National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
24.11.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի տարեկան հաղորդումը երրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանում

ՀՀ «Աժ կանոնակարգ» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի ժթ ենթակետի համաձայն` ԱԺ նախագահն իրավասու է ԱԺ եւ իր գործունեության մասին տարեկան հաղորդումով հանդես գալ ԱԺ նիստում:

Իսկզբանե բացառելու համար հնարավոր շահարկումները` ես ուզում եմ կրկնել, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը խորհրդարանի նախագահին հնարավորություն է տալիս հանդես գալ տարեկան հաղորդումով, որը բնավ չի կարելի համարել ոչ պարտադիր նորմ, ոչ էլ հաշվետվություն: Համենայն դեպս` ԱԺ նախորդ գումարումների որեւէ նախագահ Աժ նիստի ժամանակ նման հաղորդումով հանդես չի եկել:

Գաղտնիք չէ, որ խորհրդարանը պետական կառավարման համակարգի ամենահրապարակային գործող կառույցն է, որտեղ ամեն նստաշրջանում հավատարմագրվում են տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցների 160-170 ներկայացուցիչներ: Այնուհանդերձ, եթե կարելի է հայկական պառլամենտարիզմի պատմության մեջ լավ ու ուսանելի ավանդույթի սկիզբ դնել, ինչու՞ նման հնարավորությունից չօգտվել:

ԱԺ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Աժ օրենսդրական գործունեության վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ աշխատել է բավականին ծանրաբեռնված եւ արդյունավետ: Այլ խնդիր է, որ միշտ չէ, որ բոլոր պատգամավորները մասնակցում են օրենսդրական գործունեությանը, եւ մեծ չէ այն պատգամավորների թիվը, ովքեր զբաղված են ամենօրյա խորհրդարանական գործունեությամբ: Սա եւս մեկ անգամ մեզ բերում է այն համոզման, որ մենք պետք է մտածենք խորհրդարանում տեղի ունեցող գործընթացների հետագա քաղաքականացման անհրաժեշտության մասին, որպեսզի հետագա գումարումների Ազգային ժողովներում քաղաքական-օրենսդրական գործունեությամբ առավել մեծ թվով պատգամավորներ զբաղվեն:

ՀՀ ԱԺ երրորդ գումարման ողջ ընթացքում` առ այսօր, գումարվել է 4 հերթական եւ 3 արտահերթ նստաշրջան: Աժկանոնակարգի համաձայն գումարվել է արդեն 23 եռօրյա նիստ:

Շրջանառության մեջ են դրվել 345 օրենսդրական նախագծեր եւ նախագծերի փաթեթներ, որոնցից 202-ի հեղինակը կառավարությունն է, իսկ 143-ինը` Ազգային ժողովի պատգամավորները:

ՀՀ նախագահը ԱԺ վավերացմանն է ներկայացրել 118 միջազգային պայմանագիր:

ԱԺ-ն ընդունել է 199 օրենքներ, որոնցից 45-ը «մայր» օրենքներ են, իսկ 154-ը` փոփոխություններ եւ լրացումներ արդեն գործող օրենքներում:

35 օրենքի նախագծեր ընդունվել են առաջին կամ երկրորդ ընթերցմամբ եւ ենթակա են ընդունման ամբողջությամբ:

Աժ-ն վավերացրել է 110 միջազգային համաձայնագիր, պայմանագիր կամ կոնվենցիա:

ԱԺ-ն ընդունել է 548 որոշում, որոնցից 150-ը նորմատիվային, իսկ 398-ը լոկալ որոշումներ են:

Ի գիտություն են ընդունվել օրենքով նախատեսված 12 ծրագրեր, հաղորդումներ եւ հաշվետվություններ:

Շրջանառության մեջ են 80 օրենսդրական նախագիծ եւ 8միջազգային պայմանագիր:

Համառոտ ամփոփելով այս բաժնի շուրջ իմ նկատառումները` տեղի են համարում մեջբերել մեծ փիլիսոփաներից մեկին. «Խավարն անիծելու փոխարեն գոնե մեկ մոմ վառենք»: Այն մարդիկ, ովքեր շարունակ փորձում են փնովել կամ վարկաբեկել Աժ-ն, լավ կլինի, որ գան ու ակտիվ աշխատեն խորհրդարանում, զբաղվեն ժողովրդի խնդիրների լուծմամբ:

ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ԱԺ 6 մշտական հանձնաժողովները այս ընթացքում ակտիվ աշխատել են, օրենսդրական բոլոր նախագծերն ու փաթեթներըը, միջազգային համաձայնագրերը, պայմանագրերն ու կոնվենցիաները քննարկվել են հանձնաժողովներում, հրատապ ու կարեւոր հարցերով կազմակերպվել են խորհրդարանական լսումներ: Քանի որ հանձնաժողովների աշխատանքի անմիջական արդյունքները դրսեւորվել են ԱԺ նիստերում, նպատակահարմար չեմ համարում մանրամասն անդրադառնալ:

Աժ երկրորդ նստաշրջանի առաջին նիստում` 2003 թ. սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի որոշմամբ ստեղծվել են երեք ժամանակավոր հանձնաժողովներ:

Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Աժ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը2004-իփետրվարի17-ին Ազգային ժողովիններկայացրեց միջանկյալհաղորդում կատարված աշխատանքի վերաբերյալ, որի արդյունքում մինչեւ 2007 թ. ապրիլի 1-ը երկարաձգվեց հանձնաժողովի գործունեության ժամկետը:

ԱԺ արդյունավետ գործունեության արդյունքում նաեւ հաջողությամբ կատարում ենք մեր պարտավորությունները ԵԽ-ում: Երկու անգամ Եվրոպայի խորհուրդը խորհրդարանի առնչությամբ ընդունել է փայլուն բանաձեւեր,վեհաժողովը իր գոհունակությունն է հայտնել օրենսդրական գործընթացներից, որ նախկինում չի եղել: Սովորաբար ավելի շատ խոսում են վատ բաների մասին, բայց մենք պիտի սովորենք գնահատել ու արժեւորել նաեւ լավը:

Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը 2004-ի մարտի 30-ին Ազգային ժողովին ներկայացրեց միջանկյալհաղորդում կատարված աշխատանքի վերաբերյալ:

Այս հանձնաժողովի գործունեության ոլորտը եւս բավականին ընդգրկուն է, անցած ժամանակամիջոցում ուսումնասիրվել է միայն ջրային համակարգը, բացահայտվել են որոշակի թերություններ, սխալներ: Կարծում եմ` հանձնաժողովը պիտի ընդլայնի իր գործունեության դաշտը եւ մեծացնի խորհրդարանական վերահսկողությունը, հատկապես վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնությունների օգտագործման ուղղությամբ: Հստակ քաղաքական քայլ էր մեր կողմից, երբ վճռականություն ցուցաբերեցինք նման հանձնաժողով ստեղծելու համար, եւ պիտի նույնքան էլ վճռական աշխատենք:

«Հայխնայբանկ»-ում ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը 2004-ի մարտի 30-ին Ազգային ժողովին ներկայացրեց հանձնաժողովի հաղորդումը կատարված աշխատանքի վերաբերյալ: 2004 թ. մարտի 15-ին ի գիտություն ընդունելով «Հայխնայբանկում»ավանդադրված ՀայաստանիՀանրապետությանքաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող Աժ ժամանակավորհանձնաժողովի եզրակացությունը, խորհրդարանը հանձնաժողովի աշխատանքը գնահատեց դրական եւ աշխատանքը համարեց ավարտված:

Աժ որոշում կայացրեց առաջարկել ժամանակավորհանձնաժողովի անդամ-պատգամավորներին երկամսյա ժամկետում ԱԺ խմբերի, խմբակցությունների առաջարկությունների եւ հանձնաժողովի եզրակացության սկզբունքների հիման վրա մշակել օրենքի նախագիծ: «ՀՀ քաղաքացիների Հայխնայբանկում առ 01.01.1993 թ. ավանդադրված գումարների վերականգնման, փոխհատուցման եւ մարման երաշխիքներ մասին» օրենքի նախագիծը արդեն դրված է պաշտոնական շրջանառության մեջ:

Ուզում եմ շեշտել, որ ավանդների վերադարձման հարցը վերաբերում է բոլոր կուսակցություններին, դա չպետք է լինի մի կուսակցության մենաշնորհը եւ դրա առհավատչյան Աժ-ի ընդունած որոշումն էր: Չկա ԱՊՀ որեւէ երկիր, որտեղ ավանդները չեն վերադարձվել կամ չեն վերադարձվում:Մենք գտնում ենք, որ հարցադրումն արդար է, ժողովրդի գումարները պետք է վերադարձնել,մենք հետեւողական ենք լինելու եւ պետք է քաղաքական ինչ-որ փոխզիջում գտնենք հարցի լուծման համար:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ

Զարգացած ժողովրդավարությամբ բոլոր երկրներում գործում են խորհրդարաններին կից կամ ինքնուրույն հզոր կառույցներ` վերահսկողական գործառույթներով:

ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը այսօր, ելնելով գործող օրենքից, կարողանում է մասնակի կատարել այդ գործառույթները: Դա բնավ չի նշանակում, որ ՎՊ վատ է աշխատում: ԱԺ ՎՊ-ն գործող օրենսդրության շրջանակներում կատարում է իր ուսումնասիրությունները ուհաշվետվությամբ ներկայանում խորհրդարանի դատին: Ուզում եմ հիշեցնել, որ այս տարի առաջին անգամ Ազգային ժողովը հետեւողականություն ցուցաբերեց պետական գույքի մասնավորեցման ծրագրի վերաբերյալ եւ ծրագիրը չընդունվեց, տեղի ունեցան կադրային փոփոխություններ:

Ինձ համար անընդունելի է, երբ սեփականաշնորհման անվան տակ պետական ունեցվածքի ջրի գնով վաճառք է տեղի ունենում, դա ոչ այլ ինչ է, քան կողոպուտ պետության գրպանից: Ի վերջո պետք է պայքարել, որ պետական ունեցվածքի կողոպուտը եկամտաբեր բիզնես չդառնա որոշ չինովնիկների համար: Մենք պետք է գնանք մրցութային մասնավորեցման` ապահովելով այդ գործընթացների բաց ու թափանցիկ լինելը: Նաեւ այդ էր պատճառը, որ ԱրմենԹելի հետ կապված մրցույթը մեկ գիշերում, բացարձակ գաղտնի պայմաններում անցկացնելն այսքան բացասական արձագանք ունեցավ: Ես դա անընդունելի եմ համարում ազատական շուկայական տնտեսության գաղափարախոսության տեսանկյունից: իսկ քաղաքական իմաստով հասկանալի էր...

Եվ ընդհանրապես` շուկայական տնտեսությունը իր էությամբ բացառում էմենաշնորհների առկայությունը (խոսքը պետության համար ռազմավարական նշանակության ոլորտներին չի վերաբերվում). մենաշնորհների առկայությունը լուրջ վնասներ է հասցնում Հայաստանի ոչ միայն տնտեսությանը, այլեւ քաղաքական վարկին ու հեղինակությանը:

Մտահոգիչ է նաեւ ավիացիայում տիրող վիճակը. նշեմ միայն մի փաստ` Երեւան-Դուբայ ինքնաթիռի տոմսերը երկու անգամ ավելի թանկ են, քան Մոսկվա-Դուբայ: Նույնը վերաբերում է մյուս չվերթներին` բարձր գներ, մատուցվող ծառայությունների ցածր որակ, ինչը բնականաբար հարուցում է մարդկանց արդարացի դժգոհությունը: Սակայն ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ ոլորտներ դուրս են ԱԺ ՎՊ-ի վերահսկողությունից, քանի որ օրենքով նման իրավասություններ նախատեսված չեն:

Ես համոզված եմ, որ ՎՊ  դերի ու կշռի մեծացումը ոչ միայն նպաստելու է Ազգային ժողովի հեղինակության աճին, այլեւ մեծապես կարող է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին ու բարելավել շատ ոլորտների գործունեությունը:

Ես կարծում եմ, որ սա շատ կարեւորխնդիր է եւ խորհրդարանի պարտքն է հետեւողականություն ու հաստատակամություն ցուցաբերել այս հարցում:

ՀՀ Աժ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված նյութերը ՀՀ ԱԺ նախագահի կողմից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, ինչի արդյունքում հայտնաբերված խախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու, այդպիսիք հետագայում կանխարգելելու նպատակով, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից մի շարք նախարարների եւ պաշտոնատար անձանց ներկայացվել են թվով 8 միջնորդագրեր, օրենքի եւ այլ իրավական ակտերի խախտումների անթույլատրելիության մասին նախազգուշացվել են թվով 12 պատասխանատու պաշտոնատար անձինք, վարչական պատասխանատվության են ենթարկվել թվով 4 կազմակերպությունների ղեկավար պաշտոնատար անձինք, հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում ոմանք անօրինականություն չիրականացնեն օրենքի անունից:

Այս տվյալները վերցվել են ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատ ուղարկված գրություններից:

Անցած ժամանակամիջոցում նաեւ էականորեն բարելավվեցին ԱԺ ՎՊ աշխատանքային պայմանները, միջազգային կառույցների աջակցությամբ աշխատասենյակները համալրվեցին տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:

ԱԺ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Աժ միջազգային գործունեությունը բուռն ու արդյունավետ է եղել. ՀՀ Ազգային ժողովն անդամ է ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ ԽՎ-ին, Միջխորհրդարանական միությանը, ԱՊՀ ՄԽՎ-ին, ՍԾՏՀ ՄԽՎ-ին: Նորընտիր Ազգային ժողովի հետեւողական գործունեության շնորհիվ ձեւավորվեց Աժ պաշտոնական պատվիրակությունը, ՆԱՏՕ ԽՎ-ին եւ Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ին մասնակցելու համար, շուտով դիտորդի կարգավիճակ կստանանք Արեւմտաեվրոպական խորհրդարանական միությունում:

Աժ երկրորդ գումարման Ազգային ժողովում մենք ունեինք միջխորհրդարանական համագործակցության 4 հանձնաժողովներ`  ԵՄ, ՌԴ, Վրաստան, ԼՂՀ, այժմ` 6 հանձնաժողովներ.ավելացել ենՀայաստան-Կիպրոս, Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովները: Պատգամավորական բարեկամության 33 խմբերը ավելացել են եւս 12-ով` Հայաստան-Սերբիա, Հայաստան-ԱՄԷ, Հայաստան-Բուլղարիա, Հայաստան-Իսպանիա, Հայաստան-Իսրայել, Հայաստան-Բահրեյն, Հայաստան-Հնդկաստան, Հայաստան-Թաիլանդ, Հայաստան-Ֆիլիպիններ, Հայաստան-Ղազախստան, Հայաստան-Տաջիկստան, Հայաստան-Իտալիա:

2005 թ. պատրաստվում ենք դիտորդի կարգավիճակով անդամակցել Սկանդինավյան երկրների ՄԽՎ-ին, արաբական երկրների ՄԽՎ-ին, ամերիկյան խորհրդարանական ֆորումին: Սա նշանակում է, որ մենք լրջորեն ընդլայնում ենք մեր խորհրդարանական դիվանագիտության սահմանները եւ այդ առիթով ոչ թե պետք է քննադատել, այլ ողջունել խորհրդարանական բոլոր հիմնավորված գործուղումները, եթե ցանկանում ենք ունենալ զարգացող Հայաստան:Ի վերջո` նախարարների ու նախարարության աշխատողների գործուղումները քննարկման թեմա չեն դառնում, իսկ պատգամավորներինը` մշտական քննարկման նյութ են այն դեպքում, երբ մաս են կազմում պատգամավորական աշխատանքի:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԵՐ ԵՎ ԿՈՆԿՐԵՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Անդրադառնամ պաշտոնական այցերին` այս մեկ ու կես տարում այլ երկրների խորհրդարանների նախագահներից ունեցել եմ 19 պաշտոնական հրավերներ, եղել են պաշտոնական 7 այցեր (ՌԴ, Կիպրոս, Ֆրանսիա, Բելառուս, Լեհաստան, Իտալիա, Բուլղարիա), ստացվել են եւս 10 պաշտոնական այցերի հրավերներ: Համեմատության համար նշեմ, որ երկրորդ գումարման խորհրդարանի նախագահը չորս տարում ունեցել է 7 պաշտոնական հրավեր:

Բոլոր այցերի ընթացքում անխտիր կնքվել են միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրեր ու հուշագրեր, որոնք հարաբերությունների հաստատման եւ խորացման իրավական հիմքեր են, երկարաժամկետ փոխհարաբերությունների նախապայմաններ: Այսօր Արթուր Բաղդասարյանն է Ազգային ժողովի նախագահը, վաղը ուրիշը կլինի, բայց այսօր ստորագրված համաձայնագրերը փոխհարաբերությունների զարգացման շարունակականություն կապահովեն:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Խորհրդարանում տեղի են ունեցել բազում հանդիպումներ` ԵՄ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ ԽՎ, ՀԲ, ԱՄՀ, միջազգային եւ հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, օտարերկրյա երկրների դեսպանների հետ: Համառոտ նշեմ միայն թվերը` տարբեր երկրների գործադիր ու օրենսդիր իշխանության ներկայացուցիչների` նախարարների, խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ` տեղի են ունեցել 112 հանդիպումներ:

2004-ի մայիսի 4-ին խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովում էին Հայաստանի Հանրապետության դեսպանները: Հանդիպման ընթացքում ծավալվեց բաց ու անկեղծ խոսակցություն` արտասահմանում Հայաստանի շահերի լավագույնս ներկայացման ու պաշտպանության, խորհրդարանի հետ համագործակցության խնդիրների շուրջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ հանդիպումները պարբերական դարձնելու մասին:

Այսինքն` չի եղել գեթ մեկ շաբաթ, որի ընթացքում ԱԺ նախագահը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ չունենա:

Առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ նաեւ ԱՄՆ-ի ՄԶԳ-ի «Հայաստան. օրենսդիրի հզորացման ծրագրին» եւ Եվրամիության ՏԱՍԻՍ. «Աջակցություն Աժ-ին» ծրագրին, որի շրջանակներում արդյունավետ աշխատանք է կատարվել խորհրդարանում:

ԱԺ-ԵԽԽՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձավ ԵԽԽՎ անդամ` ստանձնելով պարտավորություններ ընդունել նոր օրենքներ, փոփոխել գործող օրենքները, վավերացնել միջազգային կոնվենցիաներ:

2004-ի նոյեմբերին կարող ենք արձանագրել, որ անցած երեք տարիներից հատկապես վերջին մեկուկեսում Հայաստանը կատարել է ստանձնած պարտավորությունների հիմնական մասը եւ ԵԽԽՎ-ում հաստատված ժամանակացույցով արդեն 2005-ին կավարտի պարտավորությունները` կատարելով սահմանադրական բարեփոխումներ:

Ես արդեն նշեցի, որ ԵԽԽՎ-ն, անդրադառնալով պարտավորությունների կատարման առումով ՀՀ Ազգային ժողովի աշխատանքին, երկու անգամ շատ բարձր գնահատական է տվել: Դա մեր բոլորի աշխատանքի գնահատականն է, եւ ես կարծում եմ, որ նույն գնահատականին կարժանանա նաեւ պարտավորությունների մնացած հատվածի կատարումը:

Ուզում եմ անդրադառնալ նաեւ Եվրամիություն-Հայաստան հարաբերություներին: Հայաստանի ընդգրկումը Եվրամիության «ԸնդլայնվողԵվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում նոր հեռանկարներ է բացում Հարավային Կովկասի ուՀայաստանի Հանրապետության առաջ` հետագա եվրաինտեգրման ու միջազգային հանրության մեջ իր կարեւոր դերակատարությունն ունենալու առումով: Անդամակցությունը ԵՄ-ին տարածաշրջանի ու մեր երկրի համար քաղաքական, տնտեսական ու գիտամշակութային նոր չափանիշներ ու արժեհամակարգեր է բերելու: Հայերիս համար այդ ամենը հատկապես կարեւորվում է`  նկատի ունենալով տարածաշրջանում մեր աշխարհագրական դիրքը եւ քաղաքական ու տնտեսական խնդիրները: Առաջին հայացքից անդամակցությունը Եվրամիությանը թվում է  տասնամյակների հեռավորության խնդիր, բայց նախ տարիներն են արագ անցնում,  ապա ժամանակակից աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական այնպիսի արագընթաց գործընթացներ, որ մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխություններին եւ արժանավորապես պաշտպանենք մեր արտաքին ու ներքին քաղաքական շահերը:

ԼՂՀ ԱԺ-ՀՀ ԱԺ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առանձնակի ուզում եմ անդրադառնալ ՀՀ Ազգային ժողովի եւ ԼՂՀ Ազգային ժողովի փոխհարաբերություններին:

ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի հետ պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ ու քննարկումներ` քաղաքական ու օրենսդրական խնդիրներով:

Գոհունակությամբ պիտի նշեմ, որ երկու խորհրդարանների միջեւ ամենագործուն կապերն են հաստատված` ԼՂՀ ԱԺ պատգամավորները մասնակցում եմ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին` կարեւորագույն օրինագծերի քննարկման ժամանակ:

2003-ի նոյեմբերից Ազգային ժողովում բացվել ու գործում է ԼՂՀ ԱԺ ներկայացուցչությունը:

2003-ի սեպտեմբերինՀՀ Աժ պատվիրակությունը իմ գլխավորությամբ եղավ Ստեփանակերտում, հանդիպումներ ունեցավ իշխանությունների ու բնակչության հետ: Պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, ԼՂՀ ԱԺ նախագահՕլեգ Եսայանի հետ:

Աշխարհում ծավալվող եւ տեղի ունեցող քննարկումները ցույց են տալիս, որ օրեցօր մեծանում է խորհրդարանական դիվանագիտության դերը: Երեք միջազգային խորհրդարանական կառույցներում այսօր քննարկվում է Ղարաբաղի հիմնախնդիրը`  ՆԱՏՕ ԽՎ-ում, ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում: Այս գործընթացը մեզնից պահանջում է ուժերի լարում եւ համախմբում համազգային խնդիրների լուծման ճանապարհին, ակտիվ նախաձեռնողական խորհրդարանական միջազգային գործունեություն:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐ

Այս ընթացքում տեղի են ունեցել աշխատանքային տասնյակ այցեր Հայաստանի մարզեր`  համարյա ամեն ամիս: Այցերի ընթացքում հանդիպումներ են եղել մարզպետների հետ` մարզի ընդհանուր վիճակին ու պրոբլեմներին տեղում ծանոթանալու նպատակով:

Այցերի ընթացքում լուծվել են բազմաթիվ գործնական խնդիրներ, ժողովրդի հետմշտական հանդիպումների ընթացքում բարձրացվել են քաղաքական, օրենսդրական, տնտեսական խնդիրներ, որոնց գործադիր իշխանության ներկայացուցիչների աջակցությամբ տրվել են գործնական լուծումներ: Ընդհանուր թվով աշխատանքային այցերի ընթացքում շուրջ 2500 նամակներ են փոխանցվել ինձ, որտեղ բարձրացվում են ամենատարբեր հարցեր` օրենսդրական խնդիրներից մինչեւ կենցաղային հարցերի լուծում ու նյութական աջակցության խնդրանք: Բոլոր այդ նամակները վերահսկողության տակ են վերցված եւ պատասխանված են:

Այսուհետ էլ իմ աշխատանքային այցերը Հայաստանի մարզեր շարունակվելու են, որովհետեւ այդ այցերի ընթացքում ահագին անհրաժեշտ նյութ է կուտակվում նաեւ օրենսդրական փոփոխությունների, լրամշակումների ու նոր օրենքների մշակման առումով:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵԿԵՂԵՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շրջագծում եւս արվել են որոշակի քայլեր:

Հայաստանի անկախացումից հետո հայ առաքելական եկեղեցու գործունեության համար եւս  նոր ու մեծ հեռանկարներ բացվեցին: Անցած տասնամյակում ակնհայտ դարձավ, որ եկեղեցի-պետություն հարաբերությունների ոլորտում կան բազմաթիվ հարցեր, որոնք կարոտ են կանոնակարգման օրենքներով: Այս եւ այլ խնդիրների լուծման համար պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներ են եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ` եւ Երեւանում, եւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:

Հայ առաքելական եկեղեցին առաջին անգամ Ազգային ժողովում ունեցավ իր պաշտոնական ներկայացուցիչը` ի դեմսԱրշակ եպիսկոպոս Խաչատրյանի: Նա, ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, հաճախ մասնակցում էԱԺ մշտական հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվում են հայ առաքելական եկեղեցուն առնչվող խնդիրներ:

Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի եւ Վեհափառի հետ համագործակցությամբ Հայաստանի բոլոր մարզերում բացում ու բացելու է համակարգչային ուսուցման կենտրոններ` ձրի ուսուցմամբ եւ համակարգիչների տեղակայմամբ, որոնց խնդիրն է նաեւ սոցիալապես անպաշտպան խավին աջակցել:

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Օգտագործելով միջազգային փորձը` առաջին անգամ ԱԺ նախագահին առընթեր ԱԺ-ում ստեղծվեցին խորհուրդներ: Հաշմանդամների հարցերի, փախստականների եւ այլ տեղահանված անձանց, ձեռներեցության աջակցման, երիտասարդության հարցերի, առողջապահության հարցերի  եւ գիտնականների խորհուրդները արդեն գումարել են տասնյակ նիստեր խորհրդարանում ու մարզերում, լուծվել են ոլորտներին առնչվող տասնյակ գործնական հարցեր, օրենսդրական նախաձեռնություններ են ծնունդ առել: Համոզված եմ, որ այս ինստիտուտը օգտակար ու անհրաժեշտ մեծ աշխատանքներ դեռ կատարելու է:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

Երրորդ գումարման Ազգային Ժողովը Հայաստանի խորհրդարանների պատմության մեջ կմտնի եւս մեկ նախաձեռնությամբ` 2004 թ. հունիսի 18-ին Երեւանում գումարվեց պատգամավորական բարեկամության հայկական առաջին վեհաժողովը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների հայ պատգամավորներ եւ Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խմբերի նախագահներ ու անդամներ: Վեհաժողովի եռօրյա նստաշրջաններում քննարկվեցին ամենատարբեր հարցեր, ստեղծվեցին մշտապես գործող 6 հանձնաժողովներ: Վեհաժողովի աշխատանքների արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն ու հռչակագիր: Որոշվեց, որ վեհաժողովը կդառնա պարբերական ու նիստեր կգումարի երկու տարին մեկ: Վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցան 17 հանդիպումներ պատվիրակների հետ: Աշխատանքներն ամփոփվեցին մամլո ասուլիսով:

Այսօր արդեն կարող եմ ասել, որ վեհաժողովի ստեղծման գաղափարին շատերն էին թերահավատությամբ վերաբերվում, բայց մեկ տարում մենք կարողացանք ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների հետեւողական աշխատանքի շնորհիվ ստեղծել վեհաժողովը իր կառույցներով` գլխավոր քարտուղարությամբ ու 6 հանձնաժողովներով:

Վեհաժողովից հետո արտասահմանում իմ բոլոր հանդիպումների ժամանակ մեծ հետաքրքրություն է դրսեւորվում Վեհաժողովի առնչությամբ: Կարծում եմ, որ անհրաժեշտ ու ճիշտ աշխատանքի շնորհիվ այս վեհաժողովը կարող է բարձրացնել իր կարգավիճակը եւ ժամանակի հետ դառնալ կարեւոր ամբիոն, որտեղից հայ խորհրդարանականները եւ այլազգի խորհրդարանականները, որոնք բարեկամական զգացումներ են տածում Հայաստանի ու հայերի նկատմամբ, լավ հնարավորություն կստանան ներկայացնելու պաշտպանելու Հայաստանի ու հայերի շահերը աշխարհում:Վստահ եմ, որ վեհաժողովը կարեւոր նշանակություն է ձեռքբերելու համազգային խնդիրների լուծման համար եւ իսկապես կարողանալու է «աջակցել Հայաստանի տնտեսական, մշակութային ու քաղաքական առաջընթացին, համախմբել հայ ժողովրդի եւ նրա բարեկամների ուժերը երկրի առջեւ ծառացած խնդիրները հաղթահարելու, Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ եւ արդարացի լուծելու, ՀՀ միջազգային հեղինակությունը ամրացնելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակելու համար»` ինչպես նշված է վեհաժողովի ընդունած հայտարարության մեջ:

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Դեռ 2003 թ. սեպտեմբերի 1-2-ին` աշնանային նստաշրջանի աշխատանքները սկսելու նախօրեին ես հանդիպել եմ խորհրդարանում ընտրությունների արդյունքներով ձեւավորված խմբակցությունների եւ խմբի հետ` այդ հանդիպումներում քննարկելով խորհրդարանի աշխատանքներին վերաբերող հարցեր:

2004-ի գարնանային նստաշրջանի սկզբին` ընդդիմության խորհրդարանի աշխատանքներին մասնակի բոյկոտի առնչությամբ իմ նախաձեռնությամբ սկսվել է քաղաքական քննարկում-խորհրդակցությունների փուլ` առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 18-րդ հոդվածով: Խորհրդակցություններին ու քննարկումներին մասնակցել են ԱԺ բոլոր քաղաքական ուժերը: Առաջին իսկ խորհրդակցության ժամանակ` 2004-ի փետրվարի 11-ին բավականին արդյունավետ խոսակցություն ծավալվեց եւ օրակարգային առաջին հարցի` ԼՂՀ-հարցում խորհրդարանական ուժերի դիրքորոշման,շուրջ կայացավ համաձայնություն, խորհրդակցության մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենց զորակցությունը հայտնեցին 2001 թ. խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի համատեղ հայտարարության դրույթներին:

Ապրիլի 26-ից քննարկում-խորհրդակցությունները շարունակվեցին, սակայն արդեն ապրիլի 27-ին «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ճեպազրույցներում հայտարարեց, որ քաղաքական խորհրդակցությունները դադարեցվում են, քանի որ իրենց ներկայացրած 10 առաջարկություններից 2-ը չեն ընդունվել: Այնուամենանիվ փոփոխական հաջողություններով քննարկում-խորհրդակցությունները շարունակվեցին` մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին: Կարծում եմ` բոլորդ հիշում եք, որ այդ ընթացքում քաղաքական կոալիցիան հանդես եկավ մի քանի հայտարարություններով, խորհրդարանում տեղի ունեցան եւ կոալիցիայի, եւ ընդդիմության ասուլիսները, համատեղ հայտարարություն ստորագրեցին եւ իշխանության, եւ ընդդիմության ներկայացուցիչները, որով մեծապես թոթափվեց ներքաղաքական լարվածությունը:

Արձանագրենք, որ ընդդիմությունը գարնանային նստաշրջանում խորհրդարանի օրենսդրական գործունեությանը չմասնակցեց` նիստերի դահլիճում լինելով միայն հայտարարությունների եւ հարցուպատասխանի ժամանակ: Նույնն է շարունակվում նաեւ աշնանային նստաշրջանում: Բոյկոտելով օրենսդրական աշխատանքը` ընդդիմությունը մասնակցում է ԱԺ միջազգային գործունեությանը:

Այսօր ես ուզում եմ կրկին անդրադառնալ այդ խնդրին եւ եւս մեկ անգամ հավաստել իմ պատրաստակամությունը` քաղաքական քննարկումները շարունակելու ու երկրի համար կենսական խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու համար:Իբրեւ Ազգային ժողովի նախագահ` վերստին կոչ եմ անում ու հորդորում եմ ընդդիմությանը վերադառնալ օրենսդրական աշխատանքի: Խորհրդարանում քննարկվում են երկրի համար կենսական նշանակություն ունեցող օրինագծեր, որոնք ուղղորդելու են Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, գիտամշակութային զարգացումները առաջիկա տասնամյակներում, այսօր ձեր բացակայությունը արդեն հասկանալի ու ընդունելի չէ:

Ընտրական օրենսգրքի, սահմանադրական բարեփոխումների, դատաիրավական համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներում շատ կարեւոր է ընդդիմության շահագրգիռ ներկայությունը եւ տեսակետների ներկայացումը: Անցած ժամանակամիջոցը, կարծում եմ, բավարար ժամանակ էր` միմյանց ապացուցելու, որ կարողանում ենք մենք մեր խոսքի տերը լինել: Ընդդիմությունը չեկավ, խորհրդարանը շարունակեց օրինաստեղծ ու քաղաքական աշխատանքները: Կարծում եմ` արդեն ժամանակն է` փոխելու պայքարի մարտավարությունը եւ ռեալ մասնակցություն ունենալու երկրի ու խորհրդարանի կյանքին:

ԱԺ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Աժ նախագահի` ԱԺ ֆինանսական գործունեության մասին հաշվետվություն որեւէ օրենքով նախատեսված չէ եւ երբեւիցե չի էլ եղել Աժ նախագահի ֆինանսական հաշվետվության որեւէ նախադեպ ոչ Գերագույն Խորհրդում, ոչ էլ երեք գումարման Ազգային ժողովներում:

Ազգային ժողովի բյուջեն մաս է կազմում ՀՀ պետական բյուջեի, որի կատարման վերաբերյալ հաշվետվությունը յուրաքանչյուր տարի մայիս-հունիսին քննարկվում է Ազգային ժողովում եւ ընդունվում է ՀՀ օրենքը նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվության մասին: Համաձայն օրենքի` պետական-կառավարչական հիմնարկների աշխատակազմերի ղեկավարները (նախագահի աշխատակազմը, Ազգային ժողովը, կառավարությունը եւ այլն պետական կառավարչական հիմնարկներ են) ներկայացնում են մանրամասն բյուջետային հաշվետվություն ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որի ընթացքում բոլոր պատգամավորները կարող են իրենց հետաքրքրող հարցերը տալ:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապահովելու համար ԱԺ նախագահի գործունեության հրապարակայնությունը` պարբերաբար տեղի են ունեցել հանդիպումներ լրագրողների հետ, ասուլիսներ ու ճեպազրույցներ, պաշտոնական այցերը եւս լայնորեն լուսաբանվում են ոչ միայն խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով, ինչպես եղել է առաջ, այլեւ պատվիրակություններում ներգրավվում են անկախ լրատվամիջոցների լրագրողները:

Արդեն իբրեւ ավանդույթ` յուրաքանչյուր նստաշրջանից առաջ ես հանդես եմ գալիս լրագրողների համար ծրագրային ելույթով, որտեղ գնահատական է տրվում քաղաքական իրավիճակին, կարեւորվում են օրենքները, քննարկվում են ընթացիկ հարցերը:

Արդեն մեկ տարի է հրապարակվում է «Ազգային ժողով» ամսագիրը, որը կայացել է ու կարողանում է խորհրդարանի գործունեության մասին ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվություն հրամցնել ընթերցողներին:

Խորհրդարանի գործունեությունը լուսաբանվում է նաեւ ինտերնետով:

2003 թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնության ընկերակցության մրցանակը «Լավագույն պաշտոնական ինտերնետային էջ` տեղեկատվության ազատության տեսանկյունից» նոմինացիայում շնորհվեց Ազգային ժողովին:

2004-ին Մեդինֆորմ գործակալության հարցումներով ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը համարվել է պաշտոնական կառույցների լավագույն լրատվական ծառայությունը:

«Լուրեր» բաժնից գործում է նաեւ «Խորհրդարան» ինտերնետային թերթը, որտեղ առավել մանրամասնվում են խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունները:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացնեմ նաեւ այս ընթացքում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների, բողոքների եւ ընդունելությունների քանակական տվյալները.

2003 թվականի հունիսից 2004 թվականի հոկտեմբեր՝ ՀՀ Ազգային ժողովիաշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնում ստացվել են քաղաքացիների 9220 առաջարկություններ, դիմումներ, բողոքներ:

Բաժինը կազմակերպել է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների եւ մշտական հանձնաժողովների կողմից անցկացվող քաղաքացիների 250 ընդունելություն, որոնց ըստ նախնական հերթագրման մասնակցել է 1689 քաղաքացի:

Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների, բողոքների, քաղաքացիների ընդունելությունների թվի աճն աննախադեպ է, որն արդյունք է քաղաքացիների բարձրացրած հարցերի լայնածավալ քննարկման:

Այսքանը Ազգային ժողովի աշխատանքների մասին:

Հարկ եմ համարում նշել, որ ներկայացված տարեկան հաղորդման մեջ բնականաբար չէր կարող ընդգրկվել ամբողջ Ազգային ժողովի գործունեությունը, եւ նման խնդիր չի էլ եղել: Ես փորձեցի համառոտ ու միասնական ներկայացնել այն աշխատանքները, որ առավել կարեւոր էին: Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են ԱԺ արդյունավետ գործունեությանը` պատգամավորներին, աշխատակազմին, մեր գործունեությունը լուսաբանող լրագրողներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am