National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.7.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
17.07.2007
Ալեք եւ Մարի Մանուկյանների վերահուղարկավորումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հուլիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս, ՀԲԸՄ ցկյանս նախագահ, ազգային բարերար Ալեք Մանուկյանի եւ նրա տիկնոջ` Մարի Մանուկյանի վերահուղարկավորման արարողությունը (նրանց աճյունները հուլիսի 13-ին Հայաստան էին բերվել Դետրոյտից):

Արարողությանը մասնակցում էին  ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ալեք Մանուկյանի ընտանիքի անդամները, պաշտոնական այլ անձինք, հասարակայնության ներկայացուցիչներ:

Հանգուցյալների դագաղները զինվորական պատվո պահակախմբի ուղեկցությամբ բերվեցին սուրբ Գայանե եկեղեցուց եւ դրվեցին խորանի հրապարակում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն, որից հետո Վեհափառ Հայրապետը գնահատանքի խոսք ասաց հանգ ուցյալների հիշատա կին:

Հանգուցյալները հողին հանձնվեցին Ալեք եւ Մարի Մանուկյանների գանձատան բակում:

Մայր Աթոռում տրված ընդունելության ժամանակ ՀՀ ազգային հերոս, ՀԲԸՄ ցկյանս նախագահ, ազգային բարերար Ալեք Մանուկյանի եւ նրա տիկնոջ` Մարի Մանուկյանի մասին հիշատակի խոսք ասաց ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ

ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո Նախագահ

Վեհափառ Տեր

Պատվարժան Մանուկյան ընտանիք

Այսօր մենք մասնակիցն ենք չափազանց հուզիչ եւ կարեւոր իրադարձության` մեր ժողովրդի նվիրյալ զավակներից մեկի` հայ խոշորագույն բարերար, Ազգային հերոս Ալեք Մանուկյանի եւ նրա բազմամյա հայրենանվեր գործունեության մշտական ուղեկից ու աջակից իր տիկնոջ` Մարի Մանուկյանի վերջնական վերադարձին Հայրենիք:

Ալեք Մանուկյանի երկրային ուղին ունեցել է բացառիկ մի ընթացք: Սկիզբն իր սերնդի հայորդիների համար սովորական, բայց եւ ողբերգական մի պատմություն է`  գաղթ ցեղասպանության միլիոնավոր զոհերից մեկը դառնալու սպառնալիքի ներքո, սակայն ի տարբերություն նմանատիպ այլ հազարավոր դեպքերի, բարեբախտաբար երջանիկ ավարտով` ընտանիքի վերամիավորումով առանց կորուստների: Սակայն դա ճակատագրի միակ մարտահրավերը չէր երիտասարդ Ալեք Մանուկյանի համար: Նոր երկրին, նոր միջավայրին ու նոր բարքերին նա հասցրեց հարմարվել նախանձելի արագությամբ, հնարամտության ու աշխատասիրության շնորհիվ կարողացավ ոչ միայն արժանապատիվ աշխատանք վաստակել, ապահովել ընտանիքի բարեկեցությունն, այլեւ սեփական գործ հիմնել: Գյուտարարի անուրանալի ձիրքի ու կազմակերպական մեծ տաղանդի շնորհիվ Ալեք Մանուկյանը ոչ միայն չերկնչեց շատ շուտով ողջ Ամերիկան ցնցած ու հազարավոր փորձառու եւ հաջողակ ընկերությունների կործանման պատճառ դարձած Մեծ Ճգնաժամի առաջ, այլեւ այն հաղթահարեց նորանոր հաջողություններով` ի վերջո ձեւավորելով հանրաճանաչ «Մասկո» ընկերությունը:

Շատ-շատերի համար անհաղթահարելի այս փորձությունները երիտասարդ Ալեք Մանուկյանի համար հաջողությամբ ետեւում են մնացել ոչ միայն իր եզակի մասնագիտական եւ գործնական հատկանիշների, այլեւ ընտանիքի ջերմության ու սիրո, իր մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ: Պատահական չէ, որ Միացյալ Նահանգների համար այդ դժվարին տարիներին, երբ շատերն օր ու գիշեր մտածում էին սոսկ Ճգնաժամի ճիրաններից դուրս պրծնելու մասին, Ալեք Մանուկյանն անդամակցեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը` ծառայելու համար հայապահպանության նվիրական գործին, թեթեւացնելու համար Սփյուռքի հոգսը: Ու ինչպես յուրաքանչյուր գործի, որ նախաձեռնել է իր բազմաբեղուն գործունեության ընթացքում, այս առաքելությանը եւս վերաբերվեց ամենայն պատասխանատվությամբ ու մեծագույն սիրով, հստակ նպատակադրումով եւ հետեւողականությամբ: Ալեք Մանուկյանի սահմաններ չճանաչող բարեգործության աշխարհագրությունը չափազանց լայն է` Կանադայից ու Միացյալ Նահանգներից մինչեւ Ուրուգվայ, Բրազիլիա եւ Արգենտինա, Հոլանդիայից ու Ֆրանսիայից մինչեւ Լիբանան, Իսրայել ու Ավստրալիա, Հայաստան եւ Իրան, իսկ բարեգործական նախաձեռնությունների ուղղվածությունն ըստ ոլորտների` շատ հստակ էր` կրթություն, մշակույթ, գիտություն եւ հոգեւոր կյանք, այն ամենը, ինչը դարեր շարունակ մեր ժողովրդի ինքնության ու կենսունակության հիմքն է եղել: Հիմնադրվել են դպրոցներ, կրթական կենտրոններ, ճեմարան, հայագիտական ամբիոններ, աջակցություն են ստացել բազմաթիվ հաստատություններ: Անգնահատելի են Ալեք Մանուկյանի ծառայությունները մեր եկեղեցուն թե Հայաստանում եւ թե Սփյուռքում: Եվ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հայ խոշորագույն բարերարին ոչ միայն պարգեւատրել է բարձրագույն` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով, այլեւ այսօր արժանացրեց մեծագույն պատվի. Ալեք եւ Մարի Մանուկյանների աճյունները բարձր պետական եւ հոգեւոր պատիվներով ամփոփվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Անուրանալի է Ալեք Մանուկյանի ներդրումը ոչ միայն հայապահպանության, այլեւ հայոց զույգ պետությունների ամրապնդման գործում: Ի նշան գնահատանքի եւ երախտագիտության Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ալեք Մանուկյանին պարգեւատրել է «Արցախի պատիվ» շքանշանով, Հայաստանի Հանրապետությունը նրան շնորհել է Ազգային հերոսի կոչում` որպես բացառիկ ծառայությունների բացառիկ գնահատանք:

Ալեք Մանուկյանի կյանքն ու գործունեությունը սիրո եւ նվիրումի եզակի մարմնացում եղան` առ իր ընտանիքը, իր ժողովուրդն ու Հայրենիքը: Ահա թե ինչու իր երկրային կյանքի ավարտից հետո էլ իր գործը շարունակվում է իր զավակների` Լուիզ Սիմոն եւ Ռիչարդ Մանուկյանների շնորհիվ: Վերադառնալով Հայրենիք, մեծ բարերարն այսօր ստանձնեց իր վերջին առաքելությունը` իր ներկայությամբ ու օրինակով ազգանվեր գործունեության մղելով բազմաթիվ հայորդիների, քանզի անհերքելիորեն ապացուցել է, որ անձնական հարստությունը իմաստ ու արժեք է ստանում բարեգործությամբ ու նվիրումով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am