Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերն ուշ երեկոյան ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը, նշելով, թե անչափ հուզված են, փաստել է, որ Թուրքիան պետք է ճանաչի հայերի, ինչպես նաեւ Փոքր Ասիայի տարածքում բնակված հույների ու մյուս քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը:
«Թուրքիան պետք է դառնա ժողովրդավարական պետություն, որպեսզի նաեւ փոխհատուցի ողբերգության հետեւանքների համար»,-ասել է Էլենի Թեոխարուսը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է, եւ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:
Նշենք, որ Արցախյան գոյամարտի տարիներին ԼՂՀ-ում իրականացրած բարեգործական առաքելությունների, արտերկրում Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու համար, վերջերս, Էլենի Թեոխարուսն արժանացել է Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչման: