National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.4.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
14.04.2020
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 27

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 14-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:  Պատգամավորները    դրական եզրակացություն չեն տվել ԱԺ մշտական հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած երեք օրենսդրական նախաձեռնություններին, որոնց հեղինակը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր, հետեւաբար դրանք չեն ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:

Գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել նաեւ ՀՀ Կառավարության հեղինակած  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որն արժանացել է  խորհրդարանի  հավանությանը եւ  ընդգրկվել  նստաշրջանի օրակարգում:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են մի շարք օրինագծեր:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ Կառավարության ներկայացրած «ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, անձի անձնական ազատությունը երաշխավորող միջազգային իրավական փաստաթղթերին:

Կատարելագործելու նպատակով փոփոխություններ կկատարվեն խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական այլ նորմերում, ուժը կորցրած կճանաչվեն իրավակիրառ պրակտիկայում փաստացի չգործող նորմերը:  Նախատեսվում է, որ գրավը կարող է դիտարկվել որպես այլընտրանքային խափանման միջոց եւ կիրառելի  դառնալ ոչ միայն դատարանի, այլ նաեւ  վարույթ  իրականացնող մարմինների կողմից:

Նախագծին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Քվեարկության արդյունքում  նախագիծն ընդունվել է:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված էր մինչդատական վարույթում այլ երկրում քննչական  գործողություններ կատարելը կարգավորելու հարցին:

Այս նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության կարծիքները բացասական էին, քանի որ, ըստ հարակից զեկուցողների, այն լրացուցիչ քննարկման եւ ձեւակերպումների հստակեցման կարիք ունի:

Նիկոլայ Բաղդասարյանը  երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ իր եւ Նազելի Բաղդասարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամրագրել, որ մինչդատական վարույթում կարող է տեսաձայնագրառվել վկայի եւ տուժողի  հարցաքննության  ցուցմունքները: Զեկուցողի խոսքով՝ տեսաձայնագրառում չի կատարվի, եթե հարցաքննվողը  դա չի ցանկանում, կամ քննիչը չունի համապատասխան տեխնիկական միջոցներ: Համահեղինակի դիտարկմամբ՝ հարցաքննվողի ժեստերը փաստերի արժանահավատության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն կարող են տալ դատավորին:

 ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ Կառավարության եզրակացությունները նախագծի վերաբերյալ դրական էին:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել 226.2-րդ հոդվածով, որով պատասխանատվություն կնախատեսվի անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով  կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, 385-րդ, 397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ներկայացնելով իր ղեկավարած հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ սա եվրոպական մայրցամաքում ատելության խոսքի արգելմանն ուղղված միջոցառումներից մեկն է՝ կարեւորելով Հայաստանում եւս համապատասխան դատապարտող օրենսդրություն ունենալը, այդ թվում՝ քրեաիրավական հարթությունում: Նա արժեւորել է ատելության խոսքին վերաբերող օրինագծի առկայությունը. այն, ըստ Վլադիմիր Վարդանյանի, կապահովի անհրաժեշտ միջավայր, որի շրջանակում առավել կհստակեցվի այս նորմի կիրառումը եւ հնարավոր կլինի հասկանալ, թե մեզ մոտ ինչ չափորոշիչներ են անհրաժեշտ բռնության կոչերի դատապարտման առումով:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենսդրական փաթեթը: Տարոն Սիմոնյանը հիշեցրել է, որ նախագիծը վերաբերում է մինչեւ տասնհինգ հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների եւ նրանց տեղակալների կողմից եկամուտի հայտարարագիր ներկայացնելու կարգի սահմանմանը՝ նշելով, որ մինչ այժմ օրենսդրությամբ նման պահանջ սահմանված չէ: Վերոնշյալ անձինք 2020 թվականի հուլիսի մեկից մինչեւ հոկտեմբերի մեկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պետք է ներկայացնեն 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիր:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել էր դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նախաձեռնությամբ վերականգնվում է իրավահավասարությունը տարբեր համայնքների միջեւ, բոլոր համայնքների ղեկավարներին եւ նրանց տեղակալներին տրվում է միեւնույն կարգավիճակը, այդ թվում՝ հայտարարագրի ինստիտուտի կիրառման տեսանկյունից:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ Կառավարությունը նախագծի լրամշակման աշխատանքներին մասնակցել է, եւ այն գործադրի համար ընդունելի տարբերակ է:

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար: Հիշեցնենք, որ նախագիծը վերաբերում է ձերբակալված եւ կալանավորված անձանց պահման վայրեր ԱԺ պատգամավորների այցելությանը եւ այդ անձանց հետ նրանց անարգել տեսակցելու հնարավորությանը:

Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը՝ Նիկոլայ  Բաղդասարյանը կարծիք է հայտնել, որ այս կարգավորումը հեղինակները պետք է տային Քրեական դատավարության օրենսգրքում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հարակից զեկույցում ներկայացրել է Կառավարության առաջարկը, որը չի ընդունվել հեղինակների կողմից: Գործադրի առաջարկով քրեակատարողական հիմնարկ անարգել մուտք եւ ելք գործելու իրավունք ունեցող անձը պետք է կարողանա նաեւ անարգել տեսնել այն ձերբակալված կամ կալանավորված անձին, ում վերաբերյալ առկա է համապատասխան սահմանափակող որոշում, ուղղել նրան հարցեր վարչակազմի ներկայությամբ, այսինքն՝ փաստացի տեսնել, բայց չտեսակցել: Եթե պատգամավորը ցանկանա առանձին ռեժիմում տեսակցել համապատասխան անձին, ապա պետք է դիմի վարույթն իրականացնող մարմնին եւ ստանա համապատասխան թույլտվություն, ընդ որում մերժումը այդ մարմնի կողմից  պետք է լինի պատճառաբանված որոշմամբ:  Փոխնախարարը կոչ է արել դեմ քվեարկել առաջարկվող կարգավորումներին, քանի որ դրանք չեն սպասարկում ոչ  միայն քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց, այլ նաեւ արդարադատության շահերը:

ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում բարձրաձայնել են նախագծով նախատեսված իրավակարգավորումների դրական եւ բացասական կողմերը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնել է Էդմոն Մարուքյանը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նախագծի նախապատմությանը, գործող իրավակարգավորման սահմանափակող դրույթներին, նախաձեռնությունն ընդունելու հիմնավորումներ ներկայացրել:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Սուրեն Գրիգորյանը: Նա ներկայացրել է իր դիրքորոշումը նախաձեռնության վերաբերյալ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է հնարավորություն տալ ծնողին միանվագ ստանալ երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ որպես ընտանեկան դրամագլուխ վճարվող մասը (երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում՝ 1 մլն դրամից 500 հազ. դրամը, իսկ հինգերորդ եւ հաջորդ երեխայի դեպքում՝  1,5 մլն դրամից 1 մլն դրամը):

Միքայել Մելքումյանն առաջարկում էր նաեւ  խնամքի նպաստ նշանակել չաշխատող ծնողին՝ մինչեւ երեխայի մեկ տարեկանը լրանալը, սակայն գործադիրն առաջարկել է այս փուլում ձեռնպահ մնալ նման փոփոխություն կատարելուց, ինչը հեղինակն ընդունել է:

Նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունը կտարածվի այն դեպքերի վրա, երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է 2020 թվականի հուլիսի 1-ին եւ դրանից հետո:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրինագծին:

Պատգամավորները կարեւորել են նախաձեռնությունը, խոսել հատկապես գյուղերում ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացման եւ մայրական կապիտալի երկարաժամկետ ու կուտակային ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունից:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ առաջարկվում է Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների, ինչպես նաեւ բաժնետոմսերի եւ դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել ՀՀ գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, ԱԱԾ-ի, ՏՄՊՊՀ-ի, ՊԵԿ-ի, Ոստիկանության համար:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հարցի քննարկումը կշարունակվի ապրիլի 15-ի ԱԺ նիստում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


14.04.2020
Աշխատանքային քննարկում գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 14-ին կայացել է աշխատանքային քննարկում գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ,...

14.04.2020
ԱԺ մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր՝ ժամը 13:30-ին կայանալիք աշխատանքային քննարկմանը կարող եք հետեւել հետեւյալ հղումով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am