ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ հունիսի 11-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:
Օրենսդրական փաթեթով սահմանվում են հողի դասակարգման նոր հասկացություններ: Ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է մշակովի հողերի, մարգագետինների, ծառածածկ, թփուտապատ, ջրածածկ եւ բուսականությունից զուրկ տեսակների:
Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը:
Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, գործընկերներին առաջարկել է տալ դրական եզրակացություն:
Հանձնաժողովը միաձայն կողմ է արտահայտվել օրենսդրական նախաձեռնությանը՝ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար: