ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ԱԺ բարեկամական խմբերի գործունեության վերաբերյալ։
Հանձնաժողովի նախագահը գործընկերներին է ներկայացրել ԱԺ բարեկամական խմբերի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ։ Նրա խոսքով՝ դրանց կիրարկումը նպաստելու է բարեկամական խմբերի համագործակցության աշխուժացմանը՝ այն դարձնելով առավել նպատակային։ Կարեւորվել է ամբողջական տեղեկատվության հավաքագրումը՝ գործընկեր երկրի բարեկամական խմբի ղեկավարի եւ անդամների մասին, նրանց հետ նամակագրական կապի հաստատումը, Հայաստանի ԱԳՆ-ի համապատասխան բաժնի, միջկառավարական հանձնաժողովների, ինչպես նաեւ տվյալ երկրում Հայաստանի դեսպանների, հյուպատոսների, հայ համայնքի ներկայացուցիչների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի, կրթական հաստատությունների, զանգվածային լրատվամիջոցների, ՀԿ-ների, գործարարների հետ գործակցությունը նոր ու բարձր մակարդակի հասցնելը։ «Ժամանակն է բոլոր ուղղություններով առավել ակտիվացնել աշխատանքները»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։
Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը կարեւոր է համարել խմբերի գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումը։
Հնչել են տարբեր առաջարկներ։ Առաջիկայում մշտական հանձնաժողովը հանդիպումներ կունենա յուրաքանչյուր բարեկամական խմբի հետ։