National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
13.1.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
13.01.2021
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ
1 / 6

Հունվարի 13-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ նիստ է գումարել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ նախաձեռնության ընդունումը բխում է Կառավարության հակակոռուպցիոն եւ դատաիրավական ռազմավարությունների պահանջները կատարելու անհրաժեշտությունից: Գործադիրն առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը՝ նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը: Նախարարի խոսքով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում եւս մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվաքանակով:

Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ սնանկության գործերի հարաբերակցությունը:

Նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին»  օրենքի նախագիծը, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ու դրանց կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները: Առաջարկների հիման վրա լրամշակելու նպատակով հետաձգվել են քննարկված հարցերի քվեարկությունները:

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած եւ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Նիկոլայ Բաղդասարյանի ու գործադիրի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նշվել է, որ հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության Գործունեության ծրագիրը եւ Հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե: Նախարարի տեղեկացմամբ՝ կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերով: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու են մրցութային կարգով: Նախագծով Հակակոռուպցիոն ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, ունի անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ` ստանդարտացված թեստային համակարգերով կամ Կառավարության սահմանած կարգով ստուգվող լեզվական գիտելիքների B1 մակարդակի իմացություն եւ այլն:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը նշել է, որ հակակոռուպցիոն կոմիտեն համալրելու են ավելի մեծ փորձառություն ունեցող քննիչներ, որոնք ավելի բարդ գործերով են զբաղվելու, ինչով էլ պայմանավորված է լինելու նրանց բարձր վարձատրությունը: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Պատգամավորներն անդրադարձել են դասային աստիճանների շնորհման նպատակահարմարությանը, Հակակոռուպցիոն ծառայողի պաշտոնի համար նախատեսված պահանջների հստակեցմանը եւ այլն:

Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Հանրային ծառայության մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» ԱԺ որոշման նախագիծը քննարկման է ներկայացրել Տարոն Սիմոնյանը: Նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, լինելով խորհրդարանական պետության առաջնային մանդատով օժտված միակ մարմինը, չի կարող մեկուսացած մնալ իրավաքաղաքական եւ ռազմաքաղաքական գործընթացներից: Տարոն Սիմոնյանը տեղեկացրել է, որ իրենք նախագիծը նոյեմբերին են ներկայացրել, որպեսզի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո արտահերթ նիստում քննարկվի, սակայն նիստը չի կայացել եւ սահմանված ընթացակարգով փաստաթուղթն այժմ է քննարկվում: Նա մասնավորապես անդրադարձել է համաձայնագրի 8-րդ կետին, որը վերաբերում է ռազմագերիների եւ ձերբակալված քաղաքացիական անձանց վերադարձին: Տարոն Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից այդ կետը չի կատարվել, եւ սա առիթ է այդ հարցն ԱԺ ամբիոնից քաղաքական մակարդակում հնչեցնելու:

Ըստ Տարոն Սիմոնյանի՝ խորհրդարանը պետք է արտահայտի իր դիրքորոշումն առ այն, որ չի ընդունում միջազգային իրավունքի խախտում պարունակող դրույթները, որոնք հռչակվել են այդ հայտարարության մեջ:

Պատգամավորները փորձել են պարզել, թե արդյո՞ք նման քաղաքական քննարկումները գերիների վերադարձի հարցում կարող են ունենալ դրական ազդեցություն, քանի որ հարցի քննարկումն ԱԺ լիազորությունների շրջանակում չէ: Վերոնշյալ հարցերի առնչությամբ Տարոն Սիմոնյանը պարզաբանումներ է ներկայացրել:

Հարակից զեկույցում պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կարծիք է հայտնել, որ որեւէ հարցի իրավաչափություն քննարկելու եւ այդ հարցով որոշում կայացնելու իրավասություն խորհրդարանը չունի՝ ընդգծելով, որ ԱԺ առանձին պատգամավորներ, իհարկե, կարող են քաղաքական գնահատականներ հնչեցնել այս կամ այն հարցի իրավաչափության վերաբերյալ: Պատգամավորն առաջարկել է բացասական եզրակացություն տալ ներկայացված նախագծին: Նա նկատել է, որ գերիների հարցը խորհրդարանում փակ ընթացակարգով արդեն քննարկվել է, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում հույս է հայտնել, որ նախագիծը քննարկելով՝ հնարավորություն կլինի անդրադառնալու հայտարարության 8-րդ կետին, ի լուր աշխարհի ասել, որ Ադրբեջանը հանցագործություն է կատարում, ռազմագերիներին չհանձնելով` խախտում է եւ՛ Ժնեւյան կոնվենցիաները, եւ՛ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հստակեցրել է, որ փաստաթուղթը իրենց հանձնաժողովում քննարկվում է սահմանված ժամկետում: Նա առաջարկել է ձեւավորել աշխատանքային խումբ՝ փորձելով վեր հանել ռազմական հանցագործությունների խնդիրները: Հանձնաժողովի նախագահն այս հարցում կարեւորել է գործուն եւ արդյունավետ քայլերի ձեռնարկումը:

Քննարկումների արդյունքում նախագիծը չի ստացել դրական եզրակացություն:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Հիմնական զեկույցում Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ փաստաթուղթը հրապարակվել է նոյեմբերի 14-ին՝ ընդգծելով, որ այն գրեթե ամբողջությամբ արդիական է: Առաջարկվող ծրագրով պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, խորհրդարանն ընտրի վարչապետ, ձեւավորվի անցումային կառավարություն: Նախագծով նախատեսվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում. Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում` հայանպաստ լուծումների հասնելու նպատակով, Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում, ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում, պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Փաստաթղթով առաջարկվում է զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում, կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում, միջազգային դոնորների համաժողովի հրավիրում, Հայաստան-Արցախ ավիրված ճանապարհահատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում, հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում եւ այլն:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը կոչ է արել գործընկերներին տալ բացասական եզրակացություն:

Պատգամավորների մի մասն իրենց ելույթներում եւ հարցադրումներում վեր են հանել այն խնդիրները, որոնք կծագեն նախագծի ընդունմամբ, հայտարարության որոշ կետերի քննարկումը համարել ժամանակավրեպ եւ ոչ նպատակահարմար:

Քննարկված հայտարարության նախագիծը չի ստացել դրական եզրակացություն:

Հանձնաժողովը հերթական նիստի աշխատանքը կշարունակի հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին:
 


13.01.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են հարկային ոլորտին, տնտեսական մրցակցության պաշտպանությանը, արտոնագրերին առնչվող նախագծեր եւ միջազգային համաձայնագրեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունվարի 13-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Արտոնագրերի մասին» եւ կից նախագծերի փաթեթը: 13 գլխից եւ 86 հոդվածից բաղկացած օրինագծով փորձ է արվում կարգավորել գյուտերի ստեղծման, իրավակա...

13.01.2021
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 13-ին կայացած հերթական նիստում, որը նախագահել է Վահե Ղալումյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացու...

13.01.2021
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը Բաքվի հակահայկական ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ
1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի հայ բնակչությունը ենթարկվեց համակարգված եւ զանգվածային կոտորածի: Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած ջարդերը մաս դարձան ադրբեջանական պետական հայատյացության եւ էթնիկ զտումների քաղաքականության: Հակահայ այս քաղաքականությունը շարունակ...

13.01.2021
Հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հունվարի13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նե...

13.01.2021
ԱԺ մշտական հանձնաժողովն առաջիկայում կքննարկի «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել  Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենք...

13.01.2021
Տեղեկատվություն
Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 414 սենյակում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման ձեւաչափով կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել հանդիպման միայն...

13.01.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ուղիղ հեռարձակումներ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:30-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: Առողջապահության եւ սոցիալական հարցե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS