National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.3.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
16.03.2016
Կայացել է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստը
1 / 5

Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստը: Նիստին մասնակցել են Ռուսաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Թուրքիայից, Հունաստանից, Ռումինիայից, Ուկրաինայից Հայաստան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները: Նիստի սկզբում հաստատվել է օրակարգը, ապա նախորդ տարի Վառնայում տեղի ունեցած 45-րդ նիստի արձանագրությունը:

Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ով, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, կարեւորել է տարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ փոխվստահության մթնոլորտի ստեղծումը: Տիկին Նաղդալյանն իր խոսքում անդրադարձել է ՍԾՏՀ երկրների միջեւ քաղաքական երկխոսության խորացմանը եւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, որոնք կնպաստեն տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցությանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ թեեւ այս կառույցի գործունեության ուղղվածությունը տնտեսական է, սակայն այս համագործակցության միջոցով հնարավոր է տարածաշրջանում բարենպաստ միջավայր ստեղծել ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական, մշակութային, կրթական եւ այլ կարեւոր խնդիրների լուծման համար:

ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Միլտիադիս Մակրիաննիսը նշել է, որ Տնտեսական, առեւտրի եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստի թեման է «Փախստականների խնդիրները Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներում տնտեսական տեսանկյունից»:

Թեմայի վերաբերյալ զեկույցով հանդես է ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, ով, ողջունելով հյուրերին խորհրդարանում, ներկայացրել է թեմային առնչվող խնդիրները մեր երկրում: Գագիկ Մինասյանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության հետեւանքով Ադրբեջանից շուրջ 360 հազար հայեր են ներգաղթել Հայաստան, այնուհետեւ աղետաբեր երկրաշարժի եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետեւանքով ավելացել է կացարան չունեցող եւ սոցիալական այլ խնդիրներ ունեցող մարդկանց թիվը:

Նորանկախ պետության համար դժվարին ժամանակաշրջանում ստեղծվել է Փախստականների հարցերով կոմիտեն, 1999-ին ընդունվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, իսկ 2008 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը, որը ներդաշնակեցված է մարդու իրավունքների միջազգային նորմերին եւ փաստաթղթերին :

Գագիկ Մինասյանը փաստել է, որ այսօր Հայաստանը պատկանում է այն երկրների թվին, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել սիրիացի ժողովրդին, եւ 2012 թվականից սկսած՝ մեր երկիրն ընդունել է 17000 գաղթականների՝ հանդիսանալով Շվեդիայից եւ Գերմանիայից հետո մեծ թվով փախստականներ ընդունող երրորդ երկիրը: Ունենալով Ադրբեջանից ներգաղթյալների հետ կապված չլուծված խնդիրներ՝ Հայաստանը հսկայական միջոցներ է ծախսում՝ շարունակելով ընդունել գաղթականներին, սակայն որեւէ աջակցություն չստանալով միջազգային հանրության կողմից:

Այնուհետեւ զեկույցներով հանդես են եկել Թուրքիայի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Բուլղարիայի ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց երկրներում տիրող իրավիճակը: Զեկուցողները բարձրացրել են Սիրիայից, Մերձավոր Արեւելքից, Հյուսիսային Աֆրիկայից տարածաշրջան ներգաղթած փախստականներին առնչվող կենսական հարցերը, որոնք վերաբերում են ապաստանի տրամադրմանը, աշխատանքի եւ սոցիալական խնդիրների լուծմանը, երկրի էթնիկ ժողովուրդների հետ համակեցությանը, միջազգային հանրության օգնությանը եւ ընդունող երկրների տնտեսական եւ ֆինանսական բեռի ավելացմանը:

Քննարկված զեկույցները հաստատվել են նիստին մասնակցող պատվիրակությունների կողմից:

Հանձնաժողովի նախագահի ընտրությունը հետաձգվել է:

Նիստի ավարտին քննարկվել են թեմային առնչվող առաջարկությունների նախագիծը, հաջորդ նիստի անցկացման վայրն ու նոր թեման:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am