Խորհրդարանի թանգարանը ստեղծվել է Երրորդ հանրապետության Ազգային ժողովի գործունեությանը զուգահեռ, սակայն տարիներ շարունակ չուներ հստակ դասակարգում կամ հուշանվերների անհատական նկարագրություն: 2018-ի սեպտեմբերի 20-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, Ազգային ժողովում բացվեց թանգարանային հատված, որտեղ ցուցադրվեցին այն հուշանվերները, որոնք խորհրդարանը ստացել է 1990-ից ի վեր: Թանգարանում կան անվանական նվերներ, հուշամեդալներ, նաեւ անանուն նվերներ՝ սկուտեղ, ծաղկաման, սպասք, նկարներ, ինքնաեռ, արձանիկներ ու արձաններ:
ԱԺ թանգարանային ցուցանմուշները ներկայացնում ենք Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Շարքը բացում է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում «Մեգերյան կարպետ» ընկերության նվիրած հուշանվեր-գորգը:
2018-ին ՀՀ Ազգային ժողով այցելած Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ այցելեց ձեռագործ գորգեր արտադրող «Մեգերյան կարպետ» ընկերության թանգարան-ցուցասրահ՝ ծանոթանալու գորգագործության հայկական ձեռագրին: Շրջայցի ավարտին «Մեգերյան կարպետ» ընկերությունը նվիրեց հուշանվեր-գորգ, որը մինչ օրս պահվում է ՀՀ ԱԺ թանգարանում: