National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
27.10.2021
Ազգային ժողովը քննարկել է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը
1 / 28

Խորհրդարանը հոկտեմբերի 27-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Արտակ Չուբարի Մանուկյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտություններն ու աշխատանքային ուղին:

ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում իր գործունեության առաջնահերթությունները: Դրանք վերաբերում են նոր ֆինանսական նախագծերի իրականացմանը, միասնական չափորոշիչների մշակմանը, թվայնացման օրակարգի սպասարկմանն ուղղված աշխատանքներին, կապիտալ շուկայի զարգացման ծրագրերի իրականացմանը եւ դրա համեմատական մոնիտորինգին, ֆինանսական կրթվածության ծրագրերին: Արտակ Մանուկյանը կարեւորել է ոլորտի խնդիրները քննարկելու առումով հանրության հետ երկխոսությունը բարելավելու անհրաժեշտությունը: Կանաչ տնտեսության օրակարգի առաջմղման հարցում թեկնածուն ընդգծել է կանաչ պարտատոմսերի հավելյալ խթանման գործիքակազմի կիրառումը՝ նշելով, որ այս հարցում դեռեւս անելիքներ կան:

Արտակ Մանուկյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է գնաճի հետեւանքների հաղթահարման հարցում ԿԲ դերակատարությանը, մակրոտնտեսական միջավայրի հսկողությանը, կրիպտոարժույթների կարգավորմանը, ոլորտի արհեստավարժ մասնագետներին երկրում պահելու կարեւորությանը, գնումների գործընթացին եւ այլ խնդիրների: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցն առնչվել է էլեկտրոնային առեւտրաշրջանառությանը եւ վճարման միջոցներին: Նշվել է, որ մայրաքաղաքի փոքր շրջանառություն ունեցող եւ մարզային խանութներում էլեկտրոնային վճարման համակարգը գրեթե չի գործում: Արտակ Մանուկյանը կարծիք է հայտնել, որ այս մասով ավելի ռազմավարական ծրագրեր են իրականացվում: Ըստ նրա՝ թափանցիկության աճին նպաստող կարեւորագույն գործիք է անկանխիկ շրջանառությունը, որն այլընտրանք չունի:

Իրենց ելույթներում օրենսդիրները խոսել են թեկնածուի մասնագիտական որակների, դաշտում առկա խնդիրների մասին, անդրադարձել որոշ ապրանքների գների թանկացման պատճառներին, գնումների գործընթացին եւ մրցույթների անցկացմանը, նվազագույն աշխատավարձի բարձրացմանն ուղղված քայլերին եւ այլն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը հայտնելով՝ Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել Արտակ Մանուկյանի մարդկային որակները եւ մասնագիտական կարողությունները: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենք կողմ են քվեարկելու առաջադրված թեկնածությանը:

Եզրափակիչ ելույթում ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանն անդրադարձել է ելույթների ընթացքում հնչած որոշ դիտարկումներին, մասնավորապես գնումների գործընթացի, գների կայունության հարցում ԿԲ դերի վերաբերյալ: Չժխտելով, որ գնաճի հետեւանքով սոցիալական որոշակի լարվածություն կա՝ Արտակ Մանուկյանը կարեւորել է խորհրդարանում  ԿԲ-ի, Էկոնոմիկայի նախարարության եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկումների կազմակերպումը, որի ընթացքում հանրությունը կստանա հուզող հարցերի պատասխանները:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 145-րդ 10-րդ մասի համաձայն՝ ԿԲ խորհրդի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է քվեարկության անցկացման կարգը, ժամը եւ տեղը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS