National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.12.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
20.12.2007
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ». խորհրդարանական լսումների երկրորդ օրը

Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում շարունակվեցին ԱԺ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած  «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով  երկօրյա խորհրդարանական լսումները:

«Պարտադրված համագործակցություն» թեմայով  զեկույցով հանդես եկավ  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին նործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը:  Նա մասնավորապես ասաց. «Ինչու՞ պարտադրված համագործակցություն, եթե այն բխում է եւ Հայաստանի եւ Թուրքիայի կամավոր ստանձնած պարտավորություններից: Պարտադրված է, որովհետեւ  ստորեւ ներկայացված համագործակցության տարրերը չունեն հասարակական պահանջ, այլ հետեւանք են այլ ինստիտուտների առջեւ ստանձնած պարտավորությունների: Ես ցանկություն չունեմ վերլուծելու եւ ձեզ ներկայացնելու եզրակացություններ, ընդամենը հավաքել, սիստեմավորել եւ  ձեզ եմ ներկայացնում ինձ ծանոթ կայացած փաստեր: Կխոսեմ ընդամենը Հայաստան - Եվրոպական անվտանգության միջավայր համագործակցության շրջանակներում` Հայաստան - Թուրքիա համագործակցության մասին եւ վստահ եմ, որ կարելի է ընտրել բազմաթիվ միջավայրեր, որտեղ առկա է պարտադրված համագործակցություն:

1984 թվականին Ստոկհոլմում տեղի ունեցավ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կոնֆերանս, նպատակը` եվրոպական անվտանգությունը դարձնել կանխատեսելի, վերացնել հանկարծակի հարձակումների եւ լայնամասշտաբ հարձակողական գործողությունների պոտենցիալը: Այս նախաձեռնության շրջանակներում 1990 թ. նոյեմբերի 19-ին Փարիզում ստորագրվեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիր:

ԽՍՀՄ փլուզումից հետո 1992 թ. նոյեմբերին Տաշքենդյան համաձայնագրով ԵՍԶՈՒ-ն նորոգվեց եւ այսօր պայմանագիրը ունի 30 անդամ պետություն, այդ թվում` Հայաստանն ու Թուրքիան: Պայմանագրի անդամ երկրների համար սահմանված է հատուկ քվոտաներ` սովորական սպառազինության եւ տեխնիկայի համար:

1999 թ. ԵԱՀԿ շրջանակներում սկսեց գործել մի նոր համաձայնագիր` «Վիեննայի փաստաթուղթը», որը տարածվում է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների վրա: Այդ պայմանագրով սահմանափակվում է զորքերի եւ տեխնիկայի մեծաքանակ տեղաշարժերը: ԵՍԶՈՒ պայմանագրով ամենամյա տեղեկատվություն է տրամադրվում մինչեւ առանձին գումարտակի մակարդակ ստորաբաժանումների սպառազինության եւ տեխնիկայի քանակների մասին: Վերահսկվում են մարտական տանկերը, հետեւակի մարտական մեքենաները, հրետանային համակարգերը, մարտական ինքնաթիռները, մարտական ապահովման ուղղաթիռները:

Երկու պայմանագրերի անդամ պետությունների պարտավորությունների կատարումը ստուգելու համար` յուրաքանչյուր երկիր պարտավոր է ընդունել մյուս անդամ երկրների տեսչական խմբերին: Կախված զինված ուժերի քանակից յուրաքանչյուր երկիր ունի տեսչություններ ընդունելու իր քվոտաները: Հայաստանը ունի ԵՍԶՈՒ-ով` 4+1 ՀՀ-ում ՌԴ զորամասերում, Վիեննայի փաստաթղթով 3+1 գնահատման այց: Տեսչական խմբերը առաջին դեպքում կազմված են լինում մինչեւ 9 հոգուց, երկրորդ դեպքում` 4 հոգուց: Տեսչություն անցկացնելու մտադրության մասին ծանուցագրի մի օրինակ ուղարկվում է Վիեննայում տեղակայված Հակամարտությունների կանխարգելման կենտրոն, որպեսզի տարածվի բոլոր երկրներին, մի օրինակ էլ ընդունող երկրին: ԵՍԶՈՒ պայմանագրով ուղարկվող կողմը գալուց առնվազն 36 ժամ առաջ պետք է տեղեկացնի ընդունող կողմին, իսկ երկիր մտնելուց հետո 9 ժամվա ընթացքում ընդունող կողմը տեսչական խմբին պետք է հասցնի տեսչության վայր: Մի վայրում տեսչությունը կարող է տեւել առավելագույնը 48 ժամ: Մի երկիր տարեկան մեկ անգամից ավելի չի կարող ստուգել նույն երկրին:

Եվ Հայաստանը, եւ Թուրքիան մասնակցում են երկու պայմանագրերին: Որպես նշված պայմանագրերի անդամ երկիր` Թուրքիան ամբողջովին օգտագործում է մեկ անդամ երկրին մեկ այլ երկրում ակտիվ տեսչություն անցկացնելու իր քվոտան Հայաստանում: Թուրքիայի կողմից Հայաստանում մշտապես տարեկան անցկացվում է մեկական տեսչություն ԵՍԶՈՒ պայմանագրով եւ Վիեննայի փաստաթղթով, մեկ տեսչություն էլ անցկացվում է Հայաստանում տեղակայված ռուսական զորամասերում: Տեսչությունները անցկացվում են բաց եւ թափանցիկ, ամփոփիչ զեկույցներում երբեք լուրջ խախտումներ կամ խոչընդոտներ չեն արձանագրվել: 1999 թվականին Հայաստանը ԵՍԶՈՒ պայմանագրի շրջանակներում մեկ ակտիվ տեսչություն է անցկացրել Թուրքիայում:

1994 թվականին ստորագրվել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը, որով սկիզբ դրվեց ՆԱՏՕ-ի համագործակցությանը Եվրատլանտյան տարածաշրջանի եւ Միջին Ասիայի երկրների հետ: Դա պաշտպանական համագործակցության ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել գործընկեր երկրների ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակը` տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ հակամարտությունների կանխարգելման նպատակով: ԳՀԽ-ին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 26 եւ գործընկեր 23 երկրները:

Հանդիսանալով ԳՀԽ անդամ երկիր, Հայաստանը օգտվում է այն բոլոր իրավունքներից, ինչ որ մյուս բոլոր երկրները: Դրանք են` տրամադրվող աջակցության հավասարակշռված բաշխումը, մասնակցությունը ԳՀԽ շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումներին, որոնք նպաստում են փոխհամագործակցելիության մակարդակի բարձրացմանը, բազմազգ միջոցառումների հյուրընկալման հնարավորությանը եւ այլն: Յուրաքանչյուր տարի գործընկեր երկրները մշակում են ԳՀԽ շրջանակներում ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցության պլան` Անհատական գործընկերության ծրագիր` ԱԳԾ:

ԳՀԽ շրջանակներում Թուրքիա - Հայաստան շփումները նույնպես բավականին ակտիվ են: Մինչեւ 2004 թվականը /ՆԱՏՕ-ի հրամանատարական կառուցվածքը հիմնովին փոփոխվեց 2004 թվականին/ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը համադրող հրամանատարությունը Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ռազմավարական հրամանատարության Հարավ-Արեւելք միացյալ հրամանատարությունն էր: Մոտ 10 տարիների ընթացքում այդ հրամանատարությունը, որի անձնակազմի 70-80 տոկոսը ազգությամբ թուրք զինծառայողներ են համադրել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի հետ:

Հայաստանը 2000 թվականից է սկսել ակտիվորեն մասնակցել ԳՀԽ միջոցառումներին, իսկ հայ զինծառայողները իրենց կարողությունները առաջին անգամ ցույց են տվել 2002 թվականին Վրաստանում անցկացված «Համատեղ լավագույն ջանք» զինավարժության ընթացքում, որն անցկացվում էր Իզմիրի հրամանատարության կողմից, եւ որի ՆԱՏՕ-ական կողմի համանախագահը թուրք գեներալ էր: Այդ զորավարժության ընթացքում հայկական ջոկը ճանաչվել է լավագույնը եւ թուրք գեներալի կողմից պարգեւատրվել է պատվոգրով, նրա անունից գովասանքի նամակը ուղարկվել է ՀՀ ԶՈՒ ղեկավարությանը:
Ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ում որոշումները կայացվում են կոնսեսուսի սկզբունքով եւ Թուրքիան, համենայն դեպս բացահայտ, երբեք չի օգտվել իր իրավունքից խոչընդոտելու որեւէ միջազգային միջոցառում Հայաստանում անցկացմանը: ՀԽ շրջանակներում Հայաստանում անցկացված մի շարք խոշոր միջոցառումների Թուրքիան մասնակցել է լիիրավ մասնակցի կարգավիճակով` 2003թ. «Համատեղ լավագույն ջանք» զորավարժություն, 2004 թվականին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի արտագնա նիստ Հայաստանում: Ընդ որում` 2003 թվականին զորավարժության ՆԱՏՕ-ական կողմի համանախագահը ազգությամբ թուրք էր:

ԳՀԽ շրջանակներում Թուրքիայում իրականացվող միջոցառումները նույնպես   մշտապես բաց են եղել Հայաստանի համար: ԳՀԽ շրջանակներում Թուրքիայում դասընթացներ եւ սեմինարներ հյուրընկալող հաստատությունները երկուսն են` Անկարայի ուսումնական կենտրոնը եւ Ահաբեկչության դեմ պայքարի ՆԱՏՕ-ի գերազանցության կենտրոնը, ի դեպ երկու կենտրոնների միջոցառումներին Թուրքիան մշտապես հրավիրում է նաեւ Հայաստանին: 2004 թվականին Հայաստանը մասնակցել է Թուրքիայում տեղի ունեցած համակարգչային զորավարժությանը, իսկ 2003թ.-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ -պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ընդունելով Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետի հրավերը ՆԱՏՕ-ում, ՀՀ առաքելության ղեկավարի հետ մասնակցել է ՆԱՏՕ-ական «Դաշնային գործողություն» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվան: Միջոցառման ընթացքում գեներալ գնդապետ Միքայել Հարությունյանին հյուրընկալել է Թուրքիայի ԶՈՒ հրամանատար գեներալ Օզքյոքը եւ ՆԱՏՕ-ի «Հյուսիս» օպերատիվ հրամանատարության հրամանատարի տեղակալ թուրք գեներալ - լեյտենանտ Քարաբայլը, որը ժամանակին զբաղեցրել էր Կարսի բրիգադի հրամանատարի պաշտոնը: Թուրքական արարողակարգային ծառայությունը շատ բարձր մակարդակով եւ առանձնակի ուշադրութամբ է կազմակերպել հայ գեներալի այցը Թուրքիա:

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Հարվարդի համալսարանի կողմից ստեղծվել է Սեւծովյան տարածաշրջանային անվտանգության համաժողովը: Դրա շրջանակներում ամենամյա սեմինարներ են կազմակերպվում տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար: 2004-2005 թթ. այդ ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատվիրակությունները  մասնակցել են Թուրքիայում կազմակերպվող միջոցառումներին: Գործընկեր երկրների հետ համագործակցության կազմակերպման համար ՆԱՏՕ-ում գործում է Գործընկերության համադրման կենտրոնը, որտեղ 1998 թվականից ՀՀ ՊՆ-ն ունի մշտական ներկայացուցիչ: 2002-2004 թթ. ռոտացիոն սկզբունքով կենտրոնի ղեկավարման օրոք առաջին անգամ գործընկերության համադրման օղակի ղեկավարն այցելել է Հայաստան` 2003 թվականի սեպտեմբերին: Կենտրոնում Հայաստանի հետ համագործակցության սպայի պաշտոնը մշտապես տրվում է Թուրքիայի ներկայացուցիչներին:

 ՆԱՏՕ-ի հետ գործընկեր երկրների համագործակցության կարեւոր «Պլանավորում եւ վերանայման գործընթաց» կամ «Անհատական գործընկերության գործողության ծրագիր» ծրագրերը հաստատվում են 26+1 ֆորմատով: Ծրագրերի մշակմանը մասնակցում է ՆԱՏՕ-ի պլանավորմանը եւ քաղաքականության դիրեկտորատի պատվիրակությունը, սակայն քննարկման է դրվում ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրների եւ գործընկեր երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ` 26+1: Փաստաթուղթը սովորաբար ընդունվում է «Լռության ընթացակարգով»: ՆԱՏՕ-ն ներկայացնող թուրք սպաներ բազմիցս մասնակցել են ՀՀ ՊՎԳ, ԱԳԳԾ եւ այլ ծրագրերի խորհրդատվական հանդիպումներին: ՆԱՏՕ-ի հետ ՊՎԳ եւ ԱԳԳԾ ծրագրերի ընդունման եւ գնահատման փաստաթղթերի քննարկումները նույնպես անցկացվել են 26+1 ֆորմատով եւ ընդունվել կոնսենսուսի սկզբունքով: Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր ակտիվ մասնակցություն է ունենում այդ քննարկումներին: ՊՎԳ քննարկումների ընթացքում Թուրքիայի հետ անհամաձայնությունները հիմնականում վերաբերել են փաստաթղթի այն դրույթներին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի ոչ կառուցողական մոտեցումներին: 2004 թվականի ապրիլին կայացած ՊՎԳ վերաբերյալ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական կոմիտեի նիստի ընթացքում ընդունվել է արձանագրություն: Հայկական կողմի ներկայացրած ՊՎԳ փաստաթղթի առաջին տարբերակում թուրքական կողմն անընդունելի էր համարել Թուրքիայի վերաբերյալ քաղաքական շեշտադրումները եւ սպառնացել էր վետո դնել փաստաթղթի ընդունման վրա: Թուրքական կողմը լուրջ անհամաձայնություն ուներ ԼՂՀ կարգավորման շուրջ մեր ձեւակերպումներին եւ հանդես եկավ հայտարարությամբ: Հայկական կողմը իր առարկություններով հանդես եկավ նոր հայտարարությամբ եւ ՆԱՏՕ-ի քաղաքական կոմիտեի միջնորդությամբ արվեցին նոր ձեւակերպումներ:

Նախնական տարբերակ.
«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտությունը ԵԱՀԿ շրջանակներում խաղաղ ճանապարհով կարգավորելու գաղափարին եւ վստահ է, որ դեռ սպառված չեն բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակով խնդիրը կարգավորելու Մինսկի խմբի պոտենցիալն ու կարողությունները»:

Թուրքական կողմը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

«Հայտարարությունների հետ համընթաց Հայաստանը պետք է մեծացնի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ հակամարտությունը պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի եւ համընդհանուր ընդունված նորմերի շրջանակներում, որոնք հարգում են երկրների տարածքային ամբողջականությունը»:

Վերջնական տարբերակ.
«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտությունը ԵԱՀԿ շրջանակներում խաղաղ ճանապարհով կարգավորելու գաղափարին եւ վստահ է, որ դեռ սպառված չեն բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակով խնդիրը կարգավորելու Մինսկի խմբի պոտենցիալն ու կարողությունները: Լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների, հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: ԱԾԳԳ  ներկայացման փաստաթղթի նախնական տարբերակում հայկական կողմը մեր շուրջը ձեւավորված անվտանգության միջավայրի հայ - թուրքական բաղադրիչը ձեւակերպել էր հետեւյալ կերպ.

Հայ-թուրքական հարաբերությունների խնդրահարույց ժառանգությունը, որն ուժգնանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությամբ, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մերժումը, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ գործադրվող ստիպողական բնույթի տնտեսական միջոցները եւ առհասարակ երկու դրացի պետությունների միջեւ հարաբերությունների անորոշությունը:

ՆԱՏՕ-ի փորձագետները անընդունելի համարեցին մեր ձեւակերպումները եւ պնդեցին, որ Թուրքիան կօգտվի իր վետոյի իրավունքից: Հետագայում այդ պարբերությունը ամբողջովին հանվեց եւ «հարաբերությունները հարեւանների հետ» բաժնում ստացավ հետեւյալ ձեւակերպումը:

«Թուրքիայի հետ պաշտոնական հարաբերությունների հասատատում` հեռանկարում ունենալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության ուղիների հարթումը: Հայաստանը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների եւ, ընդհանուր առմամբ,  Հարավային Կովկասի շահերից, ինչը համահունչ կլինի եվրոպական լավ դրացիության նորմերին»:

Պարտադրված համագործակցությունը էլ ավելի ընկալելի լինելու համար մեջբերում եմ ԱԾԳԳ փաստաթղթի «Հարաբերությունները հարեւանների հետ» գլխի Թուրքիային վերաբերող մասը, առանց մեկնաբանությունների:

«Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ: Հայաստան - Թուրքիա միջպետական հարաբերությունները հիմնվում են գլխավորապես Հայաստանի անկախության ճանաչման մասին Թուրքիայի հայտարարության, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի իրավապայմանագրային համակարգի, ԵՍԶՈՒ պայմանագրի, Սեւծովյան տարածաշրջանային համագործակցության / ՍԾՏՀ/ շրջանակներում փոխգործակցության վրա: Հայ-թուրքական պաշտոնական շփումները հիմնականում իրականացվում են միջազգային կառույցների շրջանակներում»:

Հայաստանը հանդես է գալիս առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հարավկովկասյան տարածաշրջանում Թուրքիայի դրական ներգրավվածության օգտին եւ շարունակելու է ձեռնարկել համապատասխան քայլեր Թուրքիայի հետ իր հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Հարկ է նշել, որ հայ - թուրքական սահմանը միեւնույն ժամանակ հանդիսանում է նաեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի սահման: Եթե այն փակ չլիներ, ապա անկասկած ավելի կմոտեցներ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն եւ շատ ավելի լայն հնարավորություններ կտար Հայաստանին խորացնելու հարաբերությունները Դաշինքի հետ:

Տարածաշրջանային համագործակցությանն ուղղված այնպիսի միջազգային ծրագրերը, ինչպես օրինակ ՏՐԱՍԵԿԱ-ն, կարող են կարեւոր լծակ հանդիսանալ հայ-թուրքական սահմանի բացման, ինչպես Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման համար: Այս ձեռքբերումները զգալիորեն կնպաստեն կողմերի միջեւ ներկայումս երրորդ երկրների միջոցով արդեն իսկ իրականացվող առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը եւ այդ բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների կարգավորումը մեծապես կնպաստի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Հայաստանը հավատում է, որ Դաշինքի, Եվրամիության եւ այլոց կողմից քաջալերվող եւ դրականորեն ազդող երկխոսությունն անխուսափելիորեն կառաջնորդի դեպի հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:

ԱԺ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի Արմեն Ռուստամյանն իր  զեկույցում ասաց. «Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների տարբեր փուլերում հայ-թուրքական հարաբերությունների ունեցած  յուրօրինակ տեղով եւ դերակատարությամբ է պայմանավորված եղել  թե այդ հարաբերությւոններին բնորոշ հիմնախնդիրների սրությունը եւ բազմազանությունը, թե այդ հարաբերությունների կարգավորման դժվարություններն ու առանձնահատկությունները:

Կուտակված հիմնախնդիրների ողջ ծավալն ու փոխկապակցվածությունն է պայմանավորում այդ հարաբերությունների բարդությունը եւ տարողունակությունը: Սա է պատճառը, որ ցանկացած, նույնիսկ ամենաանմեղ առաջարկ` ուղղված հարաբերությունների բնականոնացմանը, ի վերջո առանց ողջամիտ պատճառաբանությունների արժանանում է մերժման` լինի դա սահմանների բացումը կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, թե անգամ պաշտոնական երկխոսության որեւէ ձեւաչափի ստեղծումը: Ուստի հարաբերությունների կարագավորման արդյունավետ միջոցներ գտնելու համար հնարավոր չէ շրջանցել այս իրավիճակի առաջացման իրական պատճառները:

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա ճգնաժամի բուն պատճառը գտնելու բանալին թաքնված է հենց Թուրքիայի կողմից այդ հարաբերությունների հաստատման համար Հայաստանին ներկայացվող նախապայմանների մեջ: Չնայած, որ նման կերպով հարցադրումն արդեն ինքնին անհասկանալի է եւ չի կարող քաղաքակիրթ կեցվածքի օրինակ համարվել, երբ իր կողմից հարաբերությունների հնարավոր հաստատումն արդեն փորձ է արվում մատուցել որպես մեծագույն պարգեւ մյուս կողմին, եւ ի սկզբանե ենթադրում է երախտագիտության դրսեւորում սեփական մեծահոգության դիմաց: Այդուամենայնիվ, չափազանց կարեւոր է պարզել այդ նախապայմանների բուն նպատակն ու շարժառիթները եւ, որ ամենակարեւորն է, ճշտել դրանց իրավաչափությունը եւ միջազգային նորմերին եւ սկզբունքներին համապատասխանությունը:

Ինչպես հայտնի է պաշտոնական տարբեր մակարդակներով Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող նախապայմանները ընդհանուր առմամբ հանգում են հետեւյալին. միակողմանիորեն ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը Կարսի պայմանագրի կրկնակի վավերացման միջոցով: Ապահովել Նախիջեւանի տարածաշրջանի ապահով կապը Ադրբեջանի մնացած տարածքի հետ: Դադարեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը` զորքերը դուրս բերելով Ղարաբաղից եւ հարակից տարածքներից:

Թուրքիան վերոնշյալ նախապայմաններից առաջինը ինչ-որ կերպ առարկայական դարձնելու համար է հղում կատարում Կարսի պայմանագրի վրա: Դա կատարում է հատկապես այն պատճառով, որ Կարսի պայմանագիրը` չնայած  դե յուրե ուժ չունեցող, սակայն  հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող դե ֆակտո գործող միակ փաստաթուղթն է: Սակայն, այս պայմանագրի հետ կապված խնդիրների  ամենահպանցիկ ուսումնասիրությունն անգամ ի ցույց է դնում Թուրքիայի այս նախապայմանի անհիմն լինելը:

Նախ Երեւանը «չճանաչելու» հետեւություններին տեղիք տվող որեւէ քայլ չի կատարել, ընդհակառակը, հայտարարել է, որ ժառանգորդն է  Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, որով ուժի մեջ է թողել վերջինիս կողմից կնքված բոլոր պայմանագրերը, հատկապես, երբ դրանց փոխարինող նոր պայմանագրեր չեն կնքվել կամ դրանց ճանաչման վերաբերյալ հայտարարություններ չեն արվել: Ավելին, պայմանագրի կրկնակի վավերացման պահանջով Թուրքիան ինքն է հարցականի տակ դնում սույն պայմանագիրը: Որքան էլ դա տարօրինակ է, բայց Թուրքիան սրա համար լուրջ հիմքեր ունի: Նախ` պայմանագիրը իրավական առումով ունի բազմաթիվ թերություններ /ինչի մասին մանրամասն արդեն խոսվեց լսումների ժամանակ/: Կրկնակի վավերացման պահանջով փորձ է արվում ոչ թե վերացնել թերությունները նոր քննարկում սկսելով, այլ այդ թերությունների անմիջական պատասխանատվությունը մեխանիկորեն դնել նորանկախ Հայաստանի Հանրապետության  վրա:

Մասնավորապես, Թուրքիա պետության փոխարեն Թուրքիա հասկացությունն է օգտագործված, որի նկարագրված տարածքը էապես փոխվել է համեմատած այսօրվա Թուրքիայի տարածքի հետ: Խնդիրներ են  առաջանում թե Իրանի, թե Իրաքի, թե Հայաստանի հետ: Թուրքիան իր մասով, իսկ Ադրբեջանն էլ իր մասով շարունակում են խախտել պայմանագրի իրենց վերաբերող պահանջների մի զգալի մասը, որոնց մասին եւս խոսվել է արդեն: Ի դեպ, ինչ վերաբերում է Թուրքիայի նախապայմանների մեջ  Նախիջեւանի հիշատակմանը, սա վկայում է սոսկ այն մասին, որ Թուրքիան Նախիջեւանի հետ կապված լուրջ եւ հիմնավոր մտահոգություններ ունի: Իսկ պատճառը չափազանց պարզ է` Կարսի պայմանագիրը բոլորովին այլ կարգավիճակ է սահմանում այս տարածաշրջանի համար, որը հակասում է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի ռազմավարական շահերին: Ըստ Թուրքիայի կողմից  այդքան կարեւորված Կարսի պայմանագրի, Նախիջեւանը մի տարածք է, որի նկատմամբ Թուրքիան որեւէ իրավունք չունի, իսկ Ադրբեջանին այն հանձնվել է` որպես ինքնավար տարածք պահել իր հովանավորության տակ, ոչ թե սեփական կազմի մեջ ընդգրկել` որպես ունիտար պետության մի մաս: Հետեւաբար, տարածքային ամբողջականության միակողմանի ճանաչման վերաբերյալ Հայաստանին ներկայացվող Թուրքիայի պահանջը բոլորովին անհիմն է եւ չի բխում միջազգային համապատասխան նորմերից: Ավելին, Կարսի պայմանագրի կրկնակի վավերացման պահանջի առաջադրումը միջազգային օրենքների եւ Հայաստանի ու նրա քաղաքացիների իրավունքների կոպտագույն խախտում է: 

Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու  նախապայմանը դնելով` Թուրքիան հետապնդում է ինչպես առավելագույն, անպես էլ նվազագույն նպատակ: Առավելագույնը խուսափելն է որեւէ պատասխանատվությունից այս հարցում` թե  բարոյական, թե նյութական: Նվազագույնն  այն է, որ եթե ճանաչումն անխուսափելի է դառնում, ապա խոսք անգամ չպետք է լինի հատուցման մասին, լինի դա նյութական կամ մանավանդ տարածքային:  Սակայն ում ում, բայց Թուրքիային քաջ ծանոթ են միջազգային իրավունքի նորմերը, որոնք կասկածի տակ չեն առնում, օրինակ վնասների հատուցման անհրաժեշտությունը: Որովհետեւ սեփականության իրավունքը սրբազան է եվրոպական արժեքային համակարգում, ներառյալ բարոյական կամ մշակութային ընդհանուր ժառանգությանը պատճառած վնասների հատուցման անհրաժեշտությունը: Ահա, թե ինչու Թուրքիան, ձգտելով հասնել միմիայն առավելագույնին, հրաժարվում է հայոց ցեղասպանության ճանաչումը գոնե իր բարոյական պարտքը համարել: Ավելին, քաջ գիտակցելով, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը այլեւս անկասելի եւ անշրջելի գործընթաց է`  կատարում է քայլեր եւ ներկայացնում պահանջներ Հայաստանին, ինչպես նաեւ ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին, որոնք իրենց բնույթով ավելի ու ավելի աբսուրդի են վերածվում:

Մասնավորապես, հստակ գիտակցելով, որ Հայաստանի, որպես ողջ հայության ներկայացուցչի, վճռական կեցվածքը` ստանձնել ցեղասպանությանը զոհ դարձած իր ժողովրդի շահերի հետեւողական եւ ամբողջական պաշտպանությունը, նոր որակ ու թափ է հաղորդել այդ ոճրի միջազգային ճանաչման գործընթացին, իր նախապայման-պահանջով, փաստորեն,  փորձում է Հայաստանին դարձնել իր «դաշնակիցը» այս թափ հավաքող գործընթացը ձախողելու համար: Քանզի, ակնհայտ է, որ այս ընթացքով հայող ցեղասպանության ճանաչման գործընթացը վեր է ածվելու ինքնուրույն միջազգային գործընթացի: Արդյունքում, միջազգային հանրությունը Օսմանյան Թուրքիայում կատարվածը գնահատելու է որպես մարդկության դեմ գործված ոճիր, իսկ հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դրա հետ կապված հարցերը քննարկվելու են որպես միջազգային դատարանին ընդդատյա գործ:

Սակայն մեծագույն աբսուրդն այն է, որ Թուրքիան մի կողմից խուսափելով ցեղասպանության ճանաչումից, իսկ մյուս կողմից ձգտելով խափանել միջազգային դատարանում գործի հնարավոր քննությունը` ստանձնել է մարդկության դեմ գործված ոճիրը դատապարտողներին դատապարտողի եւ իրեն իսկ վերաբերող մեղադրանքը վճռահատող դատավորի անփառունակ դերը:  Հետեւաբար, այս նախապայմանը ոչ միայն անպարկեշտության ու ցինիզմի բացառիկ դրսեւորում է, այլ դրա ընդունումն ինքնին դատապարտելի է: Ավելին, առավել քան անհեթեթ ու անբարո է պահանջել ողջ հայությունից  սրտից ու մտքից ջնջելու  իր  մեծ ողբերգության հետքերն ու հիշողությունը, երբ հենց ինքը Թուրքիան նման պայմանի մասին բարձրաձայնելով արդեն իսկ փաստում է իր մեղքը եւ սեփական վախը արդարադատությունից: Սակայն, Թուրքիայի ուշագրավ նախապայմաններից մեկը, կարելի է ասել իր համար այսօր անմիջական կիրառություն ունեցողը, որը    միեւնույն ժամանակ նաեւ ամենաանտրամաբանականն ու բուն ենթատեքստից կտրվածն է` դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված նախապայմանն է: Պարզից էլ պարզ է, որ ժամանակակից աշխարհում ընդունված չէ երկու երկրների միջեւ հարաբերությունները պայմանավորել երրորդ երկրով: Սակայն, հենց այս հանգամանքն է առավերապես բացահայտում Թուրքիայի փաստացի կարգավիճակը հայ-թուրքական հարաբերությունների առումով  եւ իրական նպատակները` կապված տարածաշրջանային կամ  ընդհանրապես իր ազգային ռազմավարական ծրագրերի հետ:

Այս կեցվածքով Թուրքիան, ըստ էության, ոչ այնքան Հայաստանի հետ պատշաճ հարաբերություններ չհաստատած հարեւան երկիր է, որքան պաշտոնապես չհայտարարված հակամարտության կողմ: Եվ դա լիովին տեղավորվում է այն տրամաբանության մեջ, ըստ որի Թուրքիան եւ Ադրբեջանը միեւնույն ժողովրդի երկու պետություններն են, ուստի, մեկի համարտությունը մյուսի էլ հակամարտությունն է: Չնայած, քաղաքակիրթ աշխարհում այլ օրինակներ էլ կան, ըստ որի Կիպրոսի հույների հետ էթնիկ իդենտիկություն ունեցող Հունաստանը առկա հակամարտությունը պատճառ չի դարձնում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու համար, ընդհակառակը, անմիջական շփումների միջոցով նպաստում է հարցի լուծմանը:

Արդ ո՞րն է պատճառը...

Եթե իրականում նախապայմանները հենված չեն անառարկելի փաստերի վրա, կամ էլ հարաբերություններ ձեւավորելու համար պարտադիր չեն, ուրեմն, հարաբերության հաստատումը չի տեղավորվում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի աշխարհառազմավարական ծրագրերի մեջ: 

Արդ ի՞նչն է ընկած այդ ծրագրերի հիմքում: Հիրավի ոչինչ նոր չէ այս արեւի տակ եւ դրանք ըստ ամենայնի ծրագրեր են, որոնց առաջնորդող գաղափարը շարունակում է մնալ պանթուրքիզմը` իր քողարկված կամ բացահայտ դրսեւորումներով:

Գնահատվելով որպես հետապնդած ռազմավարական նպատակներին եւ աշխարհաքաղաքական նոր իրողություններին առավել համապատասխանող եւ կենսունակ գաղափարախոսություն` պանթուրքիստական գաղափարները  Թուրքիայում նորովի ընկալվելով, կարծես սկսում են ապրել նոր վերածնունդ: Այդ վերածնունդը նոր թափ ստացավ հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ նախկին Միության տարածքում առաջացան մի շարք ինքնիշխան թուրքալեզու պետություններ, ինչպես նաեւ Թուրքիայի հետ էթնիկ համերաշխություն դրսեւորող եւ առավել անկախ կարգավիճակ պահանջող այլ ինքնավար կազմավորումներ: Եվ պատահական չէր, որ արդեն Բելովեժյան համաձայնություններից հետո Թուրքիայի վարչապետ Թիմուր Օզալը հռչակեց կարգախոս «Մեծ Թուրան` Միջերկրական ծովից մինչեւ չինական պարիսպը»: Իսկ բոլորովին վերջերս Անթալիայում կայացավ 10-րդ Միջազգային թուրքական կուրուլտայը` Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի պատվիրակների մասնակցությամբ: Համաժողովի արդյունքներով ընդունված փաստաթուղթը կոչ է ուղղում թուրքալեզու պետություններին մշակել միասնական քաղաքականություն` կապված Աֆղանստանում, Իրաքում, Պաղեստինում եւ Լիբանանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ կիպրոսյան եւ ղարաբաղյան հիմնախնդիրների լուծման հետ:

Այսպիսով, ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության բազմավեկտորության միջից ավելի ու ավելի է սկսում զգացվել պանթուրքիզմի շունչը: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների վիճակը պատմականորեն  եղել է այդ փաստի լավագույն ինդիկատորներից մեկը:

Այս հանգամանքի նորօրյա դրսեւորումն այն է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ հայկական գործոնի, որպես իր ծրագրերի իրականացման համար լուրջ սպառնալիքի չեզոքացումն է` Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու միջոցով: Սա անխուսափելիորեն առաջացնում է Հայաստանի անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներ, իսկ հարաբերությունների կարգավորման թուրքական սցենարը` լուրջ սպառնալիք Հայաստանի շահերին: Նման իրավիճակում պարտադիր է դառնում, որ այդ հարաբերությունների բնույթը կարգավորման ամեն փուլում լինի այնպիսին, որ մի կողմից չխարխլի մեր ազգային անվտանգությունը, թուլացնելով եղած անվտանգության համակարգը, մյուս կողմից նպաստի դրա նորացմանը եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը:

Սակայն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող խնդիրներ առաջացնում է նաեւ նույն գաղափարների վրա հիմնված Թուրքիայի ձգտումը` ստանձնել տարածաշրջանային առաջատարի դերակատարություն եւ ապահովել «տարածաշրջանի զարգացումն առանց Հայաստանի» բանաձեւի ամբողջական գործադրումը: Սրանում Թուրքիային այստեղ գլխավորապես կաշկանդում է միայն այն, որ այդ ծրագրերը չեն տեղավորվում արդի համաշխարհային գործընթացների տրամաբանության մեջ: Եվ այդ պատճառով նրա վարքագծում  անխուսափելիորեն երկակի ստանդարտների կիրառման, խոսքի եւ գործի հակասությունների դեպքերը դառնում են ավելի ու ավելի հաճախակի:

Սա ավելի ակնառու է դառնում մանավանդ այն ժամանակ, երբ Թուրքիան ձգտում է համատեղել սեփական աշխարհաքաղաքական նկրտումները Եվրամիության իր անդամակցության հետ: Դրա հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան նպատակ է դնում անդամակցել Եվրամիությանը ոչ այնքան խորապես եվրոպական դառնալու միջոցով, որքան խաղարկելով իր աշխարհաքաղաքական հաղթաթղթերը եւ ստիպելով Եվրոպական Միությանը հաշվի նստել դրա հետ: Պետք է խոստովանել սակայն, որ այս մարտավարությունը որոշակի պտուղներ արդեն իսկ տալիս է: Թեկուզ այն փաստը, որ Եվրոպական Միությունը անդամակցության աննախադեպ գործընթաց է սկսել մի երկրի հետ, որը շարունակաբար ոտնահարում է Եվրամիության հիմնարար սկզբունքները, մի երկրի հետ, որը ոչ միայն չի փորձում կարգավորել հարաբերությունները եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ ընդգրկված իր հարեւանի հետ, այլ  հրաժավում է ընդհանրապես հաստատել դիվանագիտական որեւէ կապ նրա հետ, Եվրոպայի աչքի առաջ` փակ պահելով ցամաքային սահմանը: Ավելին, հրաժարվելով ճանաչել Եվրամիության անդամ երկրին` ոտնձգություններ կատարել նրա նկատմամբ: Հիրավի Եվրամիության գոյությունից  ի վեր այսպիսի փաստ երբեք չի արձանագրվել: Հետեւաբար, Թուրքիայի անդամակցումը Եվրոպական Միության կարող է իսկապես բարենպաստ լինել Հայաստանի համար, եթե իր ողջ բովանդակությամբ եվրոպական երկիր դառնալը Թուրքիայի համար անկեղծ նպատակ է, այլ ոչ թե լոկ միջոց նոր թափ հաղորդելու իր պանթուրքիստական նկրտումներին:

Միայն այդպիսի եվրոպական Թուրքիան կարող է գիտակցել, որ ոչ միայն պետք է օր առաջ հրաժարվել վերջնագրային բնույթ ունեցող  նախապայմաններից, այլ ընդհակառակը` հենց քաղաքակիրթ երկրին վայել կեցվածքով, ճանաչելով հայոց ցեղասպանությունը տարանջատվել Օսմանյան կայսրությունից, ինչպես նաեւ պահպանելով դրական չեզոքություն Ղարաբաղյան խնդրում, ստանձնել խաղաղարար դերակատարություն:

Այսպիսով, տարածաշրջանային լիարժեք անվտանգ համակարգ ունենալու հեռանկարը առանց չափազանցության ուղղակիորեն կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից: Սա փաստելու համար բավական է ընդունել, որ պետք է նախեւառաջ հավատարիմ մնալ հարաբերություններ կառուցելու միջազգային հիմնարար սկզբունքին` տարակարծություններն ու հակասությունները լուծել բացառապես խաղաղ միջոցներով` հրաժարվելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:  Չի կարող երեք հանած մեկ բանաձեւի հիման վրա  հաստատվել անվտանգություն եւ կայունություն այս տարածաշրջանում, քանզի ապագան տարածաշրջանային ինտեգրումն է, այլ ոչ թե նորանոր բաժանարար գծերի ստեղծումը: Անհրաժեշտ է անվերապահորեն ընդունել այն սկզբունքը, որ տարածաշրջանի ներդաշնակ զարգացմամբ է պայմանավորված նրա մաս կազմող յուրաքանչյուր երկրի անվտանգությունն ու բարօրությունը: Տարածաշրջանում անվտանգության նոր ճարտարապետության ներդնումը անհնար է առանց տարածաշրջանին սահմանակցող բոլոր երեք պետությունների /Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա/ համաձայնության, մասնակցության  եւ փոխշահավետ համագործակցության:

Վստահաբար կարելի է պնդել, որ եթե այս սկզբունքների վրա բոլոր շահագրգիռ կողմերը կառուցեն իրենց դիվանագիտությունը, որքան էլ դժվար ու ծանր լինի այսպիսի ճանապարհը, այն ի վերջո կհասցնի հաջողության: Որտեղ չեն լինի հաղթողներ ու պարտվողներ եւ բոլորը հավասարապես կօգտվեն ընդհանուր հաղթանակի պտուղներից»:     

ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ լսումները միջպետական հարաբերություններում, որակապես նոր հարաբերություններ ծավալելու առումով, հավակնոտ են եւ արդարացված: Լսումների օրակարգը շատ կարեւոր է եւ ժամանակի առումով` պատեհ: Նրա խոսքով հայ թուրքական հարաբերություններն իրենց աշխարհաքաղաքական կարեւորությամբ, քաղաքական հեռանկարների տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն իրականացնելու համար, թեեւ Հայաստանը որպես գործընկեր, Թուրքիայի համար հետաքրքրություն չի ներկայացնում: Հայաստանի բոլոր փորձերը` ձեւավորել քիչ թե շատ հասկանալի, տարածաշրջանի կայուն զարգացմանը միտված հայ-թուրքական հարաբերություններ, ապարդյուն են անցել: Պարոն Հարությունյանի համոզմամբ` հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի իշխանությունների քաղաքական վարքագծի հետեւանքով հայտնվել են փակուղում: Թուրքիայի նպատակներից մեկն է` հայ-թուրքական հարաբերությունները պատանդ պահել  որոշ հարցադրումների առումով եւ դրանով խոչընդոտել զարգացմանը: Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը քաղաքական նպատակ է հետապնդում: Նման իրավիճակներում ամենաարդյունավետը խորհրդարանական դիվանագիտության զինանոցը գործի գցելն է:  Նշվեց, որ ժամանակն է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը եւ  Հայաստանի խորհրդարանը պետք է միջխորհրդարանական տարբեր կառույցներում, հատկապես` ԵԽԽՎ շրջանակում հայ-թուրքական մշտական քաղաքական կոնսուլտացիաներ ձեւավորելու անվան տակ գործողություններ սկսի: Նրա կարծիքով` անհրաժեշտ է  ստեղծել պատգամավորական խումբ կամ հանձնաժողով, որը փորձառու փորձագետների հետ կարող է  երկարաժամկետ զբաղվել այս խնդրով: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար բացառիկ կարեւոր նշանակություն ունի, այն ուղղակի առնչվում է մեր երկրի  անվտանգության հետ: «Քանի դեռ կա փակ սահման, կան անհասկանալի հարցադրումներ, մենք չենք կարող մեզ լիարժեք անվտանգ զգալ: Հայաստանը, լինելով եվրոպական ընտանիքի անդամ, իրավունք ունի մտահոգվել իր անվտանգության ապագայով: ...Ցեղասպանության ճանաչումը լոկ պատմական արդարության վերականգնում չի նշանակում, հայաստանցիների համար դա նաեւ անվտանգության ապահովման խնդիր է»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի   համոզմամբ`  անհրաժեշտ է բոլոր  միջազգային կառույցներում ամեն ջանք գործադրել` ցույց տալու, որ Թուրքիան բոլորովին էլ չի փոխվել, հակառակը` ինքը կարող է ազդել եվրոպական արժեհամակարգի վրա:

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի խոսքով` Հայաստանը  չպետք է խաբվի նրանով, որ այսօր առաջադրված նախապայմաններն ընդունելու դեպքում ամեն ինչ հարթ կլինի: «Այսօր երկու կարծիք կա` Թուրքիան նույն Օսմանյան կայսրության Թուրքիան է, մշտական վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, պետք է մշտապես աչալուրջ լինել եւ բանավեճի մեջ գտնվել այդ երկրի հետ: Այս մոտեցման կողմնակիցները մտքում պահում են ՌԴ-ն: Երկրորդ մոտեցման կոմնակիցներն ասում են` եկեք հաշտվենք անցյալի հետ եւ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատենք` ելնելով այսօրվա իրավիճակից: Ես կարծում եմ` երկու մոտեցումն էլ հեռանկարային չի: Ես չեմ պնդում, որ Թուրքիան այնպես է փոխվել, որ բոլորովին ուրիշ է, բայց չպետք է ծայրահեղ մոտեցումներ ցուցաբերել: Թուրքիայում եղել են խորքային փոփոխություններ, բայց դրանք անհամաչափ են, Թուրքիայում ներքին բանավեճ կա, վկա այն մտավորականները, որոնք բարձրաձայնում են ցեղասպանության մասին: ...Թուրքիան այսօր դեռ այն վիճակում չի, պատրաստ չի, որ երկու երկրների միջեւ զարգանան այն հարաբերությունները, որոնք ցանկալի են հարեւան պետությունների միջեւ:  Թուրքիայի հետ հարաբերություններում մենք կորցրած կողմ ենք, բայց պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ սկսելուն, եւ սա արժանապատիվ մոտեցում է, որը պետք է առաջ տանել»:

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Հայկարամ Նահապետյանը   նշեց, որ ադրբեջանցիները եւ թուրքերը ակտիվ հակահայ քարոզչություն են իրականացնում, որի հետեւանքն արդեն հայկական սփյուռքը զգում է:  Նրա կարծիքով` հայկական կողմը կարող է որպես պատասխան քայլ տվյալ երկրներում սերտացնել հայկական սփյուռքի եւ հայկական կողմին սատարող էթնիկ խմբերի համագործակցությունը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հույս հայտնեց, որ քննարկումները հնարավորություն կտան մեկտեղել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ փորձագիտական տարբեր տեսակետները եւ մեկ քայլ կատարել այդ հարաբերությունները կարգավորելուն նպաստող օրակարգը, ռազմավարությունն  ու մարտավարությունն որոշակիացնելու գործում:  Նրա կարծիքով բոլոր պարագաներում  աներկբա է այն գիտակցությունը, որ հայ-թուրքական  հարաբերությունները պետք է կարգավորվեն, քանի որ մենք հարեւաններ ենք, ճակատագրի բերմամբ պարտադրված ենք կողք-կողքի ապրելու եւ հարաբերվելու: Անհրաժեշտ է քայլ կատարել դեպի հարաբերությունների նորմալացում:  Նշվեց, որ խնդիրը երկու կողմերի, եւ առաջին հերթին թուրքական կողմի համար  ցեղասպանության ժամանակաշրջանից դուրս գալն ու անցում կատարելն է հետցեղասպանության ժամանակաշրջան։

ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը երկօրյա քննարկումների արդյունքում  ձեւավորել էր  առաջարկներ:  Ըստ նրա, լսումները լավ առիթ են, որ արդյունքում ձեւավորվի մ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am