National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
10.04.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
10.04.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 9

Ապրիլի 10-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է  5.8%-ով: 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացվել եւ սահմանվել է 68 հազար դրամ: 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է շուրջ 64 հազար նպաստառուի նպաստների եւ 3 հազարից ավելի զինվորական կենսաթոշակառուի կենսաթոշակների չափերը՝ սահմանելով 25,500 դրամ:  2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների չափը բարձրացվել է միջինը 10%-ով:

Քաղաքացիներին պետական աջակցությունից ունեցած երկարատեւ կախվածությունից աստիճանաբար ձերբազատելու եւ արժանապատիվ ու սեփական վաստակ ունենալու հնարավորություն ընձեռելու նպատակով Կառավարությունը ներդրել է բազմաթիվ ծրագրեր եւ իրականացրել օրենսդրական կարգավորումներ, մասնավորապես. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կստանա աջակցություն անասնապահությամբ զբաղվելու համար:

Կառավարությունը ներդրել է ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր: Մասնավորապես՝ վեց անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ, իսկ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կլինի 300 հազար դրամ, նախկին 150 հազարի փոխարեն: 2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18 հազար դրամի փոխարեն սահմանվել է 26,500 դրամ:

Մեկնարկել է մանկատան շուրջ 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է 1.9 մլրդ դրամ: 55 շահառուների համար արդեն կայացվել են վկայագրերի տրամադրման որոշումներ: Բացի այդ, ծրագրի շահառուները առաջնահերթության կարգով ընդգրկվել են նաեւ զբաղվածության պետական ծրագրերում: Այսպիսով, Կառավարությունը կատարում է մանկատան սաների առջեւ 2003 թվականից չկատարված պետական պարտավորությունը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում  առողջապահության ոլորտում կատարված ծրագրերը:

Նա, մասնավորապես նշել է, որ 2019 թվականի հուլիսի 4-ից պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացվում են մինչեւ 18 տարեկան երեխաների համար, որի շնորհիվ առկա է երեխաների բուժօգնության մատչելիության բարելավում: 2019 թվականից մոտ 500,000-ով ավելացել է սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված այն քաղաքացիների թիվը, որոնց համար նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառումով միջամտություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված ծրագրերի շրջանակներում:

2019 թվականին ընդլայնվել են ՀՀ ամբողջ բնակչությանը պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով մատուցվող սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունները: 2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն ամբողջ բնակչության համար կատարվում է անվճար: 2019 թվականի հուլիսից հաստատված չարորակ ուռուցքաբանական եւ արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար մինչեւ 15 MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով:

2019 թվականի փետրվարից իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման եւ մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը՝ ամբողջ բնակչության համար, որի շրջանակներում բուժօգնություն է ստացել 345 քաղաքացի:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեով ձեռք են բերվել 14 անուն հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիոթերապիայի համար: Մոտ 400 անուն դեղեր, որոնք անհասանելի էին անապահով ընտանիքների համար, 2019 թվականի հուլիսի 1-ից տրամադրվում են անվճար: Այս արտոնությունից օգտվում է մոտ 200 հազար շահառու:

Նախարարները պատասխանել են պատգամավորների հնչեցրած բազմաթիվ  հարցադրումների:

Հանձնաժողովը զեկույցներն ընդունել է ի գիտություն:

Հաջորդիվ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հայկ Կոնջորյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին եւ Կառավարության ներկայացրած «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է երկրորդ ըներցմամբ:

Օրենքի նախագծով հնարավորություն է տրվելու մարդկանց արտերկրից ձեռք բերված դեղերը ստանալ նաեւ փոստային առաքմամբ:

Հեղինակի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, հարցի առնչությամբ հանդիպումներ եւ քննարկումներ են եղել շահագրգիռ անձանց հետ: Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում օրինագիծն ավելի արդիական է, այն հնարավորություն կընձեռնի փոստային ծառայությամբ կամ բեռնափոխադրման միջոցով ստանալ այն դեղերը, որոնք Հայաստանում չկան:

Հարակից զեկուցող Նարեկ Զեյլանյանը նշել է, որ մտավախություն ունի օրինագծի վերաբերյալ: Ըստ նրա՝ այն հնարավություն կտա մաքսանենգերին ապօրինի ճանապարհով դեղերի վաճառք իրականացնել: Ինչպես նաեւ շուկայում կհայտնվեն անորոկ դեղեր:

Քննարկման արդյունքում հեղինակն առաջարկել է օրինագծի քննարկումը հետաձգել՝ հավելյալ աշխատելու եւ ուսումնասիրելու նպատակով:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանի, Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումները:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, որով առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների նշանակման անկանխիկ եղանակի՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եթե՝ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը կենսաթոշակների եւ խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է հնարավորություն տալ ծնողին միանվագ ստանալ երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ որպես ընտանեկան դրամագլուխ վճարվող մասը (երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում՝ 1 մլն դրամից 500 հազ. դրամը, իսկ հինգերորդ եւ հաջորդ երեխայի դեպքում՝  1,5 մլն դրամից 1 մլն դրամը):  Միքայել Մելքումյանի երկրորդ առաջարկով էլ նախատեսվում է խնամքի նպաստ նշանակել նաեւ չաշխատող ծնողին՝ մինչեւ երեխայի մեկ տարեկանը լրանալը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է նշված աջակցության գործիքների միջոցով ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ:

Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ ընդունել է Կառավարության ներկայացրած առաջարկները: Գործադիրը հիմնականում առաջարկում է այս փուլում ձեռնպահ մնալ նախագծի երկրորդ հոդվածով առաջարկվող փոփոխությունից:

Նախաձեռնությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել լիազորված մարմնի իրավասությունները, որը հնարավորություն կտա ընդունելու օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաեւ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի բաշխումը՝ ըստ տարածքների, դարձնել առավել ճկուն ու հասցեական եւ աշխատաշուկայի փոփոխություններին արագ արձագանքող՝ այդպիսով ծրագրերը դարձնելով առավել թիրախավորված եւ, որպես արդյունք, բարելավելով կատարողականի ցուցանիշները: Նախատեսվում է նաեւ աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացնել նոր չափանիշներով:


10.04.2020
Գործադիրը լրացումներ է առաջարկում հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությանը ու գովազդի կարգավորմանը վերաբերող օրենքներում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 10-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը,  առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գովազգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախ...

10.04.2020
Քննարկվել են մրցակցության միասնական կանոնների պահպանմանը, վտանգավոր թափոնների տեղափոխմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 10-ի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականաց...

10.04.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

10.04.2020
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղումով:...

10.04.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS