ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա-Լիտվա-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանն ապրիլի 10-ին հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իզոլդա Բրիչկովսկիենեի հետ:
Դիվանագիտական ներկայացուցիչը ողջունել է խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը, մաղթել արդյունավետ աշխատանք` ի նպաստ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման:
Անուշ Բեղլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչած երկրին եւ կարեւորել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ որակելով այդ քայլը որպես քաղաքակրթության հերթական հաղթանակ: Նա արժեւորել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում, ընդգծել արդյունավետ համագործակցության նշանակությունը միջազգային հարթակներում:
Իզոլդա Բրիչկովսկիենեի տեղեկացմամբ՝ 2019 թվականի մայիսին նախատեսվում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Վիլնյուս, որտեղ հանդիպումներ կլինեն Լիտվայի խորհրդարանականների, հանձնաժողովների անդամների հետ, կքննարկվեն խորհրդարանների գործիքակազմին, խորհրդարանական վերահսկողական մեխանիզմներին, օրենսդրական գործունեությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Անուշ Բեղլոյանն ընդգծել է, որ հարցը դիտարկվում է ողջ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համատեքստում:
Նա հույս է հայտնել, որ Լիտվայի նոր խորհրդարանում եւս կվերաձեւավորվի Լիտվա-Արցախ բարեկամական խումբ:
Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Անուշ Բեղլոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ կառուցողական եւ բարեկամական դիրքորոշման, միջազգային հարթակներում Հայաստանի պատվիրակությունների հետ համագործակցության, թիմային աշխատանքի համար:
Ժամանակավոր հավատարմատարի խոսքով՝ իր երկրի կողմից արդեն վավերացված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտների զարգացման համար:
Կողմերն անդրադարձել են վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին, համակարգային բարեփոխումներին, ժողովրդավարության զարգացմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերի: