնաբուխ հանրահավաքները վերածվեն զանգվածայինի, կազմակերպիչները ի՞նչ են անելու: Կազմակերպիչներ լինում են միայն զանգվածային, հրապարակային միջոցառումների ժամանակ, իսկ թե իրենք ինչ պիտի անեն, օրենքում հստակ գրված է: Պիտի ներկայացնեն իրազեկում` դրանից բխող բոլոր հետեւանքներով, օրենքը սահմանում է, թե ինչ պետք է արվի իրազեկումը ներկայացնելուց հետո: Իրազեկումն առաջին հերթին մասնակիցների անվտանգության ապահովմանն է ուղղված: Իհարկե` նաեւ ոչ մասնակից քաղաքացիների: Ասվում է` 350000 ձայն է տրվել, մնացածները, որ ձայն են տվել, հաշվի մեջ չե՞ն, կարելի՞ է 350000 ձայն հավաքել եւ ինչ-որ բաներ ցանկանալ անել, մի՞թե սա է ժողովրդավարությունը:

Ամփոփելով` ասեմ հետեւյալը. ես համոզված եմ, որ բոլոր առաջարկությունները, որոնք կօգնեն այս նախագիծը բարելավելու, որպեսզի մենք թույլ չտանք մեր երկրում նման ողբերգական իրադարձությունների կրկնումը, կարծում եմ, պիտի անպայման հաշվի առնվեն»:

Հարցն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո,  նախագծի համահեղինակ  Ռաֆիկ Պետրոսյանը ներկայացրեց վերջնական տարբերակը` ամբողջությամբ ընդունելու համար: Նախագծում չէին արտացոլվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների առաջարկները: Խմբակցության անունից ելույթ ունենալով` Լարիսա Ալավերդյանը մեջբերումներ կատարեց Սահմանադրությունից եւ ազգային անվտանգության հայեցակարգից, որտեղ մարդու իրավունքները եւ դրանց պաշտպանությունը ճանաչվում են որպես գերակա արժեք կամ ազգային անվտանգության անքակտելի մաս: Պատգամավոր Արտակ Դավթյանի առաջարկության հիման վրա` օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը` նախնական տարբերակով նախատեսված `տասներորդ օրվա փոխարեն:

Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվեց  90 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ: 

Սպառելով օրակարգը` արտահերթ նիստն ավարտեց աշխատանքը: 


17.03.2008
Սկսվեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքները
Մարտի 17-ին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերն սկսվեցին երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագծի եւ քառօրյա նիստերի օրակարգի հաստատումով: Այնուհետեւ ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված 20 օրենքի նախագծեր եւ վավերացրին միջազգային ...

17.03.2008
ԱԺ արտահերթ նիստ մարտի 17-ին
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` 2008 թ. մարտի 17-ին, ժամը 18.30-ին գումարվում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ հետեւյալ օրակարգով.1.«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am