National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.3.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
27.03.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Կոտայքի մարզում

Մարտի 27-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով եղավ Կոտայքի մարզում`  սա արդեն հինգերորդ աշխատանքային այցն է Հայաստանի մարզեր, որոնց ժամանակ լուծվում են բազմաթիվ խնդիրներ տեղում կամ հանձնարարականներ են տրվում: Այցի ընթացքում պատվիրակության հետ էր Կոտայքի մարզպետ Կովալ Շահգալդյանը:

Առաջին հանդիպումը Նոր Գեղիի արվեստի դպրոցի շենքում էր: Աժ նախագահը ներկայացրեց երկրում ստեղծված վիճակը, խորհրդարանում կատարված աշխատանքները. նշվեցին այն բարեփոխումները, որ առաջիկայում կատարվելու են առողջապահության ու կրթության համակարգերում, վերստին բարձրացվեց ավանդների վերադարձման խնդիրը եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը խոստացավ, որ խորհրդարանում հարցի համակողմանի քննարկումներից հետո քաղաքական կոալիցիայի համատեղ որոշմամբ 2005-ից կսկսվեն վճարումները:

Հրազդանի ՋԷԿ ՓԲԸ իր կենսագրությունը սկսել է 1966 թ.; Այսօր ջէկը 1110 մեգավատ հզորություն ունի, կարող է տարեկան արտադրել 5,5-6 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա: «Գույք պարքի դիմաց» ծրագրի շրջանակներում ՋԷԿ-ը փոխանցվել է ՌԴ եւ այժմ ձեւավորվում է նոր ընկերություն: Հիմնական խնդիրն արտադրանքի արտահանման ապահովումն է: Բանակցություններ են վարվում Վրաստանի եւ Իրանի հետ: Աշխատակազմի բարձրացրած հարցերից հիմնականը էներգախնայողության մասին օրենքի բացակայություն էր, որը ընդունվել է ԱՊՀ բոլոր երկրներում եւ թույլ կտամեծ թվով հարցեր լուծել, խնդրում էին նաեւ Հրազդան քաղաքի ջեռուցման համար հարկային արտոնություններ տրամադրել ՋԷԿ-ին: Աժ նախագահը խոստացավ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի առաջիկա երեւանյան նիստի օրակարգում քննարկել «Գույք պարտքի դիմաց» ծրագրով փոխանցված ձեռնարկությունների վերագործարկման ընթացքը` հատուկ ուշադություն դարձնելով Հրազդանի ՋԷԿ-ին, ձեռնարկություններում առաջացող սոցիալական ու իրավական խնդիրներին:

Աշխատանքային օրենսգրքի հետ կապված խնդիրների շուրջ առաջարկվեց հանձնաժողովի հետ համատեղ քննարկում կազմակերպել, նշվեց, որ օրենսգրքի ընդունումը կատարվելու է մանրակրկիտ աշխատանքի արդյունքում եւ հաշվի են առնվելու բոլոր առաջարկներն ու դիտողությունները:

Հրազդանի հիվանդանոցում բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ էլ Աժ նախագահին տրվեցին մարզի սոցիալական կյանքին առնչվող հարցեր: Բժիշկներին հետաքրքրում էր առողջապահության մասին օրենքի ընդունումը, որ ոլորտի խնդիրներին հայեցակարգային լուծում կարող է տալ` սկսած պատվավոր կոչումներից մինչեւ ստաժի կարգավորում: Առողջապահությանմասին օրենքի ընդունումից հետո` բժիշկներն անվճար վերապատրաստման հնարավորություն կստանան տեղերում:

Աժ նախագահը նշեց, որ խորհրդարանում ստեղծվել է սոցիալական հիմնախնդիրների հետազոտությունների վարչություն, որն ունի առողջապահության բաժին եւ առաջարկեց օրենսդրական խնդիրների շուրջ բոլոր հարցերի պարզաբանման համար դիմել նորաստեղծ վարչությանը:

Ի պատասխան ամբողջ մարզին սպասարկող պոլիկլինիկայում ախտորոշիչ կենտրոն ունենալու խնդրանքին` պարոն Բաղդասարյանը խոստացավ հնարավորության սահմաններում օգնել եւ նշեց, որ Ֆրանսիա պաշտոնական այցի ժամանակ լուծվել է նաեւ շտապ օգնության մեքենաներ տրամադրելու հարցը, որոնցից մեկը կհատկացվի Հրազդանի հիվանդանոցին:

Բժիշկներին հետաքրքրում էին ոչ միայն սոցիալական ու առողջապահական, այլեւ քաղաքական հարցեր, օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում, հայ-թուրքական սահմանի բացում, Վրաստանի իրավիճակի ներգործություն եւ այլն:

Հրազդանի Մանկապատանեկան մշակույթի դահլիճում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ եւս տրվեցին քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքին առնչվող հարցեր: Մարդկանց հետաքրքրում էր հիմնականում աշխատատեղերի ստեղծումը,ավանդների վերադարձը, հողի հարկի հետ կապված խնդիրները:

Աժ նախագահը կարեւորեց մանր ու միջին ձեռներեցության զարգացումը: Նա նշեց, որ 250 միլիոն դրամ է հատկացված բյուջեից ոլորտի զարգացմանը, բացի այդ, մարզերում կբացվեն փոքր եւ միջին բիզնեսի աջակցության կենտրոններ, որոնք կնպաստեն գյուղում տնտեսության զարգացմանը` նպաստելով նաեւ վարկավորման խնդիրների լուծմանը:

Անդրադառնալով մասնավորեցման գործընթացին`  ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ժամանակավորապես դադարեցվել է առողջապահության ոլորտում մասնավորեցումը, որովհետեւ մասնավորեցված շենքերը շատ հաճախ օգտագործվում էին անձնական նպատակներով: Դադարեցվել է նաեւ դպրոցների ու ուսումնական հաստատությունների մասնավորեցման գործընթացը: Վերականգնվում է նաեւ արտոնությունների համակարգը: Խաբված ավանդատուների առնչությամբ Աժ նախագահը նշեց, որ առաջիկայում օրենք կընդունվի բանկային ավանդների ապահովագրման մասին, ըստ որի պետությունը ֆինանսական երաշխավոր կդառնա բանկային ավանդների վերադարձի համար, եթե մասնավոր բանկը սնանկանա: Այդ մեխանիզմը գործում է բազմաթիվ երկրներում: Բնակչության խնայողական ավանդների վերադարձի առնչությամբ Աժ նախագահը նշեց, որ խորհրդարանում երկարատեւ քննարկումներից հետո ընդունվեց որոշում` մինչեւ 2004 թ. վերջը օրենք ընդունելու եւ 2005-ից վճարումները սկսելու մասին: Ինդեքսավորման չափերի մասին քննարկումները շարունակվում են` առանցքում լինելու է սոցիալական արդարության սկզբունքը:

Պարոն Բաղդասարյանը կարեւորեց երիտասարդության խնդիրները, նշելով, որ հատկապես մարզերում անհրաժեշտ է ապահովել երիտասարդության զբաղվածությունը եւ այդ նպատակով կստեղծվեն երիտասարդական կենտրոններ` աջակցելու զբաղվածության խնդիրների լուծմանը:

Կստեղծվեն նաեւ ուսուցիչների վերապատրաստման կենտրոններ: Նախադպրոցական հիմնարկների մասնավորեցումը կասեցնող օրենք եւս կընդունվի, որը թույլ կտա պահպանել մանկապարտեզները: Մասնագիտական ուսուցման մասին ընդունվելիք օրենքը թույլ կտա վերականգնել միջին մասնագիտական ու պոլիտեխնիկական կրթություն ստանալու հնարավորությունը Հայաստանում: Իսկ ընդունելության քննությունների առնչությամբ նշվեց, որ նախատեսվում է դրանք վերացնել եւ բուհեր ընդունելությունը կատարել ատեստատի գնահատականների հիման վրա` ինչպես արվում է շատ երկրներում` կանխելով զարտուղի ճանապարհներով բուհ ընդունվելը: Կվերանա պետպատվերը եւ փոխարենը կտրվի ուսանողական նպաստ, որպեսզի ապահովվի սոցիալական արդարությունը նաեւ այս ոլորտում` «Պետության փողը պետք է ծախսվի խելացի երեխաներին կրթելու վրա»: Կներմուծվի նաեւ ուսանողական վարկերի համակարգը:

Կարեւոր բարեփոխումներ կլինեն նաեւ քաղաքաշինության բնագավառում` կտրամադրվեն հիպոթեկային վարկեր. բնակարանի խնդիր ունեցողները կարող են 30 տարի մարման ժամկետովվարկեր ստանալ` բնակշինարարության համար:

Խորհրդարանի նախագահը խոստացավ օրենսդրական ճանապարհով նպաստել մարզային զարգացման ծրագրերի կենսագործմանը: Մայիսին նախատեսվում է Սամարայում ՀՀ եւ ՌԴ խորհրդարանների հովանու ներքո անցկացնել խորհրդաժողով` մարզպետների, նահանգապետների, գործարարների մասնակցությամբ, որի ընթացքում հնարավորություն կստեղծվի թե գործարար կապերի զարգացման համար, թե համաձայնագրերի ու ծրագրերի ստեղծման:

Գյուղատնտեսական արտադրանքի սպառման համար պետք է ստեղծել մեծածախ շուկաներ` օգնելով գյուղացուն բերքը սպառել եւ ժամանակին ու համարժեք գինը ստանալ:

Աժ նախագահը պատասխանեց գրավոր ու բանավոր հարցերին եւ, խոստանալով հաճախակի հանդիպել, ասաց, որ նման հանդիպումները հարցերի լուծման ճշմարիտ բանալին են:

Մարզային այցերը կշարունակվեն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am