National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.8.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
25.08.2016
«Հայաստանն սկսվում է սահմանից». Էդուարդ Շարմազանով
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վահրամ Մկրտչյանը,  օգոստոսի 24-ին մեկնել է Տավուշի մարզի հենակետային դիրքեր, ծանոթացել տեխնիկական վերջին ձեռքբերումներին, հրամանատարական անձնակազմի հետ քննարկել մի շարք կարեւոր հարցեր:

Այնուհետեւ խորհրդարանականներն այցելել են Պառավաքար, Նորաշեն եւ Չորաթան համայնքներ: Պառավաքար համայնքում կայացած հանդիպման ժամանակ գյուղացիները ներկայացրել են մի շարք խնդիրներ, այդ թվում` խմելու ջրի եւ խաղողի բերքահավաքին եւ հանձնմանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը նշել է, որ խաղողի հանձնման խնդիր չկա, քանի որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնյակի գործարանի հետ, եւ գյուղացիները հնարավորություն կունենան հանձնելու խաղողի բերքը:

«Հավատացնում եմ, որ բոլորիս ուշադրության կենտրոնում են ձեր խնդիրները, քանի որ Հայաստանն սկսվում է սահմանից: Եթե ձեր խնդիրները լուծված չլինեն եւ դուք հզոր չլինեք, Երեւանում մենք թույլ կլինենք: Այդ պատճառով էլ ԱԺ նախագահի հանձնարարականով եկել ենք, որ ականջալուր լինենք», - ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Նորաշեն համայնքում բարձրացված խնդիրների շարքում նոր կոմբայն ունենալու հարցն էր, որը բարձրաձայնել  է 78-ամյա կոմբայնավար Երջանիկ Աթոյանը: Գյուղապետ Գոռ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին ավելացվել են հացահատիկի ցանքատարածքները եւ բերքահավաքի ժամանակ լուրջ խնդիր է ծագում: «Այս հարցն անպայման կքննարկենք, եւ եթե պահուստային միջոցներից չկարողանանք գումար գտնել, ուրեմն պատգամավորներով գուցե փորձենք հանգանակություն անել», - ասել է ԱԺ փոխնախագահը:

Նորաշենցիները խնդրել են նաեւ ԱԺ-ում հարց բարձրացնել Նորաշեն համայնքը սահմանամերձ ճանաչելու մասին: «Եկել ենք, որ հաղորդակից լինենք սահմանամերձ համայնքների խնդիրներին, որ ԱԺ առաջիկա նիստում փորձենք բարձրացնել դրանք: Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ժողովուրդը խաղողագործությամբ զբաղվելու եւ մթերելու խնդիր չունի: Երկրորդը կրթության խնդիրն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք սահմանամերձ համայնքների կրթական օջախներին: Հայրենիքն սկսվում է սահմանից: Մեր պետությունը եւ ժողովուրդն ունի երեք հիմնասյուն` առաջինը մեր առաքելական, քրիստոնեական կրոնն է եւ մեր խաչը, երկրորդը` մեսրոպյան գիրն ու գրականությունը, որը մեր կրթությունն ու գիտությունն է եւ երրորդը մեր սուրն է, այսինքն մեր անվտանգությունը: Եթե մենք կարողանանք սահմանային շրջաններում ամրապնդել առաքելական խաչի, հայոց գրչի եւ հայոց սրի միասնությունը, ուրեմն մենք անպարտելի ենք», - նշել է ԱԺ փոխնախագահը:

Պատգամավորներն այցելել են նաեւ «Տավուշ տեքստիլ» գործարան եւ ծանոթացել նորարար տեխնոլոգիական համակարգով գործող գործարանի եւ նրա՝ շուրջ 150 աշխատողով հագեցած աշխատանքային առօրյային: Նշենք, որ  առաջիկայում գործարանի աշխատողների թիվը նախատեսվում է կրկնապատկել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am