National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.07.2023
Առաջարկվում է Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 240 մլն խորանարդ մետրը
1 / 11

Առաջարկվում է Սեւանա լճից ջրառի՝ 170 մլն խորանարդ մետր չափաքանակն ավելացնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների եւ ջրամբարների լցվածությամբ ու գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով: ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ հուլիսի 11-ի արտահերթ նստաշրջանում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նախագծով, ինչպես պահանջում է օրենքը, սահմանվում են լրացուցիչ ջրաքանակի բացթողնմամբ պայմանավորված արտադրված էլեկտրաէներգիայի ծախսման ընթացակարգը եւ ուղղությունները: Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ իրավիճակի մասին պարբերաբար հրապարակավ եւ հանրային հաղորդումներ են ներկայացվել:

Պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Գեւորգ Պապոյանի, Լիլիթ Ստեփանյանի, Հովիկ Աղազարյանի, Արծվիկ Մինասյանի հարցերին ի պատասխան՝ Վաչե Տերտերյանը պարզաբանել է, որ այս տարի Սեւանից ջրառը սկսվել է մայիսի 14-ից, իսկ անցած տարի՝ հունիսի 3-ից, այսինքն՝ շուրջ կես ամիս ավելի շուտ է սկսել գործընթացը: Ներկայացնելով Սեւանից ջրառի ցուցանիշները՝ փոխնախարարը հայտնել է, որ մինչ այսօր Սեւանից վերցվել է 82,3 մլն խորանարդ մետր, Արփա-Սեւան թունելի հիդրոտեխնիկական համակարգով դեպի Սեւան տեղափոխվել է 81,38 մլն խորանարդ մետր: «Նույն ցուցանիշը 2022 թվականին եղել է 148 մլն խորանարդ մետր: Սա վկայում է, որ մենք այս տարի, իսկապես, ունենք ջրի լուրջ պակասուրդ»,- ասել է Վաչե Տերտերյանը:

«Այսօրվա դրությամբ ունենք 1956 սմ, այսինքն` մայիսի 14-ից հետո Սեւանի մակարդակը 13 սմ բարձրացել է: Դա այն դեպքում, երբ մեր ոռոգման համար վերցված ջուրը եւ Արփա-Սեւանով տեղափոխված ջուրը համարյա համարժեք են»,- արձանագրել է փոխնախարարը:

Ռիսկերից խոսելով՝ նա տեղեկացրել է, որ օրենքի համաձայն՝ հարցը քննարկվել է ԳԱԱ Սեւանի լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հետ: Ըստ նրանց եզրակացության՝ ջրառը պետք է թողնել 170 մլն խորանարդ, բացասական կարծիք է տրվել լրացուցիչ ջրառին:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ մինչեւ 2019 թվականի կարգավորումներով կար լրացուցիչ ջրառի հնարավորություն, սակայն 2019 թվականի օրենքով ջրի բացթողումը բացառվելու էր, եթե բալանսը բացասական է: «Հիմա դուք, խախտելով ձեր ընդունած օրենքը, հայտարարում եք այլ բան»,- ասել է նա: Գեւորգ Պապոյանն էլ հավելել է. «Կարող ենք մերժել, խնդիր չկա, բայց եթե ջրաքանակը սպառվեց, ասենք, օգոստոսի 5-ին, ի՞նչ ենք պատասխանելու Արմավիրի եւ Արարատի մարզերի մեր հարյուր հազարավոր քաղաքացիներին. 600.000 մարդ է ապրում այնտեղ այդ ջրի հաշվին»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչն ու նշել, որ փոփոխությունը հենց արվում է 170 մլն խորանարդ մետրից ավելի ջրառի հնարավորություն ունենալու համար: Գեղամ Նազարյանն էլ կարծիք է հայտնել, որ օրենքին անհամապատասխան առաջարկ է ներկայացվել եւ կոչ է արել մերժել: Զարուհի Բաթոյանը խոսել է Սեւանա լճի դեպքում ե՛ւ համալիր, ե՛ւ տարեկան ծրագրերի առկայության նպատակահարմարությունից: Արթուր Խաչատրյանի գնահատմամբ էլ հիմնավորումները հստակ չեն, տարեկան տեղումների, տարեկան միջին ջերմաստիճանի, մինչեւ ոռոգման սկիզբը ջրի բացթողնման եւ ոլորտային այլ խնդիրների մասով էական վիճակագրական տվյալներ չեն ներկայացվել: Արման Եղոյանին հետաքրքրել է, թե արդյո՞ք հնարավոր կլինի ջրամբարների կառուցման պարագայում Սեւանից ջրառի չափաքանակը հստակեցնել կամ դրա կարիքը չլինի:

«Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ խնդրի լուծումը Սեւանից լրացուցիչ ջրառը չէ: «Եթե 15 սմ հիմա արդեն պակաս է, նշանակում է՝ մենք արդեն շուրջ 200 մլն խորանարդ մետր ավելի պակաս ջուր ունենք Սեւանում, քան անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում: Հավելյալ բացթողելու արդյունքում բերելու եք Սեւանի էկոհամակարգի փլուզմանը: Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- ասել է խմբակցության քարտուղարը:

Եզրափակիչ ելույթում փոխնախարար Վաչե Տերտերյանը պարզաբանումներ է ներկայացրել մի շարք հարցերի վերաբերյալ: Փոխնախարարի խոսքով երկարաժամկետ տեսանկյունից խնդրի լուծումը պետք է լինի ջրի օգտագործման հայեցակարգային փոփոխությունը:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am