National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.5.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
22.05.2008
ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումները Ստրասբուրգում

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում, Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մայիսի 22-ին հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ:

Անդրադառնալով մարտի սկզբին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ ԱԺ նախագահը նշեց, որ դրանք ցնցող ազդեցություն են ունեցել բոլորի վրա: 88-ից Հայաստանում բազմաթիվ հանրահավաքներ են եղել, բայց դրանցից ոչ մեկը նման ելք չի ունեցել: Ողբերգական դեպքերի պատճառ չէր կարող լինել մարդկանց դժգոհությունը սոցիալական վիճակից, որովհետեւ վերջին տարիներին այն աստիճանաբար բարելավվել է, իսկ  հունվարից 60 տոկոսով բարձրացել են թոշակները, զգալիորեն ավելացել են աշխատավարձերը:

Պարզունակ է նաեւ այն մոտեցումը, թե խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը ուժ է կիրառել: Նկարահանումները վկայում են, որ այնտեղ ոչ միայն խաղաղ ցուցարարներ կային, այլեւ  մետաղե ձողերով ու  մոլոտովյան կոկտեյլներով զինվածներ, կիրառվել են նռնակներ, հանրահավաքի վայրից մինչեւ  մեկ կիլոմետրի վրա թալանվել եւ ավերվել են խանութներ: ԱԺ նախագահը կարեւորեց հունիսի սկզբին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը՝ ԵԽԽՎ 1609 բանաձեւի համաձայն, որի ուսումնասիրությունները պետք է տան այդ եւ մյուս հարցերի պատասխանները:  ԱԺ նախագահն իրազեկեց, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է նաեւ աշխատանքային խումբ՝ ընտրական գործընթացների  բարելավման նպատակով, ինչպես նաեւ՝  աշխատանքներ են տարվում ռադիոյի եւ հեռուստատեսության մասին օրենքի բարելավման նպատակով, որպեսզի հնարավոր լինի ազգային հանձնաժողովի անդամների ընտրության կարգը սահմանել օրենքով: Նշվեց նաեւ, որ առաջին ընթերցումով արդեն ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանացած «Հանրահավաքներ, ժողովներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցումով, իսկ հունիսյան քառօրյայում՝ կընդունվի երկրորդ ընթերցումով՝ լիովին համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Անդրադառնալով ԵԽԽՎ 1601 բանաձեւին, ԱԺ նախագահը նշեց, որ ընդդիմության լիազորությունները 27 նշված կետերից 21-ով արդեն իսկ ապահովված են: Եվս 3-4-ը կստեղծվեն Աժ կանոնակարգի փոփոխությամբ: Ինչ վերաբերում է կալանավորված անձանց, ապա ԱԺ նախագահը նշեց, որ որդեգրվել է հետեւյալ մոտեցումը. յուրաքանչյուրը, ով կատարել է ծանր քրեական հանցագործություն, պետք է պատժվի անվերապահորեն, որեւէ մեկը չպետք է հետապնդվի իր քաղաքական հայացքների կամ դիրքորոշման արտահայտման համար: 

 Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը շնորհակալություն հայտնեց տիկին Բոյեր-Բուքիքիոյի Հայաստան այցի ընթացքում նրան ցուցաբերած աջակցության եւ լիարժեք տեղեկատվության տրամադրման համար: ԵԽ գլխավոր քարտուղարը համաձայնեց, որ ծանր հանցագործություններ կատարածները անպայման պիտի պատժվեն եւ որեւէ մեկը չպիտի հետապնդվի իր քաղաքական հայացքների համար:  Պարոն Դեւիսը ողջունեց մարտյան իրադարձությունների ուսումնասիրման համար հանձնաժողովի ստեղծումը՝ միաժամանակ նշեց, որ հանձնաժողովը չի կարող դառնալ միակ պատասխանատուն կատարվածի պատճառները բացահայտելու հետ կապված: Մասնավորապես՝ չափազանց կարեւոր է գործի քննությունը իրավապահների կողմից եւ զոհերից յուրաքանչյուրի  մահվան պատճառների բացահայտումը ու մեղավորների պատժումը: Պարոն Դեւիսը ողջունեց նաեւ 1609 բանաձեւի իրացման նպատակով արված մյուս քայլերը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց նաեւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ: ԱԺ նախագահը շնորհավորեց նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով եւ վստահություն հայտնեց, որ երկու երկրների եւ խորհրդարանների բարեկամական  եւ արդյունավետ  հարաբերությունները հատագա զարգացման շատ լավ հեռանկարներ ունեն: ԱԺ նախագահը նշեց, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերից բացի, համագործակցության ընդլայնման նոր հեռանկարներ է առաջացրել Կիպրոսի անդամակցությունը Եվրամիությանը, առավելեւս, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունն է: Այդ առումով կարեւորվեց նաեւ կիպրական փորձի ուսումնասիրումը: Միջխորհրդարանական հարաբերությունների խորացման շրջագծում՝ պարոն Թորոսյանը կիպրոսցի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսությունը կխորանա, նրա գնահատականով՝ երկու երկրներն ունեն ընդհանուր մտահոգություններ եւ շահեր: Պարոն Գարոյանը, հիշատակելով իր հայկական արմատները, նշեց, որ դրանք եւս կօժանդակեն հարաբերությունների զարգացմանը: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ միջազգային կառույցներում համագործակցությանը, քննարկվեց նաեւ միջկուսակցական համագործակցության հնարավորության հարցը: Պարոն Գարոյանը, ընդունելով Հայաստան այցելելու ԱԺ նախագահի հրավերը, նշեց, որ Կիպրոսում եւս սիրով սպասում են բարեկամ երկրի խորհրդարանի նախագահին:  

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am