National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
18.1.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
18.01.2021
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 23

Հունվարի 18-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է  ՀՀ Ազգային ժողովի  յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքի մեկնարկը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրել է  ԿԸՀ թիվ 14 արձանագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր  Տիգրան Կարապետյանի մանդատը տրվել է «Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Աննա Գրիգորյանին: ԱԺ կազմը համալրած պատգամավորը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ նիստում երդվել է:

Արարատ Միրզոյանի ներկայացմամբ խորհրդարանը հաստատել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգերը:

Քննարկման են ներկայացվել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած հարցերը, որոնք սակայն խորհրդարանի որոշմամբ չեն ընդգրկվել նստաշրջանի օրակարգում: Այդ հարցերն էին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը,  «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության  նախագիծը եւ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագծին, քանի որ իշխանությունն արդեն իսկ հրապարակել է պատերազմի հետեւանքներից  հետո ստեղծված իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ ճանապարհային քարտեզ եւ քաղաքական ուժերին  առաջարկել է դրա հետ կապված քննարկումներ անցկացնել: Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից հնչեցվող տեսակետին, թե իշխանությունն իր  լեգիտիմության ճշգրտման անհրաժեշտություն  ունի, ապա այս հարցի հետ կապված իշխանությունը հայտարարել է, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական  ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քննարկումներ անցկացնել: Նկատի ունենալով վերոշարադրյալը՝ Լիլիթ Մակունցը  նշել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը ոչ թե միտված է խնդիրների լուծմանն ու լարվածության թուլացմանը, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ նախագծի նպատակն է հստակեցնել հարկային վարչարարության շրջանակում իրականացվող՝ օրենսդրորեն սահմանված գործողություններին խոչընդոտելու համար վարչական պատասխանատվություն սահմանելու հետ կապված հարաբերությունները: Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն, իսկ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հիմնականում տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը,որով հստակեցվում են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը, եղանակը, սահմանվում են նաեւ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման կանոնակարգումները: Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ ներկայում  ՎԻՎ վարույթները հարուցվում եւ իրականացվում են թղթային եղանակով: Նախագծով  նախատեսվել է դրանք իրականացնել ավտոմատացված ձեւով: Ըստ հիմնական զեկուցողի՝ ՎԻՎ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային  համակարգում կներդրվի հստակ մեխանիզմ, վարույթները կիրականացվեն առանց մարդկային գործոնի ազդեցության, հարկ վճարողների հետ շփումների կրճատման արդյունքում կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, կկրճատվեն վարչական ծախսերը, իսկ առկա աշխատանքային ռեսուրսներն ավելի նպատակային  կօգտագործվեն:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով՝ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանն առաջին ընթերցմամբ քննարկմանն է ներկայացրել ««Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

Պատգամավորների հարցերը վերաբերել են առաջարկվող կարգավորման պատճառներին, անհրաժեշտությանը, հրամայականին:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը տեղեկացրել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն եւ առաջարկել է կողմ քվեարկել:

««Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունիսի 7-ին: Փաստաթղթի վավերացմամբ նախատեսվում է մասնակից պետությունների միջեւ տեղեկատվական փոխգործակցության ապահովում մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, աջակցություն մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերմանը եւ կանխարգելմանը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ նախագիծը համակողմանիորեն քննարկվել է հանձնաժողովում: Նա անդրադարձել է նաեւ միջուկային վառելիքի թափոնների կառավարմանը՝ կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ներմուծել էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով ծանուցման եղանակ, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, կնպաստի քննչական գործողությունների կամ դատական նիստերի մասին դատավարության մասնակիցների տեղեկատվության ապահովմանը՝ դարձնելով այն առավել հասանելի, օպերատիվ եւ հարմարավետ: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հիմնականում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, հարցի առնչությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ արդարադատության նախարարության հետ:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը տեղեկացրել է, որ քննարկված նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն եւ առաջարկել է կողմ քվեարկել:

Հաջորդիվ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվող կարգավորումը կվերացնի Մրցութային խորհրդի ձեւավորված համարվելու հետ կապված տարընթերցումները, եւ ողջամիտ ժամանակ կտրվի առաջացած թափուր անդամի մրցույթի կազմակերպման համար: Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ հանձնաժողովում քննարկվել է նախագիծը, անդրադարձ է կատարվել նաեւ հեռավար նիստերի անցկացման կարգին: Նա առաջարկել է կողմ քվեարկել:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ քննարկված նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն:

««Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» ԱՊՀ մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:

Կոնվենցիան ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 11-ին: Նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների ինքնիշխանությունը հարգելու եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա ամրապնդել միջազգային համագործակցությունը եւ ընդլայնել քրեական արդարադատության ոլորտում փոխադարձ օգնությունը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ քննարկված նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նաեւ ««Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Արձանագրությունը կոչված է ամրապնդելու եւ լրացնելու ազգային եւ տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:

Քննարկված նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը:

Խորհրդարանը քննարկել է ««Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը: Ըստ նրա՝ արձանագրությունը ստորագրվել է 1989թ. դեկտեմբերի 15-ին, մեր երկրի կողմից՝ 2019թ. սեպտեմբերի 26-ին, այս պահի դրությամբ փաստաթուղթը ստորագրել է 44 պետություն: Արձանագրությամբ ամրագրվում է, որ արձանագրության Կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի, եւ յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի բոլոր միջոցներն իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի  մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա, կարեւոր համարելով մեր երկրի կողմից արձանագրության վավերացումը, կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Արփինե Դավոյանի, Քրիստինե Պողոսյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիր» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցումից հետո ներկայացված առաջարկների հիման վրա նախագծերը լրամշակվել են եւ հավանության արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից: Նախարարը նշել է, որ հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները, մասնավորապես սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաեւ այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, սակայն ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:

Փաթեթի նախագծերում կատարվել են նաեւ այլ փոփոխություններ, այդ թվում՝ տեխնիկական:

Այնուհետեւ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ սնանկության գործերի հարաբերակցությունը: Փոփոխությունների արդյունքում սնանկության եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը կքննվեն առանձին դատարանների կողմից:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը՝ նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը: Ըստ նախարարի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում եւս մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվաքանակով: Նախաձեռնությամբ սահմանվում են հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավոր նշանակվելու առավել խիստ սահմանափակումներ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որի ընդունումը, ըստ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, բխում է Կառավարության գործունեության ծրագրի եւ 2019թ. հոկտեմբերի 3-ին հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարության  պահանջները կատարելու անհրաժեշտությունից:

Գործադիրն առաջարկում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե: Նախարարի տեղեկացմամբ՝ կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերով: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու են մրցութային կարգով: Նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, ունի անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ` ստանդարտացված թեստային համակարգերով կամ Կառավարության սահմանած կարգով ստուգվող լեզվական գիտելիքների B1 մակարդակի իմացություն եւ այլն:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, կարեւորել է նախագծի ընդունումը: Նրա գնահատմամբ՝ ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմինն առավել ծավալուն եւ մասնագիտացված քննություն կիրականացնի կոռուպցիոն գործերի մասով:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները: Անի Սամսոնյանը նշել է, որ իրենց քաղաքական ուժի համար անընդունելի է հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի նշանակումը երկրի վարչապետի կողմից: Նա կարեւորել է այդ մարմնի ղեկավարի ընտրությունը Ազգային ժողովի կողմից: Լիլիթ Ստեփանյանը փորձել է պարզել, թե բարեվարքության ինչպիսի մոդելներ են ներդրված նախագծում, որը հնարավորություն կտա նոր ձեւավորվող հակակոռուպցիոն մարմինը համալրելու անբասիր կենսագրությամբ անդամներով: Արման Բաբաջանյանը խոսել է դատական համակարգը առողջացնելու հարցում «վիրահատական» միջամտության կարեւորության, կոռումպացված դատավորների մասին: Հերիքնազ Տիգրանյանը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել նախաձեռնությանը՝ եւս մեկ քայլ կատարելով կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի հարցում: Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է որոշ քաղաքական հայտարարությունների, խոսել դատական իշխանությունում իրական բարեփոխումներ իրականացնելու կարեւորության մասին:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին ընտրի խորհրդարանը, ինչը, ըստ խմբակցության ղեկավարի, հավելյալ լեգիտիմություն կհաղորդի գործընթացին:

Եզրափակիչ ելույթներում Սերգեյ Ատոմյանը եւ Ռուստամ Բադասյանն անդրադարձել են հնչած տեսակետներին եւ առաջարկներին, որոշների մասով առարկություններ ներկայացրել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենսդրական փաթեթը, Կառավարության հեղինակած «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրինագիծը, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից օրենսդրական փաթեթները, ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Խորհրդարանն օրակարգային հարցերի քննարկումը կշարունակի հունվարի 19-ին՝ ժամը 10:00-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS