National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
08.09.2006
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ, քննարկվեց ԱԺ պատգամավորներ Արթուր Բաղդասարյանի եւ Մհեր Շահգելդյանի ներկայացրած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի նպատակը, ըստ նախագծի համահեղինակ պարոն Շահգելդյանի,լեզուների, տրամաբանական հիմունքների, համամարդկային արժեքների մասին աշակերտին գիտելիք տալն է:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ընդունելով, որառաջադրված հարցերը կրթական բարեփոխումների համատեքստում ընկալելի են, նշեց, որդրանք համապարփակ լուծում են պահանջում, վերանայման ենթակա է նաեւ կրթակարգը հատկապես ավագ դպրոցի մասով: ՀՀ կառավարությունը ընդունում է, որ գոյություն ունի առաջադրված խնդիրը, բայց այն պետք է լուծել ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշումներով: Որոշվեց ներկայացված օրինագծի քննարկումը հետաձգել, անցկացնել խորհրդարանական լսումներ, համատեղ քննարկումներ, եւ եթե դրանց արդյունքում համաձայնություն չլինի, հեղինակները կարող են պնդել իրենց ներկայացրած օրինագիծը լիագումար նիստում քննարկելու առաջարկը:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները վերաբերում էին հիմնականում բուհերի դեկանների եւ ամբիոնի վարիչների գործառույթների բնորոշմանը. ըստ ներկայացված նախագծի` դեկանի պաշտոնը վարչական եւ գիտամանկավարժական է, իսկ ամբիոնի վարիչինը`  գիտամանկավարժական: Այլ օրենքների հետ հակասությունները բացառելու եւ խնդրի համապարփակ լուծում ապահովելու նպատակով որոշվեց օրինագիծը երաշխավորել միայն նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

«Մանկապատանեկան սպորտի մասին»ու «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի փոխնախագահ Հարություն Յավուրյանը: Ըստ բանախոսի` ներկայացված նախագծերից առաջինի ընդունումը պայմանավորված է այն ՀՀ գործող օրենքներին համապատասխանեցնելու եւ հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ, իսկ երկրորդի ընդունումը` մարզական կոչումներ սահմանելու եւ մարզական հաջողությունների հասած մարզիկներին ու մարզիչներին խրախուսելու անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովը երաշխավորեց օրինագծերը` լիագումար նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Հեղինակների համաձայնությամբ` մեկ տասնյակ օրինագծերի քննարկումները հետաձգվեցին:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Մնացական Պետրոսյանի նախագահությամբ, քննարկվեց կառավարության հեղինակած «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Օրինագծի նպատակն է` ստեղծել բնապահպանական վճարների գծով հավաքագրվող գումարների նպատակային օգտագործման օրենսդրական երաշխիքներ: Ըստնախարարի` 2000-2005 թ. ժամանակահատվածում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ գործնականումչի ապահովվում հավաքագրված բնապահպանական վճարների ամբողջովին նպատակային օգտագործումը: Նշվեց, որ պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունների պայմաններում, բնապահպանական նպատակներին ծառայելու փոխարեն հավաքագրված գումարների որոշակի մասը ծախսվում է այլ` ոչ բնապահպանական նպատակներով:

Կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Նա նշեց, որ օրինագիծը մշակվել է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի կոնվենցիայի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ: Օրենքի նախագծում ամրագրվել են ՀՀ-ում օզոնային շերտը քայքայող նյութերի նկատմամբ սահմանափակումները եւ դրանց հետ կապված հարաբերությունների  կարգավորումը, հստակեցվել եւ մանրամասնվել են հիմնական հասկացությունները, ինչը կապահովի օրենքի միանշանակ ընկալումը, ամրագրվել  են կառավարության եւ լիազոր մարմնի  իրավասությունները, ամրագրվել են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծողների իրավունքներն ու պարտականությունները: Սիմոն Պապյանը տեղեկացրեց, որ նախագծի մշակման գործընթացում ներգրավվել են շահագրգիռ պետական կառավարման մարմինների  եւ օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծող եւ արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ:

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նաեւ ներկայացրեց «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի նպատակն է խստացնել ՀՀ տարածք մտնող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի նկատմամբ պահանջը` կիրառելով բնապահպանական վճարի ավելի բարձր դրույքաչափեր այն սուբյեկտների համար, որոնց կողմից օգտագործվող ավտոմեքենաների արտանետած գազերում վնասակար նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի նորմաները:

Կառավարության հեղինակած «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրինագիծը ներկայացրեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Ըստ նրա` օրինագծի նպատակն է` ապահովել ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների, որպես բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային եւ այլ արժեք ներկայացնող էկոհամակարգերի, բնության համալիրների ու առանձին օբյեկտների բնականոն զարգացման, վերականգնման, պահպանության եւ օգտագործման պետական քաղաքականության իրավական հիմունքները: Փոխնախարարը նշեց, որ օրինագիծը Համաշխարհային բանկի կո ղմից անցել է միջազգային փորձաքննություն:

Հանձնաժողովը նաեւ քննարկեց «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրինագիծը, որը ներկայացրեցբնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նախարարը վստահեցրեց, որ օրենքի ընդունումը կհանգեցնի օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով բնակչության եւ տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ռազմավարական ջրային պաշարի կազմավորման եւ օգտագործման, ազգային ջրային պաշարի կազմավորման եւ օգտագործման, պահպանության, ՀՀ ջրային օրենսգրքի եւ «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակմանն ու իրականացմանը:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց «Հայխնայբանկում» ավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման մասին» օրինագիծը, որն ուղղված է «Հայխնայբանկում» ավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման օրենսդրական հիմքերի ապահովմանը: Պարոն Դալլաքյանը գտնում է, որ անհրաժեշտ է ունենալ օրենք ավանդների վերադարձման մասին: Օրինագիծը ստացավ հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Հանձնաժողովում քննարկված մյուս օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավորվեցին` ընդգրկվելու ԱԺ քառօրյա նիստերի եւ մեծ օրակարգերի նախագծերում, տասնմեկ օրինագծերի քննարկումները հեղինակների առաջարկությամբ հետաձգվեցին:

ԱԺ պետական -իրավական հարցերի մշտական հանձնաժողովինիստում Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ քննարկվեցին մի շարք օրինագծեր:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց ՄԱԿ խմբակցության «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանը: Նշվեց, որ նախագծի նպատակը «ԱԺ կանոնակարգ»-ի համապատասխանեցումն է 2005 թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի Սահմանադրության փոփոխությունների տառին ու ոգուն:

Առաջին ընթերցմամբ քննարկվող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա նշեց, որ ներկայացվելիք օրենսդրական փոփոխությունների փաթեթով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար նախատեսվելու է վարչական տուգանքի բարձրացում, աղբաթափության համար առանձին նորմերի սահմանման անհրաժեշտություն:

ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հարակից զեկույցում կարեւորեց համապատասխան աղբավայրերի ստեղծումը մայրաքաղաքում եւ մարզերում:

Առաջին ընթերցմամբ ք ննարկվեց նաեւ «Քաղաքացիական ավիացիայի ոլորտում ՀՀ կառավարության գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» «Արդարություն» խմբակցության հեղինակած որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանն ընդգծեց, որ օրինագծի ընդունման նպատակը քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող վիճակի, անվտանգության ապահովման ուսումնասիրությունն է: Որոշման նախագծի համաձայն` ԱԺ Վերահսկիչ պալատն աջակցելու է հանձնաժողովին, իսկ ԱԺ աշխատակազմն ապահովելու է կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունը։

Որոշման նախագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել էր բացասական եզրակացություն: Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությամբ կառավարության գործունեությունը վերահսկում է Վերահսկիչ պալատը, ԱԺ-ն նման իրավասություն չունի:

ԱԺ պատգամավոր Գագիկ Ավետյանն առաջին ընթերցման ներկայացրեց «Դատախազության մասին» օրինագիծը: Նա նշեց, որ դատախազության քննիչների, նրանց պետերի պաշտոնադրույքների, երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարների, թոշակավորման չափերը 4-5 անգամ գերազանցում են ոստիկանության քննիչներին տրվելիք չափերին, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55 հոդվածով քննիչները դատախազությունում, ԱԱԾ-ում, ոստիկանության համակարգում աշխատող, նախաքննություն իրականացնող պաշտոնատար անձինք են, ուստի կատարում են միեւնույն աշխատանքը: Պարոն Ավետյանի գնահատմամբ` այս հակասության լուծմամբ վերացվում է սոցիալական անհավասարությունը. այն համընթաց է դատաիրավական բարեփոխումների գործընթացին եւ հանդիսանում է կոռուպցիայի կանխարգելման միջոց: Երկու համակարգերի քննիչների գործունեության հսկողությունը իրականացնելու է դատախազը, որը հաստատում է նաեւ քրեական գործերով նրանց կազմած մեղադրական եզրակացությունը:

Կառավարության եզրակացությունը օրինագծի ընդունման վերաբերյալ բացասական էր: Հանձնաժողովի որոշմամբ «Դատախազության մասին» օրինագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 60 օրով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը եւս քննարկվեց առաջին ընթերցմամբ, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը : Նրա հավաստմամբ` նախագծի ընդունման նպատակը օրենքի համապատասխանեցումն է Սահմանադրության փոփոխություններին: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 100 եւ 109 հոդվածներով` ՀՀ կառավարությունը ՍԴ-ի եզրակացության հիման վրա կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարի, իսկ 101-րդ հոդվածի 8-րդ կետով ՏԻՄ մարմինները կարող են դիմել ՍԴ` իրենց սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների նորմատիվ ակտերը Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցով:

Կառավարության «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը: Նշվեց, որ օրենքի ընդունումը պայմանավորված է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի միջազգային պայմանագրերի` «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի,«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման ու ահաբեկչության ֆինանսավորման մասին» ԵԽ կոնվենցիաների սահմանումներին այդ հանցագործությունների բնորոշումները համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Օրինագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել նաեւ համակարգչային համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանման, ցեղասպանության, խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու կամ արդարացնելու համար: Պարոն Մալխասյանի կարծիքով` օրենքի նախագիծը նպատակ ունի ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրել միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունները եւ օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային պահանջներին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին  «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:

ԱԺ պատգամավորների բացակայության հարցը հանվեց օրակարգից:

Քննարկված բոլոր օրինագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում` բացառությամբ «Քաղաքացիական ավիացիայի ոլորտում ՀՀ կառավարության գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» «Արդարություն» խմբակցության որոշման նախագծի:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 30, 60 եւ 90 օրով հետաձգվեցին 24 օրինագծեր:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցեւ դրական եզրակացություն տրվեցկառավարության հեղինակած«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Օրինագծում նշված է, որ զինապարտների կողմից «Զինապարտության մասին» օրենքի 5-6-րդ հոդվածներով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, հաշվառման ենթակա անձանց ցուցակները, ինչպես նաեւ նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ժամանակին եւ սահմանված ձեւով չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին չծանուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Օրինագիծըհանձնաժողովիդրական եզրակությամբընդգրկվեցԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկաքառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց « Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Զեկուցողը նշեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքի առանձնահատկություններից ելնելով` կապված սահմանային գոտում քաղաքների եւ մեծ բնակավայրերի տեղակայման հետ, նպատակահարմար է սահմանային ռեժիմ սահմանել միայն սահմանային շերտում: Քանի որ պետական սահմանում սահմանային ռեժիմ սահմանելը ենթադրում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատություն ների որոշակի սահմանափակումներ, ուստի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն անհրաժեշտություն է առաջացելայդ սահմանափակումները նախատեսել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում:

Պարոն Հարությունյանը ներկայացրեց նաեւ «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որի համաձայն «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքի, պետական սահմանի պահպանության գլխավոր վարչությունը մտնում է սահմանապահ զորքերի կազմի մեջ, ինչը կառավարման եւ սահմանապահ զորքերի թվաքանակի տեսակետից նպատակահարմար չէ: Բացի այդ, ներկայումս սահմանապահ զորքերի կազմում գործում է շտաբ, որն արդյունավետորեն իրականացնում է վերը նշված գլխավոր վարչության գործառույթները: Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն հստակեցնել սահմանապահ զորքերի հրամանատարի լիազորությունները, մասնավորապես պարտա՟դիր ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների տեղաբաշխման եւ զորացրման առումով:  Առաջարկվող նախագիծը նպատակ ունի նաեւ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ գործող օրենսդրության պահանջներին: Ներկայացված երկու օրինագծերն էլ հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստե րի օրակարգերի նախագծերում:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Աղաբեկյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը, ըստ փոխնախարարի, պայմանավորված է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման եւ գործունեության կազմակերպման լիազորությունները ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցելու հանգամանքով: Բացի այդ, փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների կատարումը «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն դրված է փրկարար ուժերի վրա եւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների պարտականությունը կարող է լինել միայն մասնակցությունը դրանց իրականացմանը: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընգրկվի ԱԺ մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Արթուր Աղաբեկյանի ներկայացրած «Ռազմական ոստիկանության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», « Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխու թյուն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը նույնպես արժանացավ հանձնաժողովի հավանությանը եւ առաջին ընթերցմամբ կընդգրկվի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: «Ռազմական ոստիկանության մասին» օրինագիծըկարգավորում է ռազմական ոստիկանության հասկացությունը, խնդիրները, գործունեության սկզբունքները, լիազորությունները եւ կառուցվածքը, ռազմական ոստիկանության ծառայողի իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման, գործունեության վերահսկման կարգը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը ներկայացրեց«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Փոխոստիկանապետը նշեց, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները եւ լրացումները բխում են ՀՀ Սահմանադրության 29-րդ, 83.5-րդ հոդվածներից, ինչպես նաեւ օրենքի մի շարք հոդվածների բովանդակությունը հստակեցնելու անհրաժեշտությունից:

Պարոն Մահտեսյանը ներկայացրեց նաեւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրինագիծը: Նա նշեց, որ նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների կատարումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններովեւօրենքի որոշ հոդվածների բովանդակության մեջ շտկումներ մտցնելու նկատառումներով: Վերոնշյալ երկու օրնագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում կընդգրկվի կառավարության ներկայացրած «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին»օրենքի նախագիծը:

ԱԺ ֆինանս ավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ`քննարկեց օրակարգերում ընդգրկելու համար ներկայացված օրինագծերը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ 12 հարց կառաջարկվի ներառել ութերորդ նստաշրջանի եւ 14 հարց` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Օրակարգային հարցերից մեկը վերաբերվում էր հարկային ոլորտին, մասնավորապեսբազմաբնակարան շենքերիշինարարությունից ստացվող հարկերին: Ինչպես ներկայացրեց հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, հարկային մարմինը փորձում է կանխել, որ շենքերի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարողները չձեւակերպեն իրական արժեքից ցածր արժեք: Այս նպատակով սահմանվում է հարկման նվազագույն շեմ: «Հարկերի մասին» եւ եւս չորս հարկային օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ շենքերի օտարումից ստացված եկամուտը չի կարող պակաս լինել գույքահարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող արժեքից:

Պրն. Ալավերդյանը ներկայացրեց նաեւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» օրենքի նախագիծը: Ժամանակավորապես կկասեցվի այն տնտեսավարողների գործունեությունը, որոնք մեկ տարվա ընթացքումկրկնակի են խախտել ՀԴՄ կիրառելու կարգը:

Կառավարությունը մտադիր է փոփոխել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը: Արդարադատության փոխնախարար Արարատ Մալխասյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը` կից օրենսդրական փաթեթով: Գործադիրն առաջարկում է զենքի ձեռքբերումը, օրինակ, չդիտարկել այլեւս որպես լիցենզավորման ենթակա գործողություն: Փոխարենը, նախագիծն ընդունվելու դեպքում, տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցման կամ էլ` միջազգային կանոնավոր օդային հաղորդակցությանհամար կնախատեսվի լիցենզիա: Լիցենզավորման ոլորտից առաջարկվում է նաեւ հանել դեղերի եւ դեղաբույսերի առեւտուրը, արժեթղթերի բլանկների արտադրությունը եւ այլն:

Կառավարությունը օրենսդիր մարմնին առաջարկում է ընդունել «Սննդամթերքի անվտանգության մասին» նոր օրենք: Ըստ գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանի, նոր օրենքի ընդունումը պայմանավորվածէ Եվրամիության անդամ երկրների չափանիշներին եւ օրենսդրությանը հայկականը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ: Ներկայացված նախագիծը, փոխնախարարի խոսքերով, փորձաքննության արդյունքում դրական է գնահատվել եւ համապատասխանում է ԵՄ պահանջներին:

Հանձնաժողովի դատին ներկայացվեց նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարման 2005 թ. տարեկան հաշվետվությունը»: Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը տեղեկացրեց, որ 2005 թ.-ին առաջարկվել է մասնավորեցնել ծրագրում ընդգրկված 95 ընկերություն: Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքով մասնավորեցվել են 37, մրցույթով` 22 եւ աճուրդով` 5 ընկերություններ: 2005 թ. մասնավորեցման գործարքներից բյուջե է մուտքագրվել շուրջ 1 մլրդ. դրամ եւ 75 մլն. դոլար: Հատկանշական է, որ այդ գումարի 30 տոկոսը հատկացվել է համապատասխանհամայնքերին:

Համայնքային բյուջետային միջոցներին պատգամավորները անդրադարձան մեկ այլ օրինագծի քննարկմամբ: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» նախագիծը:Համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկելու համար սահմանված է բանաձեւ:Փոխհատուցվող գումարները կհաստատվեն բյուջեի մասին տարեկան օրենքով:

ՄԱԿ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանը գործընկերներին ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը:ՄԱԿ-ն առաջարկում է մեղմացնել ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրի մեջ կեղծ տվյալներ ընդգրկելու կամ սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու համար սահմանված պատժամիջոցները:Պատգամավորները կարծում են, որ նոր համակարգի ներդրումը, անփորձությունն ու անիրազեկությունն են հաճախ նշված խախտումների պատճառը դառնալու:

«Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» խմբակցությունների պատգամավորներըառաջարկում են ստեղծել «2005 թ եւ 2006 թ. հունվար-մայիսամիսներին դրամի չհիմնավորված արժեւորման հետեւանքով տեղական արտադրողներին եւ ազգաբնակչությանը հասցված վնասներն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Հարցի քննարկումը հեղինակներն առայժմ հետաձգեցին, քանի որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է անցկացնել այս թեմայով խորհրդարանականլսումներ:


08.09.2006
ԻԻՀ մեջլիսի նախագահի այցը Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հրավերով սեպտեմբերի 11-12-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի  Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի գլխավորած պատվիրակությանը: Սեպտեմբերի 11-ին ԻԻՀ մեջլիսի նախագահն Ազգային ժողովում առանձնազրույց կունենա ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորո...

08.09.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ  սեպտեմբերի 11-14 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am