ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 11-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է գործող օրենքի համապատասխան հոդվածի «հատուկ քննչական ծառայությանը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեին» բառերով:
Խնդիրն այն է, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանվում է, որ օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2007թ. նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, եւ դադարեցված է համարվում Հատուկ քննչական ծառայության գործունեությունը, որով էլ պայմանավորված է օրինագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ առաջին ընթերցումից հետո փոփոխվել է օրենքն ուժի մեջ մտնելու դրույթը: Ըստ այդմ՝ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հանձնաժողովականները օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն: