National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.5.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.05.2008
Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովը Ստրասբուրգում

Մայիսի 22-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց Լեհաստանի Սեյմի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ: Նշելով, որ վերջին հանդիպումից հետո մի քանի ընտրություններ են եղել թե Հայաստանում, թե Լեհաստանում, ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ հարաբերությունների ակտիվ ու համակողմանի զարգացման լավ հնարավորություններ ու հեռանկարներ են ստեղծվել:

Լեհաստանի Սեյմի մարշալ Բոգդան Բորուսեւիչը մեկ անգամ եւս շնորհավորելով ԱԺ նախագահին հաջող ընտրությունների համար, վերահաստատեց պաշտոնական այցի հրավերը Վարշավա, նշելով, որ Կովկասի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է ոչ միայն Լեհաստանում, այլեւ Եվրամիությունում: Անդրադառնալով մարտյան իրադարձություններին՝ պարոն Բորուսեւիչը կարեւորեց, որ Հայաստանում հիմա կայուն վիճակ է եւ հույս հայտնեց, որ կվերացվեն հանրահավաքներ, երթերի, ցույցերի սահմանափակումները, եւ այն կալանավորված անձինք, ովքեր ծանր հանցանք չեն գործել, ազատ կարձակվեն: Լեհաստանի Սեյմի մարշալը վերահաստատեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ լեհական դիրքորոշումը՝ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, նշվեց նաեւ, որ Եվրամիությունը եւս շատ կարեւորում է հիմնախնդրի լուծումը:

Գործընկերոջ խնդրանքով անդրադառնալով մարտյան իրադարձություններին՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ պետք է միմյանցից հստակորեն տարանջատել նախագահական ընտրությունները եւ մարտի 1-2-ի իրադարձությունները: Նա ներկայացրեց այդ իրադարձությունների մանրամասները, հետագա զարգացումները, իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերը:  Նշվեց նաեւ, որ Ազգային ժողովում ստեղծվում է մարտյան իրադարձությունների պատճառների ուսումնասիրությամբ զբաղվող խումբ, որի աշխատանքի արդյունքում եւս շատ հարցեր իրենց պատասխանները կստանան:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ ձերբակալվածների խնդրին. Աժ նախագահը հավաստեց, որ կպատժվեն նրանք, ովքեր լուրջ հանցանքներ են գործել, ում գործողությունների հետեւանքով տասը մարդ է զոհվել եւ հարյուրավոր վիրավորներ կան, բայց որեւէ մեկը չի կարող պատժվել սոսկ իր քաղաքական հայացքների համար: Պարոն Բորուսեւիչը հույս հայտնեց, որ Վարշավայում հանդիպման ժամանակ արդեն կքննարկվեն միայն համագործակցության խորացման խնդիրները: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր, որոնք երկկողմանի հետաքրքրություն էին ներկայացնում:

Նույն օրը Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց Ագոյի խմբի նոր ղեկավար Ստելյան Ստոյանի հետ: Նա Ագոյի խմբի հետ երկու անգամ արդեն եղել է Երեւանում եւ իր խոսքով այս հանդիպման հիմքում մարտին Երեւանում սկսված երկխոսության շարունակության ցանկություն էր: Պարոն Ստոյանը հավաստեց, որ թեպետ Ագոյի խմբում նախագահի փոփոխություն է տեղի ունեցել, բովանդակության առումով համագործակցությունը չի փոխվել եւ գործընկերությունը արդյունավետորեն շարունակվելու է:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորեց պարոն Ստոյանին՝ Ագոյի խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ եւ նույնպես ակտիվ համագործակցության վստահություն հայտնեց: ԱԺ նախագահը արձանագրեց, որ 2001 թվականից Եվրախորհուրդը մեծապես աջակցել է Հայաստանին ժողովրդավարության զարգացման հարցերում եւ հիմա էլ շարունակում է աջակցել: Ագոյի խմբի ղեկավարի խնդրանքով ԱԺ նախագահը իրազեկեց 1609 բանաձեւի կատարման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. նշվեց մարտյան իրադարձությունների պարզաբանման նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման համաձայնության մասին, որի աշխատանքներում ներգրավված են լինելու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաեւ՝ միջազգային կազմակերպությունների փորձագետներ: Կարեւորվեց «ժողովների, հանրավաքների, երթերի, ցույցերի անցկացման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ակտիվ աշխատանքը Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ: Նշվեց նաեւ, որ ընտրական գործընթացների բարելավման նպատակով ԱԺ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ վերստին արտախորհրդարանական ուժերի ներգրավումով: ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ 1609 բանաձեւի այն կետին, որը վերաբերում է ռադիոյի եւ հեռուստատեսության մասին օրենքին՝ նշելով, որ իրականում այն վերաբերում է ոչ թե ռադիոյի եւ հեռուստատեսության  ազգային հանձնաժողովի կազմավորմանը, որը սահմանված է Վենետիկի հանձնաաժողովի դրական գնահատականին արժանացած սահմանադրական փոփոխության համաձայն, այլ՝   հանձնաժողովի անդամության թեկնածուների ընտրությունը: Հունվարին ընդունած ԵԽԽՎ 1601 բանաձեւին անդրադառնալով՝ ԱԺ նախագահը Ագոյի խմբի ղեկավարին իրազեկեց, որ ընդդիմության լիազարությունների մեծացման նպատակով առաջարկվող 27 լիազորություններից 22-ն արդեն իսկ օրենքով սահմանված են, եւս մի քանիսի վերաբերյալ օրինագիծ է նախապատրաստվում:

Հանդիպման ընթացքում համակողմանի քննարկվեց նաեւ մարտյան իրադարձությունների հետեւանքով ձերբակալված մարդկանց խնդիրը: ԱԺ նախագահը պարոն Ստոյանի խնդրանքով ներկայացնելով ՀՀ իշխանությունների դիրքորոշումը՝ նշեց, որ այդ հարցի շուրջ մայիսի 19-ին հանրապետության նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ հստակ արձանագրվել է, որ ծանր քրեական հանցագործություններ կատարած մարդիկ անվերապահորեն պիտի պատժվեն, որեւէ մեկը չպետք է հետապնդվի իր քաղաքական հայացքների համար:

Ագոյի խմբի նորընտիր ղեկավարը մեծ գոհունակություն հայտնեց ԱԺ նախագահի հաղորդած մանրակրկիտ ու ծավալուն տեղեկատվությունից, նա հատկապես կարեւորեց, որ 1609 բանաձեւի կիրարկման համար ստեղծված աշխատանքային խումբը ղեկավարում է ՀՀ նախագահը՝ դա վկայում է Հայաստանի իշխանությունների լուրջ եւ շահագրգիռ վերաբերմունքը ԵԽԽՎ բանաձեւի կատարմանը: Պարոն Ստոյանը կարեւոր համարեց նաեւ այն փաստը, որ Ազգային ժողովում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծվելու՝ ներգրավելով խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Նրա գնահատմամբ՝ շատ կարեւոր է հանձնաժողովի լիազորությունների սահմանումը, մարտյան իրադարձությունների ոչ միայն հետեւանքները, այլեւ պատճառները բացահայտելը, որ կնպաստի հասարակության մեջ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:
 
Պարոն Ստոյանին հետաքրքրում էր նաեւ Երեւանի մասին օրենքի ընդունումը, որը ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորություններից է: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին կատարած մեծածավալ աշխատանքի համար եւ վստահություն, որ հունիսին, երբ ԵԽԽՎ-ում անդրադարձ կլինի հայաստանյան իրավիճակին, առիթներ կլինեն դրական գնահատականների: 

Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում մայիսի 23-ին «Եվրախորհրդի արժեքը՝ որպես հիմնարար արժեքների պահապան» հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը. 

« Նախ ես ցանկանում եմ ձեզ, պարոն նախագահ, շնորհավորել այս կարեւոր համաժողովի հաջողության կապակցությամբ: Դա պայմանավորված է առաջին հերթին քննարկումների թեմաների ընտրությամբ: Դրանք երկուսն էլ իսկապես խիստ կարեւոր եւ արդիական են: Սակայն ես ցանկանում եմ առանձնացնել հատկապես երկրորդը, որը մեզ մղում է եւս մեկ անգամ վերագնահատելու Եվրոպայի Խորհուրդ-եվրոպական արժեքներ կապը: Ես ցանկանում եմ  ելույթս շարունակել իմ մայրենի լեզվով` նպատակ ունենալով այն առաջին անգամ հնչեցնել այս դահլիճում հատկապես  այս քննարկման ժամանակ: Կարծում եմ՝ դա եւս մեկ անգամ կընդգծի բոլորիս համար թանկ մեր արժեքների միասնությունն ու ինքնության բազմազանությունը, քանի որ հայերենը հնդեվրոպական ընտանիքի ամենահին լեզուներից է:

Մարդկության պատմության ընթացքում Եվրոպան եզակի երեւույթ է: Այն միակն է, որ  հստակորեն սահմանված հիմնարար արժեքների` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հիմքի վրա ձեւավորել է մի քանի տասնյակ երկրներ միավորող կամավոր կազմավորումներ: Եվրոպայի Խորհուրդը այդ կազմավորման առաջին կենսունակ կառույցն է, սակայն երբ սկսեց պարզ դառնալ, որ Եվրոպական միության հիմքում ավելի ամուր տնտեսական կապեր են գործում, ոմանք սկսեցին պակաս կարեւորել Եվրոպայի Խորհուրդը: Անգամ երբեմն կարծիքներ էին հնչում, որ Եվրոպայի Խորհուրդն իրեն սպառել է եւ այլեւս անելիք չունի: Կարծես մոռացել էին, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ թվում էր մոտ է ուժասպառ եւ ավերված Եվրոպայի մայրամուտը, երբ թվում էր, թե նոր պատերազմը Ֆրանսիայի եւ երմանիայի միջեւ անխուսափելի է, այդ երկրների մեծ ջանքերով եվրոպական արժեքների հիմքի վրա եվրոպական կառույցների ձեւավորումով սկիզբ դրվեց Եվրոպայի վերածննդին:  Երբեմն, երբ հիմնարար արժեքները  դառնում են ամենօրյա կյանքի անբաժան մասը, դրանց բացառիկ նշանակությունը սկսում է հանիրավի մոռացվել:   
 
Ինչքան էլ զարմանալի է, բայց վերագնահատման խթանը դարձավ Խորհրդային Միության փլուզումը: Հետխորհրդային տրանսֆորմացիան  Եվրոպայի Խորհրդին նոր շունչ ու կարեւորություն հաղորդեց: Այն եվրոպական ինտեգրման մի նոր փուլ սկսեց: Անկախությունը վերագտած երկրները հայտնվել էին եզակի պատմական իրավիճակում: Միանգամից փլվել էին պետական ու տնտեսական համակարգերը, բացակայում էին նոր համակարգերի ձեւավորման փորձն ու գիտելիքները, հակամարտություններն ավելի էին բարդացնում դժվարին խնդիրների լուծումը:

Եվրոպայի խորհուրդը մեր երկրներին առաջարկեց մի արժեքային համակարգ, որը հավասարապես օգտակար է թե հակամարտությունների կարգավորման, թե հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպման, թե պետականության ամրապնդման, եւ թե դրա հետ կապված դժվարին խնդիրների լուծման համար:  Ավելին, առաջարկեց իր փորձառու կառույցների մասնագիտական լայն աջակցությունը: Իմ երկրի օրինակով կարող եմ ասել, որ Սահմանադրության մշակման կամ բարեփոխման, հասարակական-քաղաքական կյանքը կարգավորող օրենսդրության ձեւավորման գործում նման աջակցությունը դժվար է գերագնահատել: Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Եվրոպայի Խորհրդին, Վենետիկի հանձնաժողովին` ութ տարիների արդյունավետ համագործակցության ու մեծ աջակցության համար: 
    
Իհարկե, Եվրոպայի Խորհուրդը եւս, ինչպես ամեն մի կազմակերպություն, ներկա եւ ապագա մարտահրավերների հաղթահարման համար կարիք ունի շարունակական զարգացման ու կատարելագործման, մեխանիզմների արդիականացման: Այսօր այդ մարտահրավերները չափազանց լուրջ են. հիմնարար արժեքների նկատմամբ քաղաքական ժամանակավոր շահերի գերադասում, արժեքների ու մեխանիզմների այլասերում, երկակի ստանդարտների կիրառում եւ այլն: Իսկ դա ավելի է ընդգծում այն բացառիկ նշանակությունը, որ Եվրոպայի Խորհուրդն ունեցել  եւ ունենալու է Եվրոպայի կյանքում: Այն եղել եւ մնում է հիմնարար եվրոպական արժեքների գլխավոր պահապանը, հետեւաբար` միացյալ եւ ամբողջական Եվրոպայի զարգացման ու հետագա ինտեգրացիայի երաշխավորը»:       

Մայիսի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Ստրասբուրգում հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի հետ:

Աժ նախագահը պարոն Պյուչին ներկայացրեց ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ  վերահաստատեց նրա  հրավերը Հայաստան: Պարոն Թորոսյանը բարձր գնահատեց խորհրդարանների նախագահների վեհաժողովի արդյունքները, որոնք հիմք են ստեղծել արծարծված գաղափարների հետագայում զարգացման համար:
 
ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը գոհունակություն հայտնեց կարճ ժամանակահատվածում 1609 բանաձեւի կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերից,  նշելով, որ ԵԽԽՎ աջակցել եւ շարունակելու է աջակցել Հայաստանին, պարոն Պյուչը կարեւորեց երկրորդ սերնդի բարեփոխումների կենսագործումը Հայաստանում: Նրա տեղեկացմամբ՝ հունիսին Հայաստան են այցելելու մոնիտորինգի  հանձնաժողովի համազեկուցողները, որպեսզի ԵԽԽՎ նստաշրջանից առաջ ներկայացնեն Հայաստանում մարտի 1-2-ից հետո իրադարձությունների զարգացման ամբողջական պատկերը եւ 1609 բանաձեւի կատարման ընթացքի ամփոփումը: ԵԽԽՎ նախագահը վերահաստատեց Հայաստան այցելելու պատրաստակամությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am