National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.11.2004
ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 17-ին Փարիզում տեղի ունեցավ ԵԽԽՎ քաղաքական հարցերիհանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր նաեւ Դեւիդ Ատկինսոնի ներկայացրած զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Հայաստանից նիստին մասնակցում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, հանձնաժողովի անդամ Տիգրան Թորոսյանը:

Հանձնաժողովի նիստի մասին ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը Փարիզից հեռախոսով հայտնեց հետեւյալը.

-Պարոն Ատկինսոնը ներկայացրել է զեկույց, որը հիմնականում կրկնում է նախկին զեկուցող Թերի Դեւիսի զեկույցը` հաշվի առնելով սեպտեմբերի 14-ին արված փոփոխությունները, որոնցով Հայաստանի համար ոչ բարենպաստ մի շարք ձեւակերպումներ շտկվել էին: Այսօրվա նիստում ընդհանուր ելույթներ չեն եղել: Հարցը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ պարոն Մարկելովը, որը վարում էր նիստը, եւ միանգամից քննարկվել են այն փոփոխությունները, որոնք առաջարկում էին պատգամավորները ԵԽԽՎ-ին ներկայացվող երկու փաստաթղթերի` բանաձեւի եւ առաջարկությունների նախնական նախագծերի վերաբերյալ: Բանաձեւի նախնական նախագծի հետ կապված ես ներկայացրել եմ 5 փոփոխություններ, որոնցից ընդունվել են 2-ը: 7-րդ կետից հանվել է այն ձեւակերպումը, որտեղ ասվում էր` արդարադատության դատարանում պետք է ճշտվի, թե Հայաստանը խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ըստ ՄԱԿ-ի խարտիայի կիսաօրինական ձեւով պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անջատման իրավունքը: Մյուս փոփոխությունը վերաբերվել է 11-րդ կետին, որտեղ ասվում է լրատվամիջոցներով փոխադարձ ատելություն քարոզելու մասին: Առաջարկվել է խմբագրել առաջին նախադասությունը` հանելով Հայաստանի ու Ադրբեջանի ԶԼՄ-ներին տրվող հավասարեցնող գնահատականը: Այժմ այդ նախադասությունը հնչում է հետեւյալ կերպ. «Վեհաժողովը դատապարտում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ներով ատելության ցանկացած քարոզ»:

Ադրբեջանցիները, որոնք հանձնաժողովում ունեն 2 անդամ, ինչպես եւ Թուրքիան, արել են 1 առաջարկություն 9-րդ կետի հետ կապված: Նույն հարցի վերաբերյալ զեկուցող Ատկինսոնը ներկայացրել էր այլընտրանքային առաջարկություն, որին դեմ եմ եղել միայն ես: Արված փոփոխության համաձայն` վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ստեղծել միջոցներ` Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանցի համայնքների քաղաքական ներկայացուցիչների հետ քննարկելու համար տարածաշրջանի կարգավիճակի հարցը: Պետք է նախապատրաստել այն հնարավորությունները, որոնց հիման վրա հանդիպումներ տեղի ունենան, որոնց ցանկության դեպքում կմասնակցեն նաեւՀայաստանի ներկայացուցիչները: Ակնհայտ էր, որ քվեարկությունների ժամանակ մի շարք երկրների ներկայացուցիչներ ցուցում են ստացել իրենց երկրներից քվեարկել ադրբեջանցիների օգտին եւ ի վերջո, փաստորեն, դա ադրբեջանցիներին հնարավորություն տվեց խանգարել, որ Հայաստանի ներկայացուցչի մյուս 3 առաջարկությունները ընդունվեն: Դրանցից մեկի դեպքում, որը վերաբերում էր բանաձեւի նախնական նախագծից «անջատողական ուժեր» արտահայտությունը հանելուն, ձայները հավասար բաշխվեցին եւ այդ պատճառով առաջարկությունը չընդունվեց: Այդ բոլոր փոփոխությունների արդյունքում կա բանաձեւի առաջարկությունների նախագիծ, որի հետ կապված նույնպես պատգամավորները կարող են փոփոխությունների առաջարկություններ ներկայացնել, որոնք, սակայն, հանձնաժողովում չեն ընդունվելու: Պարզապես հանձնաժողովը կհայտնի իր կարծիքը եւ այդ առաջարկությունները կքննարկվեն ամենայն հավանականությամբ վեհաժողովի հունվարյան նստաշրջանի ընթացքում:

Բանաձեւի նախնական նախագիծը բարելավվեց հանձնաժողովին ներկայացված տարբերակի համեմատ, սակայն, ցավոք սրտի, ոչ այն բոլոր կետերով, որոնց հետ կապված Հայաստանի ներկայացուցիչը ներկայացրել էր իր առաջարկությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am