National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.9.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.09.2007
Հունաստանի դեսպանն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: Տիկին դեսպանն ԱԺ նախագահին շնորհակալություն հայտնեց երկու տարվա արդյունավետ ու հետաքրքիր աշխատանքի համար եւ իրազեկեց, որ Հունաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո նոր կազմավորված խորհրդարանում շուտով կստեղծվի Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խումբ եւ արդեն իրեն հաջորդող դեսպանը հնարավորություն կունենա խորացնել միջխորհրդարանական հարաբերությունները, որ դեսպանի գնահատմամբ` միշտ եղել են բարձր մակարդակի վրա: Անդրադառնալով միջպետական հարաբերություններին` տիկին Մավրոմիխալին գոհունակությամբ նշեց, որերկու տարվա ընթացքում կայացել են երկու երկրների նախագահների փոխայցերը, միջկառավարական հանձնաժողովի նիստը, որ դարավոր կապերի խորացման նպատակ ունեին: Վերադառնալով Աթենք` տիկին Մավրոմիխալին իր հավաստմամբ` մնալու է Հայաստանի ու հայերի բարեկամը եւ միշտ աջակցելու է Հայաստանին առնչվող հարցերում:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, բարձր գնահատելով դեսպանի կատարած աշխատանքը երկու տարում եւ հաջողություններ մաղթելով Պանայոտա Մավրոմիխալիին հետագա աշխատանքներում, հիշեցրեց, որ նման դեպքերում Հայաստանում ոչ միայն բարի ճանապարհ են մաղթում, այլեւ ցտեսություն են ասում եւ վստահություն հայտնեց, որ նա իրապես կմնա Հայաստանի բարեկամը: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին` պարոն Թորոսյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ երկու խորհրդարաններում էլ ձեւավորված կլինեն պատգամավորական բարեկամության խմբերը եւ կորոշարկվեն համագործակցության շրջանակները: Նշվեցին համագործակցության այլ հիմքերը եւս` միջազգային կառույցներում, մասնավորապես Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որտեղ Հայաստանի ու Հունաստանի պատվիրակությունները տարբեր հարցերի շուրջ սերտորեն համագործակցել են, նաեւ Եվրախորհրդարանը, որտեղ հույն պատգամավորները զգալի աջակցություն են ցույց տալիս Հայաստանին վերաբերող հարցերում: ԱԺ նախագահը նշեց, որ երկու երկրների նախագահների բանակցություններում ձեռք բերված համաձայնություններն առաջիկայում հարաբերությունների խորացման հնարավորություններ են ստեղծել եւ այդ հնարավորությունները նոր հեռանկարներ են բացում, որովհետեւ երկու երկրներն ունեն ոչ միայն պատմական ու քաղաքակրթական ընդհանրություններ, այլեւ ընդհանուր շահեր, որոնց շրջանակներում անհրաժեշտություն է կապերի զարգացումը:

Հանդիպման ընթացքում կարեւորվեցին փոխադարձ այցերը` իբրեւ հարաբերությունների զարգացման կարեւոր գործոն:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am