ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մարտի 12-ին մասնակցել է «Ներառում Հայաստան» կրթական եւ սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Մանկավարժները «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի ջատագովներ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը:
Ծրագիրը միտված է հասցեական աջակցություն ցուցաբերելու ՀՀ Սյունիքի մարզում հակամարտությունից տուժած եւ սահմանային բնակավայրերում ապրող երեխաներին, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ նպաստելով վերջիններիս հոգեսոցիալական վիճակի բարելավմանը:
Բացման խոսքում պատգամավորն ընդգծել է, որ 2020 թվականից հետո, հատկապես, ավելի են ընդգծվել այն մարտահրավերները, որոնք առնչվում են «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգին. «Ծրագիրն անդրադառնում է այնպիսի խնդիրների, որոնք արդիական են եւ պետք է մեր ուշադրության կենտրոնում պահենք: Շնորհիվ համախմբման եւ փոխաջակցության՝ պետական կառույցները ՀԿ-ների եւ միջազգային կազմակերպությունների հետ կարողացան ճգնաժամային իրավիճակում արագ արձագանքման խնդիրները լուծել, հիմա ամենակարեւոր փուլերից մեկն է, երբ մենք պետք է երկարաժամկետ ծրագրեր իրականացնենք, միջոցառումներ մշակենք: Այս հարցում եւս կարեւոր է առանձին ծրագրերի փորձը եւ միջազգային կազմակերպությունների աջակցությունը»,- նշել է պատգամավորը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերը: