National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.10.2007
Միջխորհրդարանական հարաբերությունների խորացման շրջագծում

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԳԴՀ Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին` Շտե‎ֆեն Ռայխեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը եւ Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը:

Կարեւորելով հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ մինչեւ հոկտեմբերի վերջ խորհրդարանում կստեղծվի Բունդեստագի հետ պատգամավորական բարեկամության խումբ: Նա հյուրերին իրազեկեց սահմանադրական բարեփոխումների շրջագծում պետական կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին` մասնավորապես նախագահ-Ազգային-ժողով-կառավարություն` իշխանության տարբեր թեւերի միջեւ զսպումների ու հակակշիռների եվրոպական չափանիշներին համապատասխան մեխանիզմի ձեւավորման, որն ամբողջությամբ կսկսի գործել նախագահական ընտրություններից հետո: Ժողովրդավարության խորացման, եվրաինտեգրման քաղաքականության հաջողության համար ԱԺ նախագահը կարեւորեց գործուն մեխանիզմների առկայությունը, որոնք իսկապես ինտեգրման հնարավորություններ ստեղծելով` կկարգավորեն ամենօրյա կյանքը: Պարոն Թորոսյանը, միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարով, վստահություն հայտնեց, որ Բունդեստագի պատվիրակության այցը կնպաստի որոշակի ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Խորհրդարանի նախագահը արժեւորեց երկու երկրների դեսպանների արդյունավետ աշխատանքը, նշելով, որ համագործակցության զարգացման համար նրանք մեծ ներդրում կարող են ունենալ:

Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի ղեկավար Շտե‎ֆեն Ռայխեն, գոհունակություն հայտնելով Ազգային ժողովում կայացած արդյունավետ հանդիպումներից, համագործակցության խորացման պատրաստակամություն հայտնեց:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Պարոն Ռայխեն, չնայած հակամարտության առկայությանը, կարեւորեց Հայաստանի տնտեսական զարգացման հաջողությունները եւ եվրաինտեգրման քաղաքականության ձեռքբերումները: Անդրադառնալով հակամարտության հաղթահարման համար անհրաժեշտ քայլերին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ երկրներ են եւ պարտավոր են հարգել այդ կազմակերպության սկզբունքներն ու արժեքները, մինչդեռ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով չեն դադարում պատերազմի քարոզչությունն ու հայերի նկատմամբ ատելության սերմանումը, որը վկայում է ոչ միայն հակամարտության հաղթահարման ցանկություն չունենալը, այլեւ հակասում է 2005 թ. Ստրասբուրգում ընդունված բանաձեւին, որտեղ հստակ արձանագրված էր, որ պետք է բացառվեն պատերազմի ու ատելության քարոզչությունը, դրանց տարածումը լրատվամիջոցներով: Պարոն Թորոսյանը կարեւորեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հայաստանում ու Ադրբեջանում անաչառ ուսումնասիրության անցկացումը եւ հստակ գնահատականներ տալը, թե ինչպես է կատարվում բանաձեւը: Նա գերմանացի գործընկերներին առաջարկեց անպայման այցելել Լեռնային Ղարաբաղ` տեսնելու այն մարդկանց, ովքեր պատերազմի դառնությունները կրելով, այդուհանդերձ, պահպանել են կենսասիրությունն ու ուզում են իրենց հայրենիքում ազատ ապրել, որը եվրոպական կարեւորագույն արժեքներից մեկն է: Ի պատասխան` պարոն Ռայխեն նշեց, որ հնարավորինս շուտ ցանկանում է լինել Լեռնային Ղարաբաղում եւ հուսով է, որ այդ ժամանակ արդեն ստորագրված կլինի խաղաղության համաձայնագիրը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am