National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
19.06.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
19.06.2018
ՀՀ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստեր
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերի քննարկման հարցը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը գրավոր տեղեկացրել է, որ հրաժարվում է միջնորդագրի քննարկմանը մասնակցելուց:

Այնուհետեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավորների քննությանն է ներկայացրել միջնորդագրերը: Նշվել է, որ Մանվել Գրիգորյանի կողմից նախնական համաձայնությամբ խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վարչապետին առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում 2018թ. հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ: Գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քնակաությամբ հրազեն, ռազմամթերք, դրանք պահել է իրեն պատկանող կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում, ապա քննության տվյալների համաձայն՝ սկսած հունիսի 5-ից ընտանիքի անդամների, ինչպես նաեւ այլ անձանց մասնակցությամբ սկսել է տեղափոխել, փոխադրել հրազեն հանդիսացող առարկաները` «մաքրելու» նպատակով: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ հունիսի 16-ին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ հրազեն եւ ռազմամթերք: Քրեական գործի նախաքննության ընթացքում հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել է 26 նռնակ, 19 հակատանկային ականանետ, տրոտիլային 12 պայթաղյուս, ավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն:

Հարցի վերաբերյալ տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հովիկ Աղազարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հայկ Կոնջորյանը, Սերգեյ Բագրատյանն ու Էդմոն Մարուքյանը: Նրանք անթույլատրելի եւ անբացատրելի են համարել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի արարքը: Պատգամավորները գործընկերներին հորդորել են կողմ քվեարկել եւ իրավապահ մարմիններին հնարավորություն տալ անաչառ քննություն անցկացնելու համար:

Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իրողությունն աննախադեպ է եւ փաստերը ճչացող են ու սահմռկեցուցիչ: Խմբակցության ղեկավարը նշել է, որ պետք է նպաստել, որպեսզի բացահայտումները լինեն սպառիչ բոլորի համար, որ այլեւս այսպիսի երեւույթները բացառվեն: Նա նշել է, որ սա այն դեպքն է, որ չկան տարբեր ճամբարներ: Ըստ Արմեն Ռուստամյանի` բոլորն էլ հասկանում են հարցի լրջությունն ու պատասխանատվությունը եւ ՀՅԴ-ն երկու միջնորդագրերին էլ կողմ է քվեարկելու:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ հարգելով անմեղության կանխավարկածը՝ չեն խոչընդոտելու նախաքննությանը եւ ներկայացված երկու միջնորդագրերին էլ կողմ են քվեարկելու: «Դատախազի ներկայացրած մեղադրանքները, եթե հաստատվեն, օրենքի ամբողջ խստությամբ հանցագործություն կատարողները պետք է պատժվեն: Դա անբեկանելի է: Պետք է նշեմ, որ հանցանք կատարողները չպետք է պաշտպանվեն՝ անկախ իրենց անցյալից, անկախ իրենց ձեռքբերումներից եւ անկախ իրենց զբաղեցրած դիրքից»,-նշել է խմբակցության ղեկավարը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եզրափակիչ ելույթում հույս է հայտնել, որ խորհրդարանը կտա իր թույտվությունը իրականացնելու անաչառ եւ բազմակողմանի նախաքննություն` պատգամավորի իրավունքերի պատշաճ պահպանմամբ:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին 105 պատգամավորներից մասնակցել են 85-ը: Բացելով քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզել է, որ առկա է 85 քվեաթերթիկ, դրանցից անվավեր է ճանաչվել 1-ը, կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 3-ը: Այսպիսով՝ ՀՀ Ազգային ժողովը համաձայնություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:

Այնուհետեւ տեղի է ունեցել երկրորդ գաղտնի քվեարկությունը, որը վերաբերում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:

Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ այս քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել են 82-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեարերթիկ, կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 3: Այսպիսով՝ բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:


ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է երկրորդ արտահերթ նիստը:

Պատգամավորները հաստատել են օրակարգային հարցերը հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ ՀՀ ԱԺ որոշումը, որից հետո առաջին ընթերցմամբ քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա տեղեկացրել է, որ ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը, որի 5 տոկոսը վճարում է անձը, իսկ 5 տոկոսն անձի օգտին՝ պետությունը: Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ քաղաքացիները հուլիսի 1-ից կփոխանցեն 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը կփոխանցի պետությունը:

Այս փոփոխությամբ պետությունը նախատեսում է թեթեւացնել ինչպես համակարգին միացած, այնպես էլ հուլիսի 1-ից միացող անձանց սոցիալական բեռը: Նախարարի տեղեկացմամբ՝ այսօր կուտակային համակարգին միացել է ավելի քան 200 հազար քաղաքացի, հուլիսի 1-ից նրանց թիվը կավելանա մոտ 80 հազարով: Խոսքը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիներին:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն անդրադարձել է հավաքված գումարների օգտագործմանն ու դրանց երաշխիքներին, դրամի արժեզրկման հնարավորությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ ֆոնդերում կոռուպցիան բացառելու անհրաժեշտությունից: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Խոսրով Հարությունյանը դրական է արտահայտվել կուտակային համակարգի վերաբերյալ եւ նշել, որ այն անհրաժեշտ է եւ այլընտրանք չունի՝ անկախ քաղաքական համակարգի փոփոխությունից: Նա տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու:

Էդմոն Մարուքյանը նշել է, որ նախկինում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեմ է եղել համակարգի ներդրմանը, սակայն այսօր կողմ են քվեարկելու, քանի որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ հետագայում շարունակվելու են կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումները:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Առաջարկվում է առեւտրային բանկերին հնարավորություն տալ առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները: Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել համաներում գույքի օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների մասով, որպեսզի օրենքի ընդունումից սկսած 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը:

Գործադիրն առաջարկում է կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունն արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին: Առաջարկվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլորտում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպքերում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա: Փոխնախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նվազեցնել թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաեւ արտադրության տարեթվից: Նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագրերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյանը մասնավորապես անդրադարձել է ապրանքների դրոշմապիտակավորման, ՀԴՄ կտրոնով ապրանք առաքելու գործընթացներում առկա խնդիրներին, հարկային մարմինների կողմից հսկողության սահմաններում համակարգիչների առգրավմանը, զննության ընթացքում տեսանկարահանումը գրավոր ծանուցմամբ իրականացնելուն: Նշվել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ փորձ է արվում կարգավորումներ իրականացնել՝ հօգուտ տնտեսվարողների: Նա որոշ դրույթների վերաբերյալ իր նկատառումներն է ներկայացրել:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը մասնավորապես անդրադարձել է հանրային սննդի ոլորտում փոփոխություններին եւ ֆիզիկական անձանց տույժերի ու տուգանքների ներմանը: Նա ընդգծել է, որ բավականին մեղմացումներ կան եւ իրենք կողմ կքվեարկեն նախաձեռնությանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկել է գրահրատարակչության ոլորտն ազատել ԱԱՀ-ից:

Առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նա կարեւորել է նախագիծը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում: Սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երեւան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը: Դատական ակտի՝ նոր երեւան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա ձեւակերպումներին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Փոխնախարարը նշել է, որ օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի դրույթների վերանայման անհրաժեշտությամբ: Սահմանվում են բարձրագույն սպայական կոչումների շնորհման եւ բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնի նշանակման եւ ազատման, բարձրագույն զինվորական կոչումների շնորհման գործընթացի հետ կապված հարաբերությունները, վերանայվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացում մարզային եւ հանրապետական զորակոչային, ինչպես նաեւ մանդատային հանձնաժողովների կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները: Հստակեցվում են քաղաքացու ընտանեկան պայմանների շրջանակներում ծնողների հաշմանդամության արդյունքում աշխատունակության սահմանափակման աստիճանին, ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու դեպքում պայմանագիրը երկարաձգելու հնարավորությանն առնչվող դրույթները: Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված քաղաքացիները:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նա ներկայացրել է այն հիմնական շեշտադրումները, որոնցով առաջնորդվել է գործադիրը: Կառավարությունը նպատակ ունի առկա իրողություններին տալ նոր իրավակարգավորումներ: Սահմանվել է առանձին կատեգորիայի պետական պաշտոնատար անձանց կենսաթոշակի իրավունքը: Հիմնական զեկուցողը նշել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի ընտանիքներին նշանակված կենսաթոշակը վճարվելու է ընտանիքի այլ անդամին՝ անկախ նրա կենսաթոշակ ունենալու հանգամանքից:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին: Սահմանվում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնելու: Սահմանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը եւ կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող:

Փոխնախարարը հավաստիացրել է, որ բարեգործության շրջանակը չի նեղացվում, նախաձեռնությամբ բարեգործների համար խոչընդոտներ ու նոր պարտականություններ չեն նախատեսվում:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտնել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Հարցուպատասխանի ձեւաչափում խորհրդարանականներն անդրադարձել են որեւէ խրախուսում կամ արտոնություն չակնկալող բարեգործությանը, ուսման վարձի կամ բուժման ծախսի փոխհատուցման տեսքով բարեգործություն իրականացնելուն, միջազգային կազմակերպությունների կողմից բարեգործական ծրագրի իրականացման դեպքում իրավասու մարմնին դիմելու հնարավորությանը եւ այլն:

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի հունիսի 20-ին:


19.06.2018
Հանդիպել են Ֆրանսիայի եւ Հայաստանի խորհրդարանների բարեկամական խմբերի անդամները
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հունիսի 19-ին հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ողջունելով ֆրանսիացի գործընկերներին խորհրդարանում, նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձ...

19.06.2018
Գեւորգ Կոստանյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի դիմում-բողոքների հանձնաժողովի մշտական անդամ Գերո Շթորյոհանի հետ
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հունիսի 19-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի դիմում-բողոքների հանձնաժողովի մշտական անդամ Գերո Շտորյոհանի հետ: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Գեւորգ Կ...

19.06.2018
Ֆրանսիացի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Ֆրանսիացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ...

19.06.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Հունիսի 19-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդար...

19.06.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS