National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
25.02.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
25.02.2020
Խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
1 / 28

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման նպատակով:

Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի, դատական իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավաբան գիտնականներ, փորձագետներ, ոլորտով հետաքրքրված անձինք:

Բացման խոսքով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Բանախոսը, կարեւորելով դատական համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը, նշել է, որ դատական իշխանությունն իրավական պետության ստեղծման, կայացման եւ զարգացման հիմքն է: Ըստ նրա՝ առանց դատական իշխանության չեն կարող երաշխավորվել իրավական պետության ձեւավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, միջազգային չափորոշիչներին համաձայն երկրի կայուն եւ հարատեւ զարգացումը: «Մենք բազմիցս անդրադարձել ենք դատական իշխանության ներսում առկա խնդիրներին, հավատացնում ենք ձեզ, որ դատական իշխանության ներսում եւս այդ խնդիրները քաջ գիտակցում են եւ համատեղ ջանքերով փորձ ենք կատարում վերացներ այն բոլոր խնդիրները, որոնք խոչընդոտում են այսօր դատական իշխանության իրականացմանը»:

Դատաիրավական բարեփոխումներն, ըստ բանախոսի, ժողովրդավարական Հայաստանի զարգացման կարեւորագույն հանգրվաններից մեկն է:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել  է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի հիմնական դրույթները:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ փաթեթը բավականին երկար եւ ընդգրկուն քննարկումներ է անցել. կազմակերպվել են նաեւ հանրային քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնց  ընթացքում ստացվել են բազմաթիվ առաջարկներ: Դատական օրենսգիրքն անցել է նաեւ միջազգային փորձաքննություն, ստացվել է Վենետիկի հանձնաժողովի՝  դրական իրավական կարծիքը:

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, փոփոխվել է էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի անդամների թիվը: Հանձնաժողովի կազմում, ըստ առաջարկվող փոփոխության, ընդգրկվում է ութ անդամ, որոնցից երկուսը՝ մասնագիտացված դատարանների դատավորներից՝ յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից` մեկ դատավոր, երկուսը` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից՝ քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը՝ Վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներից: Բացի դատավորներից, Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ընդգրկվում են 2 հեղինակավոր իրավաբան գիտնական՝ հասարակական կազմակերպություններից ներկայացված, որն էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացել է գովասանքի: Կարծիք է հայտնվել, որ դա լրացուցիչ թափանցիկություն է հաղորդելու հանձնաժողովին:

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու է 5 անդամ` երկու իրավաբան գիտնական, մեկ դատավոր: Վճռաբեկ դատարանից, մեկ դատավոր՝ Վերաքննիչ դատարանից եւ մեկ դատավոր՝ առաջին ատյանի դատարանից: Գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները:

ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ նախագծերի փաթեթով սահմանվել են դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ:

Նախագծերի փաթեթով փոփոխվել է  կարգապահական խախտման հիմքը: Ըստ բանախոսի՝ գործող օրենքով խախտում է համարվում ակնհայտ եւ կոպիտը, օրինագծերի փաթեթով սահմանվել է դիտավորությամբ եւ կոպիտ անփությությամբ կատարված գործողությունները:

Վերացվել է դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը, ինչպես նաեւ իջեցվել է դատավորների թեկնածուների տարիքային շեմը՝ 28-ից դառնալով 25: Փոփոխությունը, ըստ բանախոսի, կապահովի Նոր սերնդի ներկայացուցիչների մուտքը դատական համակարգ:

Նոր մեխանիզմներ են սահմանվել դատավորների թեկնածուների ընտրության համար: Հարցազրույցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաշվի է առնվելու ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին: Երկրորդ նորամուծությունն այն է, որ ԲԴԽ-ի կողմից պետք է սահմանվեն հոգեբանական թեստի չափանիշները, ինչի հիման վրա էլ էլեկտրոնային հարթակ կմշակվի ու արդյունքը կներկայացվի ԲԴԽ-ին` կրկին խորհրդատվական բնույթ կրելով:

Նախագծերի փաթեթով սահմանված է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ողջունելով հանրային լսումների անցկացումը, նշել է, որ  Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի դատական իշխանության իրականացումը՝ սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, իսկ պետական իշխանության իրականացումը՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա: «Այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնակատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի հարգանքով վերաբերվելու մյուսին եւ առաջնորդվելու միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով: ՀՀ -ում դատարանները պետք է լինեն իրապես անկախ, այդ անկախությունը պետք է լինի ոչ թե թղթի վրա, այլ իրական: Միայն իրական դատական համակարգի պայմաններում մեր երկրում կարող է երաշխավորված լինել արդյունավետ դատական իշխանություն: Դատարանները կոչված են ապահովելու երկրի իրավական անվտանգությունը եւ իրավական համակարգի կայունությունը: Նրանց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության անխափան ապահովմանը: Հայաստանի Հանրապետության դատական համակարգում առկա է տարիներով կուտակված եւ նույնիսկ քրոնիկ դարձած խնդիրներ, որոնցից է թե՛ արտաքին ու թե՛ ներքին անկախության երաշխավորումը, ցածր է վստահությունը դատական համակարգի նկատմամբ, որոնց մասին վկայում են ՄԻՊ-ին հասցեագրված բազմաթիվ նամակները»,-ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ մշտապես ունենում են կառուցողական քննարկումներ տարբեր օրինագծերի վերաբերյալ: Նա գնահատականներ է հնչեցրել նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Ըստ նրա՝ դրանցով կարեւոր քայլեր են կատարվում դատական համակարգի բարեվարքության ապահովվման, ինստիտուտի ներդնման առումով: ԲԴԽ անդամը ներկայացրել է մի շարք առաջարկներ եւ մտահոգություններ օրնագծերի փաթեթի մի շարք դրույթերի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը վստահեցրել է, որ դատական իշխանության ներկայացուցիչները եւս շահագրգիռ են որպեսզի վերհանվի դատական իշխանության առաջընթացին խոչընդոտող խնդիրները եւ փորձել դրանք լուծել: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության 230 դատավորի վարույթում առկա է 250.000 գործ: Յուրաքանչյուր դատավոր տարեկան 1000-ից ավելի գործ է քննում: Դրանից ելնելով դատավորներն աշխատում են թե՛ աշխատանքային ու թե՛ ոչ աշխատանքային օրերին: Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ դատավորների աշխատանքի վերաբերյալ տեղեկատվության պակաս կա: Երվանդ Խունդկարյանը նաեւ ներկայացրել է մտահոգություններ ու առաջարկներ նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ:

Բանախոսները պատասխանել են բազմաթիվ հարցադրումների:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է դատական նիստերի ողջամիտ ժամկետներին, նշելով որ դատարաններում առկա են տարիներով ձգվող նիստեր: Դատավորների թենկածուների օտար լեզուներ իմանալու պահանջի վերաբերյալ պատգամավորը նշել է, որ իր համար կարեւոր է որ դատավորները իմանան մեկ ընդհանուր լեզու՝ օրենքի լեզու: Բանախոսի կարծիքով՝ վերոնշյալ պահանջով կսահմանափակվի իրական մասնագետների մուտքը դատական համակարգ: Նաիրա Զոհրաբյանը նաեւ կարեւորել է մասնագիտական դատարաններ ունենալը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարեւորել է համակարգի հիվանդության ախտորոշումը: Դատական իշխանության մաքրումը, ըստ նրա, կարելի է համարել հեղափոխության եւ հետհեղափոխության անկյունաքարային նշանակության իրողություն: «Հեղափոխությունը կարող է պարտվել, եթե չկարողանա դատաիրավական այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնք կսինքրոնանան երկրում տեղի ունեցող փոփոխությունների հետ»,- նշել է նա: Պատգամավորի կարծիքով՝ պետք է միասին գտնել այն ալգորիթմները, որոնք թույլ կտան հնարավորինս առանց ցնցումների հաղթահարել արդի ճգնաժամերը: Բանախոսը լիահույս է, որ լսումների միջոցով եւս կարելի է գտնել դատական համակարգի ամենաօպտիմալ լուծումները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել է, որ օրինագծի վերաբերյալ 30-ից ավելի առաջարկներ ունի: Պատգամավորի խոսքով՝ ներկայացված նախագծերի փաթեթը նպաստում է, որ մենք ունենանք ոչ թե անկախ, այլ վախեցած, կաշկանդված դատավորներ: «Սա որեւէ կերպ չի նպաստելու անկախ դատական համակարգ ունենալու մեր ցանկությանը: Դատական իշխանությունը կլինի ժողովրդինը, եթե դատավորն արտահայտի ազգի բանականությունը»,- ասել է պատգամավորը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, մասնավորապես անդրադառնալով դատական համակարգի ծանրաբեռնվածությանը, նշել է, որ այն ունի օբյեկտիվ հենք՝ դա դատավորների քիչ քանակն է, սակայն ըստ նրա, ծանրաբեռնվածությունը միեւնույն ժամանակ առաջանում է նաեւ դատական նիստերը հետաձգելու պատճառով: Խոսելով օտար լեզուներ իմանալու պահանջի մասին՝ բանախոսը նշել է, որ դատավորը չի համապատասխանի այսօրվա նշաձողին, եթե չկարողանա ծանոթանալ Եվրոպական դատարանի վճիռներին, ինչպես նաեւ չտիրապետի մասնագիտական գրականությանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն իր ելույթում կարեւորել է դատարանների անկախությունը, նշելով որ չի կարող զարգանալ ժողովրդավարությունն առանց անկախ դատական իշխանության: Աննա Կարապետյանի խոսքով՝ անկախության եւ ինքնուրույնության սկզբունքի իրացվածության աստիճանն իրավական պետության կայացվածության եւ ժողովրդավարական իրավաքաղաքական ռեժիմի ցուցանիշն է: Բանախոսը նշել է, որ դատարանների անկախության հարցի կարեւորությունը մշտապես պետության եւ պետական իշխանության մարմինների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ մասնագիտական հանրույթի քննարկման առարկա է: «Դատաիրավական ոլորտում անելիքները շատ են, սակայն պետք է ընդունել, որ մինչեւ արմատական փոփոխություններին անցնելը, անհրաժեշտ է արագ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել դատական համակարգում կոլլապսները բացառելու համար, ինչն էլ փորձ է արվում կատարել առաջարկվող օրինագծերի փաթեթով»,- ասել է նա: Օրինագծերի փաթեթը, ըստ պատգամավորի, համալիր լուծում չի առաջարկում, բայց հնարավորություն կտա հետագայում բացառել համակարգում առկա արատավոր երեւույթները:

Ամփոփիչ ելույթում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է հնչած տեսակետներին եւ ելույթներին, տվել պարզաբանումներ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել լսումների մասնակիցներին  ներկայացված կարծիքների համար եւ տվել պարզաբանումներ բարձրացված մտահոգություններին:
 


25.02.2020
Ամփոփվել են ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ, փետրվարի 21-ից 22-ը Վիեննայում մասնակցել է վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Փետրվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիել...

25.02.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

25.02.2020
Մամուլի ասուլիսի հրավեր
Փետրվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, 334 դահլիճում տեղի կունենա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը:...

25.02.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` 24.02.2020, ժամը 10:00, 214 սենյակ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով` 24.02.2020, ժամը 12:00, 114 սենյակ, ...

25.02.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրում է խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով: Խորհրդարանական լսումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ էլեկտրոնային փոստով...

25.02.2020
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին
Փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային եւ բովանդա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS