National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
31.05.2023
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել է 2022 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումը
1 / 17

Մայիսի 31-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետության համապատասխան մասի եկամուտներն ու ծախսերը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանը եւ Գեւորգ Պապոյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտնել է, որ 2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է 21 ծրագիր` 205 միջոցառումով: Նախապես պլանավորված է եղել իրականացնել 179 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 226 մլրդ 801 մլն դրամ, սկզբնապես պլանավորված բյուջեի փաստացի կատարողականը կազմել է 202 մլրդ 606 մլն դրամ: Տարվա ընթացքում կատարվել են վերաբաշխումներ, փոփոխություններ: Ճշտված բյուջեն կազմել է 208 մլրդ 146 մլն դրամ: Ճշտված բյուջեի նկատմամբ կատարողականը կազմել է 97,3 տոկոս: Նախորդ տարվա համեմատ ոլորտում բյուջետային ծախսերն աճել են 15,9 տոկոսով կամ շուրջ 27 մլրդ 796 մլն դրամով:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը փոխնախարարից հետաքրքրվել է, թե սկզբնապես պլանավորվածի համեմատ քանի տոկոս է եղել կատարողականը: Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվել է նաեւ դպրոցաշինության կատարողականով: «Քանի՞ տոկոսով են կատարվել կապիտալ ծախսերը` պլանավորվածի համեմատ, ոչ թե ճշտվածի, եւ քանի՞ տոկոս են կազմել ընթացիկ ծախսերը` պլանավորվածի համեմատ, ոչ թե ճշտվածի»,- հարցրել է պատգամավորը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ կատարողականը սկզբնապես պլանավորվածի համեմատ կազմել է 89,3 տոկոս: «Եթե կապիտալ ծախսերի մասով առանձնացնենք «Ապահով դպրոց» ծրագիրը, որտեղ կապիտալ շինարարության հիմնական  ծախսերն են, թեեւ առանձին ծախսային մասեր կան այլ միջոցառումների մեջ, «Ապահով դպրոց» ծրագրի կատարողականը կազմել է 10,5 մլրդ դրամ: Սկզբնականի համեմատ կատարողականը կազմել է 67,4 տոկոս»,- ասել է նա: Արձագանքելով` Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է ընթացիկ ծախսերի կատարողականով, ինչին ի պատասխան էլ փոխնախարարը նշել է, որ ընթացիկ ծախսերի կատարողականը կազմել է 97,3 տոկոս: «Ինչպիսի՞ն է նախարարության դիրքորոշումը, երբ կապիտալ ծախսերն արվում են 67 տոկոսով, իսկ ընթացիկ ծախսերը` 97 տոկոսով»,- հարցրել է պատգամավորը` ընթացիկ ծախսերի կատարման մասով նկատի ունենալով աշխատավարձերի, պարգեւավճարների վճարումը: Փոխնախարարի խոսքով պետք է հասկանալ, թե ինչն է կապիտալ ծախսերի թերակատարման պատճառը: Նա դժվարացել է ներկայացնել պատճառները: «Իսկ առհասարակ, կատարողականների պարագայում Ֆինանսների նախարարության դիրքորոշումն այնպիսին է, որ միշտ ցանկալի է, որպեսզի կատարողականներն ապահովվեն, որպեսզի կարողանանք ունենալ պլանավորված արդյունքներ»,- ասել է փոխնախարարը: Նա հավելել է, որ ծախսերի պլանավորման այնպիսի գործընթաց են նախատեսում, որպեսզի մինչեւ 2026 թվականն ավարտվի 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների շինարարությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է իրականացված ծրագրերը, նշել, որ միջոցների շուրջ 75 տոկոսը հատկացված է եղել կրթության ոլորտին: «Այստեղ մենք ունեցել ենք էական աճ կապիտալ ծախսերի գծով, մասնավորապես, կրթության ոլորտում 2021 թվականի համեմատ կապիտալ ծախսերն աճել են 104 տոկոսով, մշակույթի ոլորտում` 120,7 տոկոսով, սպորտի ոլորտում` 210,8 տոկոսով: Կարծում ենք` սրանք զարգացման տանող ցուցանիշներ են»,- նշել է նախարարը: 107 հաստատությունների մասով որոշումներ են կայացվել, որոնք վերաբերում են ավելի քան 30.000 երեխաների: Ժաննա Անդրեասյանի խոսքով նախագծային աշխատանքները հնարավորինս տիպային կամ մոդելային իրականացնելու ճանապարհն է ընտրվել, ինչը թույլ է տալիս էապես խնայել ժամանակը եւ կրճատել վարչարարությունը: Կարեւորվել են դպրոցներում բնագիտական լաբորատորիաների բացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները. Տավուշի մարզի դպրոցներում ավարտվել է լաբորատորիաների ներդրման գործընթացը, այս տարի նման աշխատանքներ կիրականացվեն Արմավիրի մարզում, բյուջետային գործընթացով մյուս մարզերում եւս պլանավորված են այդ աշխատանքները:

Ընթացիկ ծախսերին անդրադառնալով` Ժաննա Անդրեասյանը կարեւորել է ուսուցիչների վարձատրությանն ուղղված ծրագրերը, մասնավորապես, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որի շրջանակում 1565 ուսուցիչ կամ շահառու ուսուցիչների 5,5 տոկոսը կամավոր ատեստավորման արդյունքում վարձատրվում են արդեն բարձրացված դրույքաչափով եւ հավելավճարով:

Նախադպրոցական կրթության ոլորտում կարեւոր բարեփոխումներ են արվել. իրականացվել են մանկավարժների պարտադիր վերապատրաստման ու տնօրեն դառնալ ցանկացող անձանց հավաստագրման գործընթացները: Նախնական, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության ոլորտում եւս աշխատանքներ են տարվել: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտնականների աշխատավարձերի բարձրացման ծրագիր կա: 86 դրամաշնորհային ծրագիր է ֆինանսավորվել, որոնցում ներգրավված գիտնականների 73,7 տոկոսը մինչեւ 35 տարեկան են: Էական գումարներ են հատկացվել գիտական կազմակերպությունների հետազոտական հզորությունների համալրման եւ թարմացման նպատակով:

Մշակույթի ոլորտում եւս մի շարք ծրագրեր են իրականացվել, փառատոններ են անցկացվել: Մի շարք թատրոններ ու հաստատություններ ենթակառուցվածքները բարելավելու հնարավորություն են ունեցել, ինչի արդյունքում սեփական եկամուտների աճ է գրանցվել:

«Սպորտի ոլորտում 307 մեդալ ենք ունեցել, որը 30 տոկոսով գերազանցում է մինչ այս գրանցված լավագույն արդյունքը»,- ասել է նախարարը եւ հավելել, որ ընդլայնվել են ոլորտի կապիտալ ծախսերը, անվանի մարզիկների անուններով մի շարք մարզադպրոցներ են կառուցվում:

Շարունակվել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը, որից մինչ այժմ օգտվել է 7407 երիտասարդ ընտանիք: Նախորդ տարվա վերջի դրությամբ 6087 ընտանիք շարունակում է սուբսիդավորման ընթացքում ստանալ պետական աջակցություն: Ժաննա Անդրեասյանը կարեւորել է երիտասարդական կենտրոնների բացման ծրագիրը մարզերում:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է մի շարք ծրագրերի իրականացման կոնկրետ արդյունքներով եւ ընդգծել` կապիտալ ծախսերի պատասխանատուները կատարել են կապիտալ ծախսերը 67 տոկոսով, բայց աշխատավարձ եւ պարգեւավճար ստացել 100 տոկոսով:

Ժաննա Անդրեասյանը համաձայնել է՝ ասելով, որ մոտեցման մեթոդաբանության մշակման ու կիրառության խնդիր կա, որի ուղղությամբ աշխատանք իրականացվում է: Նախարարը նշել է, որ մշակվող սխեմայով փորձ է արվելու ծրագրի կառավարման եւ արդյունքով պայմանավորված` նաեւ մարդկանց խրախուսման եւ մոտիվացիոն համակարգ ներդնել: Նրա խոսքով հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացում շատ անելիք կա: «Մեր մոտիվացիոն համակարգն ամբողջությամբ արդյունքների վրա հիմնված քաղաքականություն պետք է արտացոլի»,- նշել է նախարարը:

«Ի՞նչ արդյունք է ստեղծվել Հայաստանի Հանրապետության համար: Օրինակ, եթե 5,8 մլն դրամ ծախսել ենք եւ 58 մլրդի օգուտ է տվել, ապա մյուս տարի պետք է դարձնենք 58 մլրդ, իսկ եթե 5,8 մլրդ ծախսել ենք, օգուտը եղել է 5,8 մլնի, ապա, միգուցե, պետք է դարձնենք զրո»,- գիտական որոշ ծրագրերի ֆինանսավորման արդյունքային ցուցանիշներից խոսելիս նման հարց է հնչեցրել Գեւորգ Պապոյանը: Նախարարի եւ ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի պարզաբանումներից հետո հանձնաժողովի նախագահն արձանագրել է, որ չի ստացել իր հարցերի պատասխանը: Նրա համոզմամբ ծրագրային բյուջետավորման տրամաբանությամբ արդյունքային ցուցանիշների հիմքում չեն դրվում քանակական ցուցանիշները, այլ՝  որակական ցուցանիշները, մինչդեռ նշված բոլոր ցուցանիշները, ըստ նրա, քանակային են: «Հույս ունեմ՝ հաջորդ անգամ կլինեն որակական ցուցանիշներ, որոնք կարող են հիմք տալ եզրակացնելու այս կամ այն ծրագրի արդյունավետության վերաբերյալ»,- ասել է Գեւորգ Պապոյանը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է առաջիկա օրերին Գեւորգ Պապոյանի հետ այցելել մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ` տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին:

Սիսակ Գաբրիելյանը կարծիք է հայտնել, որ մյուս ոլորտների համեմատ խզվածք կա. գիտնականների դեպքում 83 տոկոսը ատեստավորվել են: «Ունե՞նք գիտնական, որ ատեստավորվել է, բարձր գումար է ստանում, բայց գիտությամբ չի զբաղվում»,- հարցրել է հանձնաժողովի նախագահը:

Սարգիս Հայոցյանը նշել է, որ, այո', կան չաշխատող գիտնականներ: Նա տեղեկացրել է, որ այս տարի կսահմանվեն ատեստավորման 2026 թվականի շրջափուլի ավելի բարձր պահանջներ, իսկ մինչեւ 2026 թվականը մարդկանց տրվելու է ինքնադրսեւորվելու ժամանակ: Գիտության կոմիտեի նախագահի գնահատմամբ այսօրվա դրությամբ համալսարանների ծրագրերում գիտական արդյունավետության տեսակետից բարելավում կա:

Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է նաեւ թատրոնների ֆինանսավորման նոր մոդելին, դերասանների վարձատրության մեխանիզմներին, սպորտի ոլորտում խրախուսման չափերի վերանայմանը, ուսուցիչների ատեստավորման գործընթացին եւ այլ հարցերի:

Պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Հակոբ Ասլանյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Էդգար Հակոբյանը հետաքրքրվել են դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման, բուհերում դիմորդների թվի անկման, ուսուցիչների ատեստավորման, դպրոցների ու մանկապարտեզների հիմնանորոգման գործընթացների, դպրոցներում թմրամիջոցներից կախվածության դեմ իրականացվող ծրագրերի, բյուջետային ծախսերի նպատակային օգտագործման եւ այլ խնդիրներով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am