Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ բանկերի միության ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են բանկային եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարվելիք տարեկան պետական տուրքին առնչվող հարցեր:
Բաբկեն Թունյանը նշել է, որ հուլիսին իրականացված հարկային բարեփոխումների արդյունքում որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ բանկերի եւ ֆինանսական այլ կազմակերպությունների համար նախատեսված պետական տուրքերի մասով: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ փոփոխությունների արդյունքում էականորեն ավելացել է նաեւ բանկերի մասնաճյուղերի համար սահմանված պետական տուրքի չափը, որի վերաբերյալ էլ Հայաստանի բանկերի միությունը ներկայացրել է իր դիրքորոշումն ու առաջարկները:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշել է, որ «Պետական տուրքի մասին» օրենքում տուրքի չափը հաշվարկվել է՝ ելնելով բանկերի մասնաճյուղերի թվից: Միությունը կարեւորում է պետական տուրքի բեռի հավասարաչափ բաշխումը եւ այդ նպատակով առաջարկում է ավելացնել բանկերի գլխամասերի համար նախատեսված պետական տուրքը, սակայն այն նվազեցնելով մասնաճյուղերի համար: Առաջարկվում է նվազեցնել նաեւ սահմանամերձ շրջաններում գտնվող մասնաճյուղերի համար նախատեսված պետական տուրքի չափը, իսկ ներկայացուցչությունների համար՝ այն զրոյացնել:
Բանախոսի տեղեկացմամբ՝ հանրապետության հեռավոր շրջաններում գործող բանկերի մասնաճյուղերի զգալի մասը մեծ շահութաբերություն չեն ապահովում եւ կարող են փակվել՝ հանգեցնելով բնակչության ֆինանսական հասանելիության վատթարացմանը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջարկվել է սահմանել գոտիականության սկզբունք՝ Երեւանի, մարզերի, սահմանամերձ շրջանների համար, տարանջատել սահմանափակ գործունեություն իրականացնող մասնաճյուղերի պետական տուրքի չափն ունիվերսալ ծառայություններ մատուցող մասնաճյուղի պետական տուրքի չափից:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկել է շարունակել քննարկումները եւ հարցի լուծման վերաբերյալ մշակել ընդունելի տարբերակ: