National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
10.04.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
10.04.2018
Խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 10-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Համաձայնագրի քննարկմանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ներկայացնելով համաձայնագիրը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը տեղեկացրել է, որ այն ստորագրվելով 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, փոխարինելու է 1999 թվականից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագրին:

Ըստ հիմնական զեկուցողի՝ շրջանակային համաձայնագիրը հավասար, նոր եւ գործընկերային մակարդակի վրա է բարձրացնում ընդհանուր արժեքների ու սերտ կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները եւ կոչված է կարգավորելու դրանք: Փաստաթուղթը կանոնակարգում է երկկողմ քաղաքական, տնտեսական, առեւտրային հարաբերությունները, խրախուսում դրանց շարունակականությունը: Խոսվում է Եվրամիություն-Հայաստան ընդհանուր սկզբունքների, կազմակերպված հանցագործության ու կոռուպցիայի դեմ պայքարի, էներգետիկայի եւ տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության, գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության սկզբունքների եւ ծրագրերի մասին:

Առանձին եւ հստակ մաս է հատկացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման հարցին. համաձայնագիրը վերահաստատում է Եվրամիության հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ իրավահավասարության, տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Համաձայնագրով նաեւ նախատեսվում է ՀՀ օրենսդրության համապատասխանեցում ԵՄ օրենսդրությանը: Կուժեղացվի խորհրդարանական վերահսկողությունը տարբեր ոլորտներում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ԵՄ անդամ երկրների հետ ստեղծել խորհրդարանական գործընկերության կոմիտե, որը գործելու է նոր ձեւաչափով եւ ունենալու է ենթակոմիտեներ:

«Հույս ունենք, որ մոտ ժամանակներս Եվրամիության կողմից Հայաստանին կտրամադրվի վիզաների ազատականացման մեկնարկի գործողության ծրագիրը»,-նշել է Կարեն Նազարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արմեն Աշոտյանը՝ համաձայնագիրը համարելով ՀՀ արտաքին քաղաքականության հաջողված պատմություններից մեկը: Հանձնաժողովի նախագահն այն կարեւորել է նաեւ խորհրդարանական վերահսկողության իրականացման տեսանկյունից, անհրաժեշտ համարել նախարարությունների հետ միասնական աշխատանքի իրականացումը: Կարեւորվել է հանրության իրազեկումն ու համաձայնագրի հանրայնացումը, հանրային հատվածի ներգրավումը փաստաթղթի դրույթների իրականացման գործընթացում: Անդրադառնալով ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը հատկապես կարեւորել է փաստաթղթի քննարկումն ու վավերացումը Եվրոպական խորհրդարանի կողմից: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված դրույթներին՝ դա համարելով ոչ թե բարի կամքի դրսեւորում Հայաստանին, այլ ընդամենը տուրք եվրոպական հանրության կողմից սեփական սկզբունքներին ու հետեւողականությանը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը գոհունակությամբ ընդգծել է, որ քաղաքական դաշտում համաձայնագրի հարցում առկա է համաձայնություն: Նա նշել է, որ չկա որեւէ ոլորտ, որը դուրս է մնացել համաձայնագրի կարգավորման դաշտից՝ հավելելով, որ առաջարկված են դետալային լուծումներ: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ համաձայնագրի առաջադրումը եվրոպական արժեհամակարգի մաս է. Եվրոպան շահագրգիռ է ունենալու զարգացող եւ կայուն տարածաշրջան ու կանխատեսելի հարեւաններ: Զեկուցողը կարեւորել է համաձայնագրի կյանքի կոչման հարցում քաղաքական կամքի առկայությունը, քանի որ դրանով նախատեսվում են լրջագույն բարեփոխումներ:

Նա անդրադարձել է վիզաների ազատականացման գործընթացին՝ այս հարցում Եվրամիությունից ակնկալելով պատշաճ ժամկետներում առավել առարկայական քննարկումների մեկնարկ:

Ընդգծելով, որ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կիրառման հարցում համաձայնագրի կատարման շահառուներից մեկը խորհրդարանն է՝ Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրել է, որ ԱԺ հանձնաժողովները համաձայնագրի կիրարկման ընթացքում ունենալու են իրենց դերակատարությունը: Նա առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել, որը կկազմի ճանապարհային քարտեզ՝ այդ աշխատանքներին ներգրավվելով քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Պատգամավորների հարցերն առնչվել են Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը, համաձայնագրի կատարման ընթացքի, արդյունքների ու ազդեցության գնահատականներին, հանրայնացման եւ իրազեկման աշխատանքներին, մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր քաղաքական ռիսկերին եւ այլն:

Հիմնական եւ հարակից զեկուցողներն անդրադարձել են վերոնշյալ հարցերին:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ համաձայնագրի վավերացումը բխում է մեր ազգային ու պետական շահերից, սակայն, այդուհանդերձ, կան մի շարք մտահոգություններ եւ ռիսկեր: Բանախոսն անդրադարձել է ատոմակայանի գործարկման, կլիմայի արտանետումների անվտանգության հարցում մեր երկրի ստանձնած պարտավորությունների, այդ հարցերում համագործակցության հնարավոր ռիսկերին: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է արտակարգ եւ ոչ ստանդարտ միջոցառումների ձեռնարկումը՝ առաջարկելով գնալ ռիսկերի իրական կառավարման ճանապարհով:

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց տեսակետներն են արտահայտել համաձայնագրի վերաբերյալ

Կարեն Բեքարյանը մասնավորապես անդրադարձել է փաստաթղթի իրավական ու քաղաքական կարգավորումներին, թիրախային իրազեկման ու հանրայնացման աշխատանքներին: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել համաձայնագրին:

Արտաշես Գեղամյանի գնահատմամբ՝ Հայաստանի հարաբերությունների զարգացումը եւ՛ ԵՄ-ի, եւ՛ ԵԱՏՄ-ի հետ խուճապ է առաջացրել հարեւան Ադրբեջանում: Ըստ նրա եւ Շիրակ Թորոսյանի՝ Հայաստանն ապացուցեց, որ հնարավոր է երկու տարբեր տնտեսական ու աշխարհաքաղաքական համակարգերի հետ համագործակցությունը՝ վկայակոչելով եվրոպական տարբեր պաշտոնյաների տեսակետները: Հրշատակվել է նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե տարբեր տնտեսական համակարգերի հետ զուգահեռ համագործակցելու հայաստանյան փորձը հաջողված է:

Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ համաձայնագիրը ՀՀ իշխանության քաղաքական կամքի եւ վարած արտաքին քաղաքականության արդյունք է, այն նոր քայլ է դեպի ժողովրդավարության խորացում, բարեփոխումների շարունակականություն: Պատգամավորը հավելել է, որ տարբեր ինտեգրացիոն միավորումները համադրելու մեր երկրի քայլը գնահատվել է նաեւ միջազգային կարեւորագույն հարթակներում:

Վահե Էնֆիաջյանը, ընդգծելով, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ողջունում է ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայմանը միտված գործընթացը, նշել է, որ այդուհանդերձ կան առավել հանգամանալի ուսումնասիրության արժանի խնդիրներ:

Խոսրով Հարությունյանն առանձնապես կարեւորել է փաստաթղթի՝ խորհրդարանական վերահսկողությանն ու տարածաշրջանի խաղաղությանն ուղղված դրույթները:

Միհրան Հակոբյանը պատմական է գնահատել փաստաթուղթը, դրական արտահայտվել մեր երկրի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ըստ նրա՝ սա երկուստեք փոխշահավետ համաձայնագիր է, կարեւոր՝ մեր երկրի եւ ժողովրդի համար:

Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է համաձայնագրի իրականացման հարցին եւ մտավախություն հայտնել, որ կառավարման համակարգի փոփոխության արդյունքում դժվար կլինի դրա իրագործումը: «Այս պահին չենք տեսնում քաղաքական կամք՝ իրականացնելու համար համաձայնագրի դրույթները»,- հավելել է նա՝ խոսելով տնտեսության զարգացման հարցում քաղաքական ուժերի միջեւ կոնսեսուսի բացակայության մասին:

Արաիկ Հովհաննիսյանը հաջողված է գնահատել համաձայնագիրը՝ այն համարելով բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող փաստաթուղթ, որը հնարավորություն է տալու առավել համակարգված իրականացնել Եվրամիության հետ նախատեսված աշխատանքները: Նա եւս անհրաժեշտ է համարել ԵՄ հանրության իրազեկումը Հայաստանի եւ նրա մշակույթի մասին:

Արտակ Զեյնալյանը խոսել է այն հարցերի մասին, որոնք թույլ չեն տալու իրականացնել համաձայնագիրը: Նա մասնավորապես անդրադարձել է իշխանության կողմից հնչեցված, սակայն չկատարված ծրագրերին եւ խոստումներին, որոնք էլ թերահավատ են դարձնում հասարակությանը:

Կորյուն Նահապետյանը համաձայնագիրը դրական է գնահատել հայկական դիվանագիտության տեսանկյունից, խոսել տարբեր ոլորտներում սպասվող բազմաբնույթ բարեփոխումների մասին: Նրա կարծիքով՝ այն նպաստելու է նաեւ քաղաքական մշակույթի, քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ համաձայնագիրն առանցքային եւ պատմական փաստաթուղթ է, որը նշանակալի դերակատարություն է ունենալու պետականաշինության հետագա գործում:

Հայկ Բաբուխանյանի համոզմամբ՝ համաձայնագիրը թույլ կտա առավել զարգացնել տնտեսությունը, իրականացնել բնապահպանական ծրագրեր, արդյունավետ դարձնել պայքարը կոռուպցիայի դեմ: Պատգամավորն ընդգծել է, որ համաձայնագիրը երաշխավորում է, որ չկա որեւէ հակասություն գործընկերային շրջանակում մեր երկրի որդեգրած պարտավորությունների առումով, չկա որեւէ վտանգ ազգային արժեհամակարգի եւ նոր ատոմակայանի կառուցման առնչությամբ: Բանախոսը եւ Գագիկ Մինասյանը կարեւորել են համաձայնագրի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող դրույթը: Գագիկ Մինասյանի խոսքով՝ մեր երկրի վարած «եւ-եւ»-ի քաղաքականությունն ապացուցում է իր կենսունակությունը:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա անդրադարձել է ժողովրդավարական եւ համակարգային բարեփոխումների իրականացման անշրջելիությանը մեր երկրում, խոսել պետության արտաքին քաղաքականության ուղղություններից՝ նշելով, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը Եվրամիության հետ ստորագրել է նման համաձայնագիր:

«Համաձայնագրի ստորագրումը Եվրամիության հետ չի ենթադրում արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն: Հայաստանը շարունակելու է զարգացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի եւ Եվրասիական տնտեսական միության հետ, միաժամանակ խորացնելով գործընկերային հարաբերությունները Եվրամիության հետ».- նշել է Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահն առանձնապես կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ դրույթների ամրագրումը համաձայնագրում՝ ընդգծելով, որ դրանով օրենքի ուժ է տրվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արմեն Ռուստամյանը՝ կարեւորելով համաձայնագրի ընդունումը: Պետականաշինության եւ իրավական պետության կառուցման գործում նա կարեւորել է «եւ-եւ»-ի քաղաքականությունը: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ համաձայնագիրը ցույց է տալիս, որ Հայաստանը, լինելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, կարողանում է իր սուվերեն իրավունքներն իրականացնել, ինչով էլ պայմանավորված են մեր հարեւան որոշ պետությունների ցնցումները: Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ բովանդակային իմաստով համաձայնագիրն ապահովելու է արմատական բարեփոխումների գործընթաց:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իրենք աջակցել են ու ողջունում են ԵՄ-ի հետ համաձայնագրի թարմացումը: Պատգամավորն անդրադարձել է համաձայնագրով մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությանը: Խմբակցության ներկայացուցիչն ընդգծել է, որ «Ելք»-ը մոնիթորինգի է ենթարկելու համաձայնագիրը, հետեւողական է լինելու փաստաթղթի դրույթների կյանքի կոչման հարցում:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով` համաձայնագիրը պատմական է, եւ այն քննարկման առարկա է դարձել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հեռատես քաղաքականության շնորհիվ: Ըստ նրա` իրողություն է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, փոխգործակցելով ՀԱՊԿ-ի հետ, համագործակցում է նաեւ Եվրամիության հետ: Խմբակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական բոլոր ուժերին համաձայնեցված դիրքորոշում ունենալու եւ բազմավեկտոր քաղաքականության արդյունավետությունը միասնաբար հաստատելու համար:

Եզրափակիչ ելույթներում Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Աշոտյանը եւ Կարեն Նազարյանն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին ու առաջարկներին:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


10.04.2018
Գագիկ Մինասյանը հանդիպել է Հանուն ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ապրիլի 10-ին հանդիպել է Հանուն ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի ներկայացուցիչներ Քրիստոֆեր Լեւիկի, Անդրյու Ուոքերի, Մարկո Սոշիչի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային ֆ...

10.04.2018
Հանդիպում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ապրիլի 10-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Հանուն ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի Մոնտենեգրոյի ծրագրերի համակարգող Մարկո Սոշիչի հետ: Քննարկվել են ՀՀ ԱԺ-ի հետ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ...

10.04.2018
Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-13-ը կլինի Սանկտ Պետերբուրգում` մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 47-րդ լիագումար, տնտեսական եւ ֆինանսների հարցերով, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպան...

10.04.2018
ՀՀ Ազգային ժողով են այցելել Արարատի մարզի Գեղանիստ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 10-ին խորհրդարան են այցելել Արարատի մարզի Գեղանիստ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Նրանք շրջել են խորհրդարանում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: Հյուրերի հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա աշակերտներին ներկայացրել է ...

10.04.2018
Մամուլի ասուլիսի հրավեր
Ապրիլի 11-ին՝ ժամը 15:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանի եւ Գեւորգ Գորգիսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական...

10.04.2018
Վարչապետի ընտրության անցկացման մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS