National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.2.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
07.02.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն

Փետրվարի 5-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն:

Քուվեյթի գիտական առաջադիմության կենտրոնից հետո պատվիրակության անդամները հյուրընկալվեցին հայկական ազգային վարժարանում, ուր պատվիրակությանը դիմավորեց գերաշնորհ տեր Կորյուն արքեպիսկոպոս Պապյանը: Պատվիրակությունը շրջագայեց վարժարանում, ծանոթացավ ուսուցիչների ու ուսումնական պայմանների հետ:

Քուվեյթի եւ Ծոցի արաբական երկրների Հայոց թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում Քուվեյթի թեմական խորհրդի, ազգային վարչության, հասարակական-կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Քուվեյթի եւ Ծոցի արաբական երկրների թեմական խորհրդի նախագահ Ժիրայր Սնաբյանը ողջույնի խոսքում նշեց, որ Քուվեյթի հայ գաղութը հիսնամյա գոյության ընթացքում ազգային, մշակութային, կուսակցական շատ գործիչների է հյուրընկալել, բայց առաջին անգամ պատիվ ունի ընդունել Հայաստանի Ազգային ժողովի նախագահին ու իր գլխավորած պատվիրակությանը, եւ դա պատմական օր է գաղութի կյանքում: Պարոն Սնաբյանը ներկայացրեց քուվեյթահայերի կյանքը, նշեց, որ նրանք մշտապես իրենց աջակցությունն են ցուցաբերել մայր հայրենիքին եւ պատրաստ են հետայսու էլ հնարավորն անել: Թեմական խորհրդի նախագահը կարեւորեց երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումը, սփյուռքի ուժերի ներգրավումով Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներին դիմագրավումը:

Քուվեյթում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը Ծոցի արաբական երկրներում` կարեւորելով քաղաքական ու առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը:

Հայաստանի իշխանությունների ու Ազգային ժողովի անունից քուվեյթահայերին ողջույնի խոսք ասաց Աժ նախագահը, իր ուրախությունը հայտնելով այդքան կուռ ու համախումբ, կազմակերպված համայնքի առկայություն համար` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ հայոց հոգին իրոք թեւածում է Քուվեյթում, եւ դա ակնհայտ է հայկական ազգային վարժարանում, առաջնորդարանում: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր բարոյական ու նյութական աջակցություն են բերում Հայաստանին, նպաստում են ազգային արժեքների պահպանմանը: «Հայաստանը հաստատուն քայլերով գնում է առաջ» ասաց Աժ նախագահը` նշելով, որ տարեցտարի քարը քարի վրա դնելով կառուցվում է ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ Հայաստան եւ այդ ճանապահին շատ կարեւոր է սփյուռքի հետ կապերի ամրապնդումը: Այնուհետեւ խորհրդարանի նախագահը պատմեց Հայաստանում կատարվող բարեփոխումների մասին, նշելով, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում հնարավոր կդառնա երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումը, որի շուրջ արդեն քաղաքական համաձայնություն է կայացվել: Արթուր Բաղդասարյանը կարեւորեց Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը, որի ջատագովն է լինելու Հայաստանի խորհրդարանը, որովհետեւ դա բխում է Հայաստանի ազգային շահերից եւ պետության առջեւ կանգնած մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին շատ կարեւոր է արաբական աշխարհի հետ հարաբերությունների ճիշտ զարգացումը: Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կարեւոր խթան համարվեց ուղիղ չվերթների հաստատումը: Խորհրդարանի նախագահը պատասխանեց նաեւ համայնքի անդամների հարցերին:

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց արաբականտնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի նախագահ Բադեր ալ Հոմեյդիի հետ: Հիմնադրամը, որ ստեղծվել է հազար ինը հարյուր վաթսունմեկ թվականին, յոթ միլիարդ դոլար դրամագլխով, պատկանում է կառավարությանը, հիմնականում ֆինանսավորում է ինֆրակառույցների կենսագործունեությունը, վարկավորման պարտադիր պայմանը վարկառուի շահույթ ստանալն է, վարկերը տրվում են քսան-քսանհինգ տարով`  երկու, երկուսուկես տոկոսով: Բանակցությունների ընթացքում նախանշվեցին այնուղղությունները, որոնցով Հայաստանը կարող է իրծրագրերը ներկայացնել հիմնադրամին` ուսումնասիրության ու ֆինանսավորման նպատակով: Քուվեյթյան կողմից նախընտրելի համարվեցին կրթության, առողջապահության ոլորտները, մարզային զարգացման ծրագրերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Հայաստանը կներկայացնի երկու ծրագիր քսանհինգ միլիոն դոլարի արժողությամբ եւ հիմնադրամի ընթացակարգով կսկսվեն ուսումնասիրությունները:

Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ջասեմ Մուհամմադ Ալ-Խուրաֆիի հետ հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին  Հայաստանի եւ Քուվեյթի խորհրդարանների միջեւ համագործակցության հաստատման խնդիրները: Փոխըմբռնման մթնոլորտում կողմերը կարեւորեցինխաղաղության հաստատումը տարածաշրջանում, ահաբեկչության դեմ պայքարը, համագործակցությունը միջազգային ատյաններում, փոխադարձ այցերը:ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ արաբական երկրներում մեծ թվով հայեր են ապրում, նրանցից հինգ հազարը Քուվեյթում, եւ շնորհակալություն հայտնեց հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար Քուվեյթի պետությանը: Քննարկվեցին նաեւ արաբական միջխորհրդարանական միությանը Հայաստանի խորհրդարանական բարեկամության համաժողովի անդամակցության եւ Հայաստանում արաբական մշակույթի կենտրոնի բացման հարցերը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին` Ջասեմ Մուհամմադ Ալ Խուրաֆին նշեց, որ Քուվեյթը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման արդյունքում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ջասեմ Մուհամմադ Ալ Խարաֆին ստորագրեցին միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիր, որտեղնշվում է, որ կարեւորելովՀայաստանի եւ Քուվեյթի ժողովուրդների միջեւ բարեկամությունն ու համագործակցության զարգացումը, հիմնվելով միմյանց իրավունքներն ու շահերը հարգելու սկզբունքների վրա, ընդգծելով ՀՀ եւ Քուվեյթի Պետության միջեւզարգացող փոխհարաբերությունները, համաձայնեցինզարգացնել փոխադարձ համագործակցության բոլոր ձեւերը՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ հարաբերությունների խորացմանը հավասարության եւ փոխադարձ շահավետության սկզբունքի հիման վրա՝ սոցիալական, առեւտրատնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում: Կողմերը կփոխանակեն խորհրդարանական պատվիրակություններ, աշխատանք կտանեն երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների եւ աշխատակազմերի միջեւ կապերի ամրապնդման ուղղությամբ: Երկուստեք գործողությունների եւ դիրքորոշումների համակարգմաննպատակով կողմերը միմյանց հետ կհամագործակցեն Միջխորհրդարանական Միության եւ այլ խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում: Բացի այդ` կողմերը կձեւավորեն երկկողմ հարաբերությունների զարգացման խորհրդարանական համատեղ հանձնաժողով:Համաձայնագրի շրջանակներում եւ Հայաստանի ու Քուվեյթի օրենսդրություններին համապատասխան, կողմերը կփոխանակեն իրենց օրենսդրական փորձը, օրենքներին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ պաշտոնական փաստաթղթերին վերաբերող իրենց դիրքորոշումները: Կողմերից յուրաքանչյուրը կհյուրընկալի մյուս կողմի ներկայացուցիչներին՝ մասնակցելու համաժողովներին, սեմինարներին եւ այլ միջոցառումներին, որոնք կկազմակերպվեն համաձայնագրի շրջանակներում: Այցելությունների պայմանները կսահմանվեն փոխադարձ համաձայնությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Ազգային ժողովի նախագահ Ջասեմ Մուհամմադ Ալ-Խուրաֆիին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան:

Քուվեյթի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալի Թնեյան ալ Ղանեմի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին առեւտրատնտեսական կապերին առնչվող խնդիրներ, պայմանավորվածություն ձեռքբերվեց Քուվեյթի առեւտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ Քուվեյթից ՀայաստանՀայաստանից Քուվեյթ կմեկնեն գործարարների պատվիրակություններ` քննարկելու երկկողմ շփումների հնարավորությունները, կկազմակերպվեն բիզնես ֆորումներ, ապրանքերի ցուցահանդեսներ:

Նույն օրը տեղի ունեցավ հանդիպում Քուվեյթի Պետության տեղեկատվության նախարար Ֆեյսալ ալ Հաջիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նրան փոխանցեց Հայաստանի մշակույթի նախարարի նամակը, որը վերաբերում է երկկողմ մշակութային համագործակցությանը: Խորհրդարանի նախագահը կարեւորեց երոկւ երկրների հարաբերություններում տեղեկատվության փոխանակումը: Քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

Փետրվարի 7-ի պաշտոնական հանդիպումներից առաջինը Քուվեյթի Պետության վարչապետ, թագաժառանգ, շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահի հետ էր: Փախանցելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, նշեց, որ հայ-քուվեյթյան առաջին պաշտոնական հանդիպումները նպատակ ունեն զարգացնել երկկողմ համագործակցությունը բոլոր բնագավառներում: Առաջարկ եղավ միջպետական համագործակցության համաձայնագիր ստորագրելու մասին, որը կընդգրկի համագործակցության բոլոր բնագավառները, որը ավանության արժանավաբ թագաժառանգի կողմից: Նշվեց, որ երկու երկրներն էլ պաշտպանում են տարածաշրջանի խաղաղության գաղափարը եւ միմյանց հետ չունեն ու չեն ունեցել որեւէ քաղաքական, տնտեսական կամ այլ բնույթի տարաձայնություն, իսկ դա լավ հիմք է հարաբերությունների հետագա զարգացման ու թե երկկողմանի համագործակցության, թե միջազգային կառույցներում համագործակցության համար: Քուվեյթի Պետության վարչապետ շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահը սիրով ընդունեց Հայաստան պաշտոնական այցի հրավերը, որի ժամկետները առաջիկայում կճշտվեն: Վարչապետը իր աջակցությունը խոստացավ Հայաստանում արաբական մշակույթի կենտրոնի ստեղծմանը: Նշվեց նաեւ, որ Քուվեյթը կողմ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը եւ միջազգային կառույցներում պաշտպանելու է այդ տեսակետը:

Քուվեյթի Պետության փոխվարչապետ Մոհամմադ Դեյֆալլահ Շարարի հետ հանդիպման առանցքում Հայաստանում Քուվեյթի դեսպան ու դեսպանատուն ունենալու, իրավապայմանագրային բազայի վավերացման, գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության, երկու երկրների ռեգիոնների խնդիրներն էին: Նշվեց, որ երկու երկրների քաղաքական դիրքորոշումները համընկնում են, երկու երկներն են ձգտում են խաղաղության ու կայունության հաստատման ու ամրապնդման: Փոխվարչապետը պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ խնդիրների լուծմանը, նշելով, որ Քուվեյթը նպատակ ունի Հայաստանի հետ զարգացնել առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերը: Կարեւորվեցին պատվիրակությունների փոխայցերը, որոնք հնարավորություն են տալիս տեղում խանոթանալ միմյանց խնդիրներին ու հնարավորություններին: Այդ նպատակով Քուվեյթից պատվիրակություն կժամանի Հայաստան` ծանոթանալու համատեղ ձեռնարկությունների ստեղծման օրենսդրական ու տնտեսական հնարավորություններին:

Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ Սաբահ ալ-Սալեմ ալ Սաբահի հետ հանդիպման ընթացքում եւս կարեւորվեցին Հայաստանում դեսպան ունենալու, իրավապայմանագրային բազայի հաստատման եւ միջազգային կառույցներում համագործակցության, Հայաստանում արաբական մշակույթի կենտրոնի ստեղծման խնդիրները: Նշվեց, որ Քուվեյթի հայ համայնքի առկայությունը լավ հիմք է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման համար: Այս տարի լրանում է հազար ինը հարյուր տասնհինգ թվականին հայերի ցեղասպանության իննսուն ամյակը եւ Քուվեյթում եւս այդ ողբերգական իրադարձություններին կանդրադառնան հայ համայնքի անդամները: Կաեւորելով արաբական երկրների հետ հարաբերությունների խորացման հարցում Քուվեյթի դերը` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը կցանկանար դիտորդի կարգավիճակով անդամակցել իսլամական կոնֆերանսին: Նախարարը նշեց, որ կազմակերպական բնույթի որոշ հարցերի լուծումից հետո հնարավոր կդառնա անդրադառնալ այդ հարցին:

Պատվիրակության անդամները եղան նաեւ Քուվեյթի զարգացման գիտահետազոտական կենտրոնում, որի տնօրեն Աբդուլհադի Սադոուն ալ Օթուբին ներկայացրեց իրենց գործունեությունը, որ ընդգրկում է բնապահպանության, առողջապահության, ձկնարդյունաբերության, գիտության ու կրթության ոլորտները: հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների գիտնականների եւ գիտությունների ազգային ակադեմիաների միջեւ պատվիրակությունների փոխանակման եւ նրանց միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին:

Քուվեյթի Պետությանառողջապահության նախարար դոկտոր Մոհամմեդ Ալ Ջարալլահի հետ քննարկվեցին առողջապահության համակարգում համագործակցության հարցերը, մասնավորապես` երկկողմ համաձայնագրերի ստորագրումը, մասնագետերի եւ բուժսարքավորումների փոխանակումը, միմյանց մասնագիտացված բուժհիմնարկներում հիվանդների բուժումը, համատեղ դեղագործական ձեռնարկությունների հիմնումը: Պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ փոխադարձ այցով մասնագետների խումբը կլինի Հայաստանում ու Քուվեյթում, որպեսզի ծանթանան միմյանց կոնկրետ հնարավորություններին ու պահանջներին: Նշվեց նաեւ համատեղ բուժական առողջարանների ստեղծման ու զարգացման հնարավորության մասին:

Փետրվարի 7-ին պատվիրակությունը մեկնեց Բահրեյնի Թագավորություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am