National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.04.2023
Հակոբ Արշակյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ է հանձնել մեքսիկացի պատգամավորներին` Մեքսիկայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն օժանդակելու համար
1 / 13

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի անդամներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին եւ Ինդիրա Կեմպիս Մարտինեսին:

ԱԺ փոխնախագահի համոզմամբ Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու եւ խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ ու ողջունում է բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:

Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Մեքսիկական Միացյալ Նահանգների Սենատի անդամներին 2023 թվականի փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող փաստաթուղթը նախաձեռնելու եւ ընդունելու համար: Նրա խոսքով Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, եւ ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է դրանց հետագա կանխարգելման համար:

Խորհրդարանի փոխնախագահը հավելել է, որ գնահատելի է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ընթացքում Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարությունը: Նա հույս է հայտնել, որ Մեքսիկան ավելի հասցեական գնահատականի կարժանացնի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքներին, նշել, որ հայկական կողմը բարձր է գնահատում այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Մեքսիկայի ներկայացուցչի ելույթը: ԱԺ փոխնախագահի խոսքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար կարեւոր է խնդրին միջազգային հանրության շարունակական ուշադրությունը եւ առարկայական գործողությունները:

Մեքսիկացի սենատորները կարեւորել են խորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը եւ նշել, որ այդ ուղղությամբ շարունակական քայլեր են իրականացվում: Նրանք համոզմունք են հայտնել, որ պայքարում են՝ նման հանցագործություններն ամբողջ աշխարհում բացառելու համար: Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում թուրքական կողմից մեծ ճնշումներ են եղել: Ըստ նրա՝ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, եւ իրենք հարցը ներկայացրել են Սենատ:

ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանը հավելել է, որ այսօր եւս հայ ժողովուրդը ցեղասպանության խնդրի առջեւ է կանգնած. Ադրբեջանը փորձում է ցեղասպանության ենթարկել իր պատմական հայրենիքում ինքնորոշված Արցախի ժողովրդին: «Մենք դարձյալ Մեքսիկայի մեր բարեկամների օգնության կարիքն ունենք, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի հանցագործ ռեժիմի վրա, որ վերադառնա Արցախի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցություններին եւ հրաժարվի իր ցեղասպան մտադրություններից»,- եզրափակել է Արթուր Խաչատրյանը:

Բարեկամական խմբի անդամներ Թագուհի Ղազարյանը եւ Ալխաս Ղազարյանը եւս կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգերի առաջմղումը:

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը հյուրերին է հանձնել ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներ:

Հանդիպմանը մասնակցել են եղել նաեւ Մեքսիկայի Միչոական նահանգում ՀՀ պատվավոր հյուպատոս Հակոբ Սահակյանը եւ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am