Ապրիլի 14-ին խորհրդարանը շարունակեց ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անունից հարակից ելույթ ունեցավ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը: Նրա դիտարկմամբ՝ 2020 թվականին ճգնաժամային իրավիճակ է եղել հանրապետությունում, ինչի հետեւանքով Կառավարությունը համապատասխան կառավարում է իրականացրել: Գործադիր մարմինը միայն կորոնավիրուսով պայմանավորված` հաշվետու տարում շուրջ 210 մլրդ դրամի աջակցության ծրագրեր է իրականացրել: Գրանցվել է նաեւ 7.6 տոկոս տնտեսական անկում, ինչը նույնպես պայմանավորված է եղել համավարակով եւ պատերազմով: Պատգամավորն այդ իրավիճակում արդյունավետ գնահատեց Կառավարության իրականացրած ծրագրերը, ինչը թույլ է տվել խուսափելու ավելի մեծ տնտեսական անկումից: Կառավարությունն այս պահի դրությամբ 33 մլրդ դրամի աջակցության ծրագրեր է իրականացրել արցախցի մեր հայրենակիցների խնդիրների լուծման համար, շահառուների թիվը 110 հազար է: Առաջիկա 3 ամիսներին Կառավարությունը մտադիր է 23 մլրդ դրամի չափով շարունակել աջակցության ծրագրերի իրականացումը:
«Կարեւոր է, որ ապահովվել է մակրոտնտեսական կայունությունը»,-ընդգծեց Արտակ Մանուկյանը: