National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
14.1.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.01.2020
Շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 3

Հունվարի 14-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախորդ օրը հրավիրված նիստը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Արմեն Եղիազարյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում գործող օրենքով պարտադիր չէ սեռի նշումը, որի հետեւանքով մեր քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ հատկապես օտարերկրյա պետություններում: Բացի դրանից, կարող են լինել նաեւ այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը, ուստի եւ առաջարկվում է վերոնշյալ օրենքի 23-րդ հոդվածի (ա) կետը «ազգանունը» բառից հետո լրացնել «սեռը» բառով:

Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է նույն օրենքի 22-րդ հոդվածի  (ա) կետում ծննդի ակտի գրառման բովանդակության  մեջ լրացնել նաեւ «սեռը,» բառը:

Առաջարկն ընդունվել է հեղինակի կողմից եւ ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովում քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում  «տեղական ինքնակառավարման մարմնի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ղեկավարի» բառերը փոխարինել «ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի, համայնքի ղեկավարի, վարչական շրջանի ղեկավարի կամ նրանց տեղակալների» բառերով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ նախագծով տեղակալներին տրվում է լիազորագիր տալու իրավասություն:

Հարակից զեկուցող Արթուր Դավթյանը նշել է, որ օրենսդրական փոփոխություն կատարելու եւ տեղակալներին նման իրավասություն տալու անհրաժեշտություն չկա:

Քննարկման արդյունքում որոշում է կայացվել օրինագիծը հանձնաժողովին ներկայացնել լրամշակված տարբերակով:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է փաստաբանական արտոնագիր չունեցող անձին վերապահել պաշտպան հանդիսանալու լիազորություն:

Գեւորգ Պետրոսյանն ընդգծել է, որ նախագծի նպատակն անձի՝ իր շահերն իր հայեցողությամբ պաշտպանելն է, եւ ըստ առաջարկվող փոփոխության, պաշտպանը պետք է ունենա  բարձրագույն իրավաբանական կրթություն, առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ եւ գործը դատարանում վարելու՝ օրենքով սահմանված պատշաճ ձեւակերպված լիազորություն կարողանա ներկայացնել:

Նախագծի վերաբերյալ հանձնաժողովում հնչել են իրարամերժ կարծիքներ: Պատգամավորների մի մասը գտնում է, որ օրինագիծը պարունակում է ռիսկային ելքեր, իսկ մյուս մասի համար՝ այն ընդունելի է:

Արդյունքում հիմնական զեկուցողը նախագիծը հետ է կանչել լրամշակման նպատակով:

Պատգամավորներ Արթուր Դավթյանի, Աննա Կարապետյանի, Նազելի Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ հարցի վերաբերյալ եղել են աշխատանքային քննարկումներ:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ պատգամավորներ Համազասպ Դանիելյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը, որով մասնավորապես առաջարկվում է կիսով չափ կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50-ից իջեցնելով մինչեւ 25-ը:

Նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամներն ու Կառավարությունը հանդես են եկել մի շարք առաջարկներով, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Արման Աբովյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ նախագծի վերաբերյալ եղել է խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք էլ ընդունվել են:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրինագիծը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ստացել դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթները:

Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումները հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կշարունակվի հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ին:
 
 


14.01.2020
Կարեւորվել են հայ-իրաքյան խորհրդարանական կապերի ակտիվացումն ու զարգացումը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզ Ալ-Դին Ռաշիդ Հաջիին: Մշտական հանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Իրաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ, որ...

14.01.2020
Նախատեսվում է ստեղծել Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունվարի 14-ին հրավիրված նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությանը: Բարեկամական խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկը հանձնաժողովը կներկայացնի ՀՀ ԱԺ խորհրդին: Հանձնաժ...

14.01.2020
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` ժամը 14:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

14.01.2020
Քննարկվել են ֆինանսական շուկայի կայունության ապահովմանը, ավանդատուների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ
Հունվարի 14-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող...

14.01.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

14.01.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

14.01.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` 10.01.2020, ժամը 15:00, 414 սենյակ,   Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 13.01.2020, ժամը 14:00, 214 սենյակ,   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS