National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.07.2023
ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետական բյուջեի նախագծով նախնական կհատկացվի շուրջ 334 մլրդ դրամ. Ժաննա Անդրեասյան
1 / 14

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է 333 մլրդ 989 մլն դրամ, որը 83 մլրդ 721 մլն դրամով կամ 33.5 տոկոսով ավելի է, քան ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումը: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 11-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:

Աշխատանքային քննարկումը նախագահել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը. մասնակցել են հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Գալստյանը, ոլորտի մասնագետներ, նախարարության ներկայացուցիչներ:

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ այդ հավելյալ 83 մլրդ դրամ գումարը կուղղվի կրթության ոլորտին: Կիրականացվեն մի շարք կարեւոր ծրագրեր, այդ թվում՝ դպրոցաշինության ծրագիրը, որի համար նախատեսվել է 62.5 մլրդ դրամ, ինչն այս տարվա ցուցանիշից ավելի է 47 մլրդ դրամով: Նրա հավաստմամբ խոսքը վերաբերում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին. գումարը կուղղվի դպրոցների շինարարությանն ու գույքով ապահովմանը: Բոլոր հաստատությունների նախագծման աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին: 2024 թվականին «Ապահով դպրոց» ծրագրով 308 հաստատությունների նախագծային աշխատանքներ կկատարվեն: Ըստ նախարարի՝ հիմնովին կվերակառուցվի «Զեյթուն» ուսանողական հանրակացարանը, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին ու չափանիշներին:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրելյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք կհասցնեն իրականացնել այդքան դպրոցների կառուցումը: Ի պատասխան նշվել է, որ այս տարի շահագործման կհանձնվի շուրջ 60 դպրոց, եւ ամեն ինչ կարվի, որ կյանքի կոչվեն նախատեսված ծրագրերը: «Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ աշխատանքները կատարենք մինչեւ Կառավարության ծրագրի ավարտը»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Ըստ նրա՝ 30 մլրդ դրամով աճել է հանրակրթության ծրագրի ծավալը: Նշվել է նաեւ, որ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներն արտաքին աղբյուրների աջակցությամբ կստանան բնագիտական լաբորատորիաներ: Դպրոցական նոր դասագրքերի վերաբերյալ մրցույթն ամփոփման փուլում է: Արդեն հստակեցվել եւ նախատեսվել են ակադեմիական քաղաքի կառուցման առաջին փուլի ֆինանսական միջոցները: Պետական աջակցությամբ յուրաքանչյուր տարի կհամալրվեն թանգարանների հավաքածուները: Ըստ նախարարի՝ տարիներ շարունակ գումար չի հատկացվել, որպեսզի ձեռք բերվեն արվեստի նոր գործեր, մշակութային արժեքներ, այս հարցում բացակայել է պետական քաղաքականությունը: «Իսկ այժմ եւ այսուհետեւ այն կսկսի գործել»,- նշել է նախարարն ու հավելել, որ առաջիկայում կսկսի գործել մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելը:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվել է արհեստագործական ուսումնարանների ճակատագրով: Նախարարը փաստել է, որ ներկա դրությամբ գործում է 21 արհեստագործական ուսումնարան, բայց կան նաեւ քոլեջներ, որոնք կատարում են նույն գործառույթները: Իսկ ընդհանուր առմամբ գործում է շուրջ 100 պետական հաստատություն:

4.5 մլրդ դրամով աճել է կրթության որակի ապահովում ծրագիրը: Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ կա ուսուցիչների ատեստավորման 5 հազար 200 հարյուր դիմում, սակայն դիմողների շուրջ 20 տոկոսը չի մասնակցում ատեստավորմանը:

Կապիտալ ծախսեր են նախատեսվել նաեւ մշակույթի ոլորտում. եկող տարի կիրականացվեն 11 հուշարձանի վերականգնման, 9-ի վերականգման նախագծման, երկու թանգարանի հիմնանորոգման ու նախագծման աշխատանքներ, 17 թանգարան կապահովվի գույքով: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նաեւ երեք թատերահամերգային կազմակերպության նորոգման ու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվել, 8-ը թատերահամերգային կազմակերպություն նույնպես կապահովվի գույքով, որոնցից երեքը՝ երաժշտական գործիքներով: «20 գրադարանի գույքով համալրման աշխատանքներ են պլանավորվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը եւ հավելել, որ սպորտի ոլորտում կշարունակվեն երկու մարզական դպրոցի, մեկ համալիրի կառուցման աշխատանքները, 70 մարզական հաստատություն կապահովվի գույքով:

Նշվել է, որ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցի բացումը նախատեսված է այսօր՝ հուլիսի 11-ին, իսկ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցը կգործի առաջիկայում: Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ այս տարի սպորտում արդեն ունենք 220 տարբեր հարգի մեդալ ստացած մարզիկ, ինչն աննախադեպ է:

Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորները բարձրաձայնել են նաեւ տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am