ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին հրավիրվել էր ընդլայնված աշխատանքային քննարկում՝ «Ֆիզիկայի բնագավառում գիտության զարգացման հիմնախնդիրներն ու գիտական արդյունքների արդյունավետ օգտագործման հեռանկարները» թեմայով:
Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Արտեմ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներ ու գիտնականներ:
Մասնակիցները քննարկել են ինչպես ոլորտի զարգացման ուղղություններին, այնպես էլ կառույցի կառավարման համակարգին առնչվող հարցեր:
Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ խորհրդարանն սկսել եւ շարունակելու է ոլորտային նման քննարկումները՝ հասկանալու համար առկա խնդիրներն ու գտնելու դրանց լուծման ճանապարհները: Նա պարզաբանել է, որ քննարկում հրավիրելու համար պատճառ է հանդիսացել ինստիտուտի մոտ 70 աշխատակիցների դիմումը՝ կապված որոշ հարցերի հետ:
Նշենք, որ 1944 թվականին հիմնադրված այս կառույցը 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմավորվել է՝ ստանալով Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ անվանումը: Այստեղից էլ, ըստ ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Մկրտչյանի, սկսվել են խնդիրները, որոնք կառույցում առաջացրել են անառողջ մթնոլորտ: Ըստ նրա՝ կառույցը ղեկավարող հոգաբարձուների խորհուրդը թույլ է տալիս տարաբնույթ խախտումներ՝ խախտում է կառույցի կանոնադրությունը, ՀՀ օրենքներն ու նույնիսկ Սահմանադրությունը: Նախկին տնօրենն անընդունելի է համարել նաեւ ինստիտուտը հեռվից կառավարելու դրվածքը: Տեղեկացնենք, որ նոր՝ 2018 թվականին տնօրեն նշանակված Անի Աբրահամյանն ԱՄՆ-ից է, նա Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր է:
Հնչեցված մեղադրանքները չի ընդունել հակառակ կողմը՝ Արտեմ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տնօրեն Անի Աբրահամյանի գլխավորությամբ:
Նա մասնավորապես ներկայացրել է այն քայլերը, որոնք, ըստ նրա, կարող են բարեփոխել կառույցը եւ նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նորանշանակ տնօրենը պարզաբանել է, որ չկա նպատակ՝ վերացնելու ֆիզիկայի ոլորտի առկա ճյուղերը, այլ նախատեսվում է բնագավառում հանդես գալ նոր առաքելություններով, զարգացնել ոլորտի նոր, առավել արդիական ճյուղեր, ներգրավել եւ աճեցնել նոր կադրեր: «Եթե ուզում ենք, որ Հայաստանում գիտությունը զարգանա, ապա անհրաժեշտ է փոփոխություններ անել, ճիշտ օգտագործել ֆինանսական ռեսուրսները, գիտնականներին տալ պատշաճ աշխատավարձեր»,-նշել է նա:
Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողներից շատերն առաջարկել են փոխել կառույցի կառավարման ձեւն ու կազմը, կազմակերպել քննարկումներ՝ գտնելու համար ֆիզիկայի բնագավառի զարգացման գերակա ուղղությունները:
Բանախոսները հրատապ են համարել ավելացնել գիտության ֆինանսավորումը, տարբեր միջոցներով նպաստել երիտասարդ կադրերի ներգրավմանը, պատրաստել ֆիզիկայի որակյալ ուսուցիչներ, եւ, վերջապես, գիտնականներին ապահովել արժանապատիվ աշխատավարձով:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու եւ խնդիրները բարձրաձայնելու համար: Ըստ նրա՝ խնդիրների լուծումները պետք է գտնել համագործակցելով: