National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
20.06.2018
«Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի». Էդուարդ Շարմազանով
1 / 1

Ալբանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Հունաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտինոս Մորֆիդիսի հետ:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությանը, ընդհանուր պատմական անցյալին: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առկա հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության ոլորտների ընդլայնումը:

Անդրադառնալով միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությանը՝ կողմերը կարեւորել են միմյանց աջակցելու անհրաժեշտությունը:

Խոսելով Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Հունաստանի խորհրդարանն այն կվավերացնի հնարավորինս սեղմ ժամկետում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Հունաստանին՝ Ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ ընդունելու համար: Նա ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանն իր հերթին ընդունել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարություն, որի համահեղինակն է նաեւ ինքը:

«Հայերը եւ հույները ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ են: Թուրքիայի ապակառուցողական ու ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին: Նա վստահություն է հայտնել, որ ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում լավագույն թեկնածուն անդամ պետությունների հետ որեւէ կոնֆլիկտ չունեցող եւ ժողովրդավարական արժեքների մեծ ավանդույթ ունեցող պետության ներկայացուցիչը պետք է լինի: ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ գլխավոր քարտուղարի կարեւորագույն հատկանիշներից մեկը պետք է լինի անկողմնակալությունը, ինչը պետք է հաշվի առնվի ընտրությունների անցկացման գործընթացում:

Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS