National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.02.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
11.09.2023
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված խաղամոլության դեմ պայքարին
1 / 7

Օրենքի նախագծի հիմնական էությունն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր խաղային հաշիվը լիցքավորի միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից: Այսինքն՝ քաղաքացին չի կարող իր խաղային հաշիվը լիցքավորել այլ քաղաքացու քարտային հաշվից. ասել է պատգամավոր Գեւորգ Պապոյանը սեպտեմբերի 11-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Ըստ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ գործող օրենքի դրույթը հնարավորություն է տալիս, այսպես ասած, ոչ լեգալ բիզնեսին, ինչ-որ մարդկանց որոշակի գումարով լիցքավորել քաղաքացու խաղային հաշիվը, ինչն անթույլատրելի էր եւ հնարավորություն էր տալիս շեղվել մեր նպատակադրումից: Բացի այդ՝ պատգամավորի հավաստմամբ իրենց նպատակադրումն է իմանալ, թե ով է խաղում եւ ինչ է խաղում ու դրանով հստակեցնել իրենց քաղաքականություններն այս կամ այն ոլորտում: Ըստ նրա՝ հնարավորություն կստեղծվի հստակեցնել, թե ովքեր են խաղամոլները, եւ նրանց հետ կապված պետական վերաբերմունք կդրսեւորվի: Գեւորգ Պապոյանի կարծիքով նպաստ ստացող քաղաքացին չի կարող խաղալ, խաղամոլ լինել: Ըստ նրա՝ համապատասխան պատասխանատվության միջոցներ են ներդրված՝ բոլոր դեպքերի համար 200.000 հազար դրամ տուգանք է սահմանված:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր է հսկել բանկային հաշվին փոխանցումը, երբ 21-րդ դարում այդ փոխանցումները կատարվում են շատ արագ:

Ի պատասխան նշվել է, որ խաղամոլները չեն ցանկանում ունենալ քարտային կամ բանկային հաշիվ, որպեսզի ոչ մեկը չիմանա, թե նա որքան գումար ունի, որքան է ծախսում: Օրենքի ընդունումից հետո տվյալ անձը չի կարող խաղալ, քանի որ կբացահայտվեն նրա խնդիրները: Ըստ հեղինակի՝ էականորեն կարող ենք պայքարել խաղամոլության դեմ. նախագիծը արդյունավետ գործիք է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշել է, որ ուրիշի հաշիվը լիցքավորողը կարող է ուրիշի անունով խաղալ եւ հետաքրքրվել, թե ինչպես պայքարել նմանօրինակ մեխանիզմների դեմ:

Գեւորգ Պապոյանն ի պատասխան նշել է, որ նման դեպքերի հավանականությունը շատ քիչ է, բայց տեսականորեն հնարավոր է: Պատգամավորն ընդգծել է, որ գնում են բոլոր դեպքերի հետեւից, թեեւ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի:

Նա նաեւ տեղեկացրել է, որ աճում են խաղադրույքներ կատարողների թվերը, թեեւ նրա դիտարկումներով այդ թվերը նվազել են: Որքան օրենսդրորեն սեղմվում է կարգավորման օղակը, խաղամոլները սկսում են դրսի կազմակերպություններում խաղադրույք կատարել: Ֆինանսների նախարարության նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությամբ այդ դրսի կազմակերպությունները պետք է լիցենզավորվեն նաեւ մեր երկրում եւ հարկեր վճարեն:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը:

Հարակից զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձել է բարձրացված հարցադրումներին եւ փաստել, որ ոլորտը պատրաստ է այս կարգավորումներին, միակ անհանգստացնող հանգամանքը ժամկետի եւ տեխնոլոգիական հնարավորությունների հետ է կապված: Ըստ նրա՝ խաղադրույքների աճն այս տարի դանդաղել է: 2022 թվականին 8.5 տրիլիոն դրամ է եղել, 2023 թվականի համար դեռեւս ամբողջական խաղադրույքների ծավալը չի ներկայացվել:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է խաղադրույք կատարելու իրավունք ունեցողների տարիքային շեմով: Նրա հարցադրմամբ՝ դիտարկվո՞ւմ է արդյոք այդ տարիքը 18-ի փոխարեն դարձնել 21:

Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներ չեն եղել:

Մտքերի փոխանակությանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ առօրյա կյանքում հանդիպում ենք բազմաթիվ դեպքերի, ինչը ցույց է տալիս, որ ոլորտը պետք է խիստ վերահսկողության տակ վերցնել: Ըստ նրա՝ բազմաթիվ ընտանիքներ տառապում են խաղամոլության հետեւանքով:

«Օրենքի նախագիծը հնարավորություն է տալու վերահսկել այս ոլորտը»,- ասել է պատգամավորը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հավաստմամբ խաղամոլության մեջ ներքաշվել են երիտասարդ աղջիկները, կանայք: Ըստ նրա՝ խաղամոլությունը թմրամոլության նման մի բան է եւ մենք կորցնում ենք ընտանիքների եւ երիտասարդների: Նրա հավաստմամբ խաղամոլների մեծ մասը խաղադրույք է կատարում իր սոցիալական խնդիրները լուծելու համար:

«Եթե մենք կարողանանք բարձրացնել աշխատավարձերը, ապա կտրուկ կնվազի խաղամոլների թիվը»,- ասել է պատգամավորը:

Եզրափակիչ խոսքում օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Գեւորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար, անդրադարձել մի քանի հարցադրումների:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am