ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 22-ին խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Լեւ Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք եղել են ԱԺ թանգարանում, օթյակից հետեւել հերթական նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին:
«Բաց դասը» վարել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Նա դպրոցականներին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, օրենսդրական նախաձեռնությունների մշակման, քննարկման, ընդունման ընթացակարգը: Մշտական հանձնաժողովի նախագահը միջազգային հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը: Արման Եղոյանը խոսել է նաեւ եվրոպական կառույցների՝ ԵԱՀԿ ԽՎ-ի, Եվրախորհրդարանի, Մինսկի խմբի գործունեության մասին:
Կարեւոր է համարվել Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի կյանքի կոչվելը, ինչը հնարավորություն կտա բարեփոխել արդարադատության համակարգը, ոստիկանության բնագավառը, տնտեսության մի շարք ոլորտներ:
Աշակերտների հարցերն առնչվել են դպրոցական լաբորատորիաների ժամանակակից սարքավորումներով հագեցվածությանը, դպրոցների համակարգիչներով վերազինմանը, հանրակրթության տասներկուամյա համակարգի նպատակահարմարությանը, աղբահանությանն ու աղբի տեսակավորմանը:
Արման Եղոյանը երեխաներին մաղթել է բարձր առաջադիմություն եւ հայրենիքի հանդեպ նվիրվածություն:
Նույն օրը Ազգային ժողով են այցելել Գեղարքունիքի մարզի Նորատուս եւ Գանձակ համայնքների դպրոցների աշակերտներն ու մանկավարժները: Հերթական «Բաց դասն» անցկացրել են ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:
Մշտական հանձնաժողովի նախագահն աշակերտներին խորհուրդ է տվել մասնագիտություն ընտրելիս առաջնորդվել սեփական սրտի թելադրանքով: Նշելով, որ ինտերնետի եւ սոցցանցերի միջոցով մարդը դառնում է կառավարելի, նա նաեւ հորդորել է ավելի շատ շփվել հողի եւ բնության հետ: Պատգամավորն անդրադարձել է տարբեր ոլորտների օրենսդրական բարեփոխումների ընթացքին, շեշտադրել օրենքի երկիր դառնալու անհրաժեշտությունը, ինչի պարագայում, ըստ նրա, կյանք մտնելու շեմին կանգնած դպրոցականները հնարավորություն կստանան իրացնել իրենց ստեղծագործական տաղանդը:
Վարազդատ Կարապետյանը խոսել է նաեւ խորհրդարանական կառավարման կարեւորության մասին:
Թագուհի Թովմասյանի հավաստմամբ՝ անհրաժեշտ է կառուցել այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքները մշտապես կլինեն պաշտպանված: Պատգամավորը խորհուրդ է տվել չերկնչել դժվարություններից, ընդունել կյանքի մարտահրավերները, հաղթահարել խոչընդոտներն ու հասնել նպատակին: Անդրադառնալով խորհրդարանական գործունեությանը՝ նա նշել է, որ պատգամավորի առաքելությունն է ապահովել ուղիղ կապ ժողովրդի եւ գործադիր իշխանության միջեւ: Ըստ նրա՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է քարտեզագրի խնդիրներն ու ցույց տա դրանց լուծման ուղիները: «Մարդու խնդիրն անհրաժեշտ է տեղ հասցնել»,-ասել է Թագուհի Թովմասյանը:
Աշակերտների հարցերը վերաբերել են Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների դպրոցների ջեռուցման ապահովման, դասասենյակների կահավորման եւ տեխնիկական վերազինման, կրթության եւ այլ ոլորտներում առկա խնդիրներին:
Թագուհի Թովմասյանն աշակերտներին հորդորել է գիրք եւ տպագիր մամուլ ընթերցել: