National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
26.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
20.12.2019
Խորհրդարանական լսումներ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով
1 / 31

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին տեղի են ունեցել «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Կառավարության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, փորձագետներ: 
  
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ելույթն ամբողջությամբ տես այստեղ:  
  
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ վերջին մեկ ու կես տարիների ընթացքում համակարգում բավականին աշխատանքներ են կատարվել: Բանախոսն անդրադարձել է նախադպրոցական, հանրակրթական, բուհական ոլորտներում կատարված աշխատանքներին, դպրոցաշինությանը, դպրոցների պայմանների բարելավմանը, ավագ դպրոցների եւ միջին մասնագիտական հաստատությունների կայացմանն ուղղված քայլերին, դասավանդման  մեթոդաբանական խնդիրներին, ազատ եւ քննադատական մտածողությանը, գիտահետազոտական ինստիտուտների գործունեությանը,  ուսուցչի ինստիտուտի արժեւորմանը:

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ առանց կրթության, առանց կրթված սպայական անձնակազմի եւ զինվորների 21-րդ դարում անհնար է ունենալ մարտունակ բանակ: Հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ կրթությունը չի կարող չզուգակցվել, չհամակցվել հենց նույն տնտեսության եւ տնտեսության զարգացման տեսլականի հետ:

Նա խոսել է նաեւ առաջիկայում քննարկվելիք օրենսդրական նախաձեռնությունների մասին, կարեւորել է արժեքների մասին նոր որակի երկխոսությունը, բանավեճերը՝ ընդգծելով, որ  օրենսդիրն ու գործադիրը պատրաստ են համագործակցության, լսելու նոր գաղափարներ եւ առաջարկներ: 
  
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրելով, որ կրթական համակարգում եղել են եւ կան լուրջ խնդիրներ, նշել է, որ հաջողվել է ապաքաղաքականացնել համակարգը: Բանախոսն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, հանրակրթության ոլորտներում առկա խնդիրներին եւ ծրագրերին, բարեփոխումներին, օրենսդրական կարգավորումների բացերին, ընդգծել է, որ կրթական բարեփոխումների գործընթացում ազգային բաղադրիչին կարեւոր նշանակությունն է տրվում: 
  
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը,  նշելով մեծ հետաքրքրությունը կրթության ոլորտի նկատմամբ, ասել է, որ  խորհրդարանական լսումները բարեփոխումներին միտված արդյունավետ քննարկում ունենալու հնարավորություն է: Բանախոսը, ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձել է կրթական չափորոշիչներին, քննադատական մտածողության զարգացմանը:

«ՀՀ կրթության համակարգի առկա արդյունքների գնահատումն ու հետեւությունները. հաջողված, ձախողված եւ առկախ կրթական բարեփոխումներն ու քաղաքականացվածության հետեւանքները» թեմայով զեկույց է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը: Կարեւորելով խորհրդարանական լսումների ձեւաչափով քննարկումը՝ նա անդրադարձել է կրթական համակարգի առկա արդյունքների գնահատմանը, բարեփոխումներին, կրթության բարեփոխման մարտահրավերին: Բանախոսն ընդգծել է փոխհամագործակցության գաղափարը՝ բարեկեցիկ պետություն, զարգացած կրթական համակարգ ստեղծելու ճանապարհին: 
  
ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը ներկայացրել է ոլորտին վերաբերող որոշ վիճակագրական տվյալներ, անդրադարձել դեմոգրաֆիկ ցուցանիշներին, մարտահրավերներին, սոցիալական պաշտպանվածության երաշխիքներին: Նա խոսել է կրթական համակարգում, գյուղական դպրոցներում առկա խնդիրների մասին, բարձրացրել է  տղամարդ ուսուցիչների՝ դպրոցներում դասավանդելու խրախուսուման հարցը: 
  
Լրագրող, հրապարակախոս Լեւոն Բարսեղյանը, ով երկար տարիներ ուսումնասիրել է համակարգը, իր ելույթում խոսել է կրթության ոլորտում եղած ակնհայտ անհավասարության եւ խտրականության երեւույթների մասին: Բանախոսն անդրադարձել է նախադպրոցական հաստատություններին, հանրակրթության խնդիրներին, գրագիտությանը:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ կրթությունն է ամեն ինչի սկիզբը: Պատգամավորը ձեռքբերում է որակել համակարգի ապաքաղաքականացվածությունը: Նրա դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ լուրջ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:

«Կրթության իրավունքի հավասարության, մատչելիության եւ ներառականության ապահովումը՝ որպես սոցիալական արդարության իրականացման նախապայման» թեմայի վերաբերյալ զեկույցում ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, անդրադառնալով հատկապես ներառական կրթության խնդիրներին, նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ծավալուն աշխատանքներ են կատարվել: Նա խոսել է նաեւ մենթորների դերակատարությանը, սուրդոթարգմանության հասանելիությանը,  թեքահարթակներին վերաբերող խնդիրների մասին:

ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադարձել է համակարգի մարտահրավերներին, կրթության առաջնային նպատակներին՝ նշելով, որ անհրաժեշտ է մշակել կառուցակարգեր առկա խնդիրները լուծելու համար:

Քննարկմանն  անդրադարձ է  եղել ներառական կրթությանը, բարձրաձայնվել են առկա խնդիրներն ու խոչընդոտները: Կարծիք է հայտնվել, որ  ոլորտի շատ մասնագետների համար անգամ   հասկանալի չէ,  թե ինչ է ներառական կրթությունը: Այս համատեքստում  կարեւորվել է մանկավարժների վերապատրաստումը՝ յուրաքանչյուր, ինչպես նաեւ ներառական կրթության կարիք ունեցող  երեխաների կրթությունը բարձր որակով կազմակերպելու համար:

Բանախոսներն անդրադարձել են նաեւ բուհական կրթության որակին, կարեւորել բուհերի եւ աշխատաշուկայի միջեւ ամուր կապի եւ համագործակցության ստեղծումը: Նրանք խոսել են հանրակրթական դպրոցների չկայացվածության պատճառների մասին, անհրաժեշտ համարել իշխանությունների կողմից ոլորտում նոր մոտեցումների մշակումը: Որոշ բանախոսների գնահատմամբ՝ կան մասնագիտություններ, որոնց պարագայում շատ դժվար է լինում գտնել մասնագետների, հետեւաբար՝ անհրաժեշտ է վերացնել  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների եւ աշխատաշուկայի միջեւ առկա անջրպետը,   ինչը շատ կարեւոր է տնտեսության զարգացման համար:

Լսումների ընթացքում հնչել են նաեւ տեսակետներ, ըստ որոնց, մեր երկրում չի  կայացել ավագ դպրոցների համակարգը, ավելին՝  բազմաթիվ  խնդիրներ կան ոչ միայն ավագ դպրոցներում, այլեւ միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատություններում:  Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի դիտարկմամբ՝ վերոնշյալ եւ այլ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ, վերանայել կրթության նկատմամբ վերաբերմունքը, զարգացնել միջին մասնագիտական կրթությունը:

Հանրակրթության խնդիրներին է անդրադարձել ազգագրա•ետ Հրանուշ Խառատյանը: Նա   բացասական է գնահատել տարիներ առաջ ներդրված այն որոշումը, ըստ որի, դպրոցներում կարող են դասավանդել բացառապես մանկավարժի վկայական ունեցող անձինք: Ըստ նրա՝ սա հարվածել է  դպրոցներին, քանի որ դրանցում տեղ են գտել խիստ կասկածելի գիտելիքներ ունեցող ուսուցիչներ:  Նա նաեւ առաջարկել է վերանայել դասագրքերը՝  հատկապես ուշադրություն դարձնելով դրանց բովանդակության մատչելիությանը:  Ըստ նրա՝ շատ դասագրքեր գրված են այնպիսի խրթին լեզվով, որ ոչ միայն երեխաները, այլեւ մեծահասակները պետք է ջանքեր գործադրեն՝ հասկանալու համար դրանց բովանդակությունը:

Քրիստինե Ծատուրյանը ներկայացրել է կրթության  ոլորտում բարեվարքության խախտումներն ու դրա տարատեսակ դրսեւորումները, որոնք խոչընդոտում են որակյալ կրթության ապահովումը:

Ամփոփելով լսումները՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ նշելով, որ բարձրաձայնված խնդիրներից որոշների դեպքում առաջարկվել են նաեւ լուծումներ, ինչը ողջունելի է: Նա վստահեցրել է, որ օրենսդրական փոփոխություններ պահանջող առաջարկներն անպայման կյանքի կկոչվեն, իսկ գործադիր մարմնին վերաբերող առաջարկները կուղարկվեն Կառավարություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS