National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
07.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
07.10.2019
Խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով
1 / 9

Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք:

Բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա նշել է, որ հիմնախնդիրների վերաբերյալ մասնավորապես Երեւանում տեղի են ունեցել մեկ տասնյակից ավելի դատական գործընթացներ, բողոքի ակցիաներ եւ դրանց մշտապես պարզաբանումներ տալու անհրաժեշտություն է եղել: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ մայրաքաղաքում զգալի են իրացված տարածքները՝ Կոնդ, Ֆիրդուսի, Սարի թաղ, Պուշկին եւ այլ  թաղամասեր ու դրանց հիմնախնդիրները: Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ հարցի վերաբերյալ բովանդակալից քննարկումներ կազմակերպելու նպատակով պարբերաբար հանդիպել է այդ թաղամասերում ապրող բնակիչների հետ:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանին՝ հանրային լսումներ կազմակերպելու առաջարկով իրեն դիմելու համար:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ խնդրին ծանոթ է վաղուց, եւ իր մասնակցությունն է ունեցել Արամի ու Բյուզանդի փողոցների համար կազմակերպված զանազան միջոցառումներին: «Իրավական պետություն կառուցելուն ուղղված մեր ջանքերը թերի կլինեն, եթե մենք չանդրադառնանք ժամանակին գերակա հանրային շահի անվան տակ տեղի ունեցած քաղաքացիների ունեզրկման գործընթացին եւ սեփականության իրավունքի զանգվածային խախտումներին»,-ասել է Արարատ Միրզոյանը: Խնդիրն, ըստ ԱԺ նախագահի, բազմաշերտ է եւ տարբեր հարթություններում է: «Բազմաթիվ դիտարկումների համաձայն՝ այդ գոծընթացներում դրսեւորվել են գործադիր իշխանության տարբեր օղակների բարձրաստիճան պաշտոնյաների ինքնիրավչությունն ու կամայականությունը, գուցե նաեւ սեփական բիզնեսի եւ ֆինանսական շահերը: Խոսքը գնում է կոռուպցիոն բացահայտումների մասին»,-նշել է խորհրդարանի ղեկավարը եւ տեղեկացրել, որ անցումային արդարադատության շրջանակներում պետք է անպայման անդրադառնալ այս խնդիրներին, վերաքննել դրանք եւ փաստերի հաստատման դեպքում գտնել եւ պատժել մեղավորներին: «Բացի գործադիր իշխանության տարբեր անձանց շահերից ու մասնակցությունից, դրսեւորվել է նաեւ դատական իշխանության կատարյալ կախվածություն գործադիր իշխանության շահագրգիռ ներկայացուցիչներից, եւ դրա վկայությունն էլ թերեւս այն է, որ բազմաթիվ կայացված վճիռներ այսօր հակառակ ավարտն են ունենում ՄԻԵԴ -ում», -ասել է Արարատ Միրզոյանը: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ամենակարեւորը տուժողների իրավունքների վերականգնումն է: «Այս վերաքննության արդյունքում՝ փաստերի հաստատման դեպքում, մենք պետք է գործնական քայլեր ձեռնարկենք տուժողների իրավունքների վերականգնման ուղղությամբ: Այսօրվա ելույթներում նշվեցին հանգամանքներ, որոնք արժանի են իրավապահ մարմինների ուշադրությանը եւ այս ելույթների ձայնագրությունն ուղարկելու եմ իրավապահ մարմիններին, որտեղ կորոշեն՝ որն է հիմք, փաստ՝ գործողություններ ձեռնարկելու համար: Մենք՝ որպես քաղաքական թիմ, մեր իշխանությունը բացարձակապես որեւէ կաշկանդվածություն չունի նշածս ուղղություններով աշխատանքները շարունակելու առումով եւ դրա վկայությունն են՝ նախ այս լսումները, ապա նաեւ փաստահավաք խմբի առկայությունն Արդարադատության նախարարության կողմից կազմված ռազմավարության մեջ»,-հավելել է Ազգային ժողովի նախագահը: 
  
«Սեփականության իրավունքի պաշտպանության հիմնախնդիրը հանրային գերակա շահի ճանաչման գործընթացում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք: Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի: Ըստ բանախոսի՝ Սահմանադրությունը նաեւ նախատեսել է, որ Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ: Նշվել է, որ Երեւանի կամ Հայաստանի ցանկացած այլ բնակավայրի բարեկարգումն ու կառուցապատումն ունի կարեւոր նշանակություն, սակայն ընդունելի չէ այդ բարեկարգման իրականացումը մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, օրենքի անտեսմամբ կամ կոպիտ շրջանցմամբ` բնակչության ունեզրկման, երկրում աղքատության ավելացման հաշվին:

Արման Թաթոյանի խոսքով՝ Երեւանի կառուցապատման ծրագրերով 2000-ական թվականից սկսած քաղաքացիների սեփական բնակարանները, շինությունները եւ հողատարածքները հասարակական կարիքների համար Կառավարության որոշումներով ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ եւ օտարվել են՝ «Պետական կարիքների համար» հիմնավորմամբ: Նշվել է, որ «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ», «Գլխավոր պողոտա» ծրագրերն իրականացվել են հենց այդ ճանապարհով, այդ ծրագրերի իրականացման անվան տակ տեղի է ունեցել սեփականության անարդարացի վերաբաշխում, որի ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման` անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ: Երեւան քաղաքի բարեկարգման ու կառուցապատման լայնածավալ ծրագրի իրականացման հետ կապված՝ քաղաքացիներից վերցվել են նրանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքներն ու բնակարանները, եւ հարյուրավոր ընատնիքներ դարձել են անօթեւան:

ՄԻՊ-ի խոսքով՝ Կառավարության այդ որոշումներով չի բացահայտվել «պետական կարիք» հասկացության բովանդակությունը, չի ընդունվել առանձին օրենք, որով սահմանված լիներ գույքի օտարման բացառիկ կարեւորությունն ու նշանակությունը, օտարման գոտին եւ գերակա շահը, հասարակության եւ պետության այն կարիքները, որոնց բավարարմանը պետք է ուղղված լիներ օտարվող անշարժ գույքը: Կառավարությունն ինքն է սահմանել նման գոտիներ եւ որոշում է ընդունել ի կատարումն իր իսկ ընդունած որոշման՝ իրացնողին իրավունք վերապահելով սահմանելու եւ սեփականատիրոջն առաջարկելու հատուցման չափը եւ ապա հենց իր առաջարկը, եւ ոչ թե բանակցություններով ձեւավորված գինը:

«Խնդրահարույց է այն, որ մի քանի տասնյակ ընտանիքներ, մեծ մասը բազմանդամ, որոնք սեփականատերեր են համարվել դեռեւս 30-40-ական թվականներից, դիտվել են միայն որպես տվյալ բնակարանների օգտագործողներ եւ վտարվել աննշան փոխհատուցմամբ: Դատարաններն ակնհայտ անարդար անտեսել են իրացնողի ներկայացրած պայմանագրերի միակողմանի կազմված լինելը, բացառապես բավարարել են պայմանագիր կնքելուն հարկադրելու եւ զբաղեցրած տարածքից վտարելու վերաբերյալ իրացնողի ներկայացրած հայցերը»,-ասել է Արման Թաթոյանը:

Ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ 1995 թ. Սահմանադրության 28-րդ հոդվածի՝ սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Բանախոսի խոսքով՝ մայր օրենքի վերոնշյալ հոդվածի բոլոր կետերը կոպտորեն խախտվել են եւ ավելի քան 3000 անձ արդեն շուրջ 20 տարի զրկված է սեփականությունից, մինչդեռ այդ օրերին մի քանի տասնյակ «էլիտար  խմբեր» այդ ամենի արդյունքում դարձել են միլիոնատերեր: «Այդ դեպքերից յուրաքանչյուրը մեր պետության խարանն է, անարգանք՝ եր Սահմանադրության, մեր պետականության, քաղաքացու արժանապատվության, մեզանից յուրաքանչյուրի եւ ապագա սերունդների նկատմամբ»-ասել է Գայանե Աբրահամյանը:

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ իրապես ժողովրդավար ու իրավական պետություն կառուցելու ճանապարհը ձախողված է, քանի դեռ չեն գաղտնազերծվել ու վերաբացվել կոծկված կամ անտեսված գործերը, չեն վերականգնվել իրավազուրկ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը: Ժողովրդավարություն եւ իրավական պետություն կառուցելու գործում բանախոսն առանցքային է համարել լսումներին ներկա յուրաքանչյուրի մասնակցությունը: Գայանե Աբրահամյանը հույս է հայտնել, որ շահագրգիռ անձանց հետ համատեղ ուժերով հնարավոր է հասնել արդարության վերականգնմանը:

«Պետական կարիքի զոհերը» Կ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ 15 տարի անց իրեն ԱԺ ամբիոնից խնդիրը բարձրաձայնելու հնարավորություն ընձեռելու համար: Նա մատնանշել է այն խախտումները, որոնք թույլ են տրվել շինարարության ժամանակ, ներկայացրել այն ապօրինությունները, որոնք կայացվել են 2004 թ-ին՝ Երեւանի Քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ: ՀԿ-ի նախագահը հորդորել է նոր իշխանություններին վերականգնել արդարությունը՝ հույս հայտնելով, որ լսումները կունենան իրենց արդյունքները:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ  նախարարությունը նախաձեռնել է աշխատանքներ՝ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքից զրկված քաղաքացիների իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Նա հանդիպումներ է ունեցել շահագրգիռ անձանց հետ: Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է վեր հանել բոլոր ուղիները եւ գնալ դրանց լուծման ճանապարհով:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն իր ելույթում խոսել է 2000թ-ին մի շարք օրենքներում թույլ տրված խախտումների մասին՝ կապված սեփականատերերի իրավունքների հետ՝ ունեզրկելով նրանց: Սոնա Այվազյանը լիահույս է, որ այդ ամենին կտրվեն քաղաքական գնահատականներ եւ կհարուցվեն քրեական գործեր: Ըստ բանախոսի՝ նշյալ ժամանակահատվածում բոլոր պետական մարմինները լծված են եղել ապօրինությունները կոծկելու գործով: Նա կարեւորել է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանն ընդգծել է, որ  այդ ժամանակահատվածում տեղի են ունեցել պատմամշակութային կոթողների ավերածություններ: Ըստ բանախոսի՝ ներդրողների ցանկությանբ Հյուսիսային պողոտայում մոտ 30 հուշարձան է քանդվել: Տիգրան Գալստյանը հույս է հայտնել, որ Հայաստանում նմանատիպ դեպքեր երբեք չեն կրկնվի:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն առաջարկել է խնդրի լուծման հետ կապված գտնել գործնական լուծումներ:  Նա նաեւ առաջարկել է ուսումնասիրեն, թե ովքեր են ձեռք բերել նոր տարածքներ, ովքեր են հանդիսանում մեծահարուստ սեփականատերեր:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, կարեւորելով լսումներ անցկացնելու անհրաժեշտությունը, համոզմունք է հայտնել, որ անցյալին գնահատական տալով՝ անցումային արդարադատության հիմքում պետք է լինեն տուժողների իրավունքների պաշտպանությունը: Պատգամավորն անդրադարձել է Յուրի Վարդանյանի գործով ՄԻԵԴ որոշմանը եւ Պավել Անդերսոնի հայտնի հարցազրույցին: «Մենք անելու ենք ամենը, որպեսզի յուրաքանչյուրը ստանա իր հարցի արդարացի լուծումը: Ես անձամբ հետեւելու եմ դրան»,- նշել է պատգամավորը:

Ելույթներում  վեր են հանվել պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը եւ գործընթացի իրականացման տարբեր փուլերում առկա իրավախախտումները:
 
 


07.10.2019
Քննարկվել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբի անդամները հոկտեմբերի 7-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրի եւ Ջուդի Չուի հետ: Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի կարեւոր գործընկերներից է: ՀՀ ԱԺ բարեկամական խմբի ղեկա...

07.10.2019
Հանդիպում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Լիբերալ ինտերնացիոնալի» գերմանական խմբի ղեկավար Կարստեն Քլայնի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են կազմակերպության հետ համագործակցության զարգացման հեռանկարները: Հանդիպման ը...

07.10.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին:Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայաստան եւ Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ նախորդ տարի...

07.10.2019
Հանդիպում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԺ հերթական նիստերի ընթացքում խորհրդարանի կողմից ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մա...

07.10.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 8-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի  կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...

07.10.2019
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայկ Կոնջորյանի պատասխանը Ադրբեջանի պատվիրակությանը
Հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին:Պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով Ադրբեջանի պատվիրակությանը, նշել է. «Դուք բավարար քաջություն չունեք՝ անկեղծ խոսելու ձեր ժողովրդի հետ եւ իրավունք չ...

07.10.2019
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով ժամը 10:00-ին տեղի ունենալիք փաստահավաք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS