National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
25.06.2007
ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրենն Ազգային ժողովում

Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Արիստոմեն Վարուդակիսին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համաշխարհային բանկի եւ Ազգային ժողովի համագործակցության խնդիրները: Նշելով, որ 2000 թ., երբ ՀԲ գրասենյակի տնօրենը Հայաստանում Օուեյս Սաադաթն էր եւ մեծ թվով չվավերացված համաձայնագրեր կային, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ կարճ ժամանակում այդ խնդիրը լուծվեց եւ համագործակցության լավ հիմքեր դրվեցին, որը եւ հետագայում հաջողությամբ շարունակվեց: Չորրորդ գումարման Ազգային ժողովը եւս պատրաստ է խորացնել համագործակցությունը, որն առաջին հայացքից միայն նեղ շրջանակներ ունի` համաձայնագրերի վավերացում, իրականում ընդգրկելով նաեւ տնտեսական զարգացման հարցերի քննարկումը:

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Արիստոմեն Վարուդակիսը շնորհավորեց ԱԺ նախագահին` այդ պաշտոնում ընտրության եւ լավագույն խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ` նշելով, որ Համաշխարհային բանկն այժմ ձեռնամուխ է եղել երկրի օժանդակության ռազմավարության մշակմանը 2009-2014 թվականների համար, որովհետեւ 2008-ին ավարտվում է գործող ծրագիրը: Նախկինում եւս ՀԲ-ն ծավալուն աշխատանք է կատարել տնտեսական աճի, աղքատության նվազեցման, սոցիալական ապահովության, աշխատատեղերի ստեղծման, կրթության ոլորտներում: 2009-2014 թթ. ծրագրի մշակման համար ակտիվ քննարկումներ են լինելու ԱԺ-ի, կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, փոխվելու է ՀԲ-ի քաղաքականությունը` քանի որ վերջին տարիներին Հայաստանն ապահովում է կայուն տնտեսական աճ, Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկից լրացուցիչ վարկեր ստանալու հնարավորություն կունենա, բայց կնվազի արտոնյալ վարկերի ստացման հնարավորությունը: Պարոն Վարուդակիսի գնահատմամբ` ՀԲ-ի եւ կառավարության խնդիրն է լինելու որոշարկել այն ոլորտները, ուր կուղղվեն արտոնյալ վարկերը: Երկրի օժանդակության ռազմավարության 2009-2014 թթ. ծրագրի մշակման աշխատանքներում պարոն Վարուդակիսը կարեւորեց ԱԺ  նախագահի եւ ԱԺ մշտական հանձնաժողովների հետ համագործակցությունը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, նշելով, որ Ազգային ժողովի հետ համագործակցության արդյունքում տարիների ընթացքում հասարակության մեջ դրական փոփոխություններ է կրել նաեւ Համաշխարհային բանկի իմիջը`  իբրեւ Հայաստանի տնտեսական զարգացմանն աջակցող կառույցի, համագործակցության պատրաստակամություն հայտնեց` կարեւորելով ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումները` նախքան ծրագրի վերջնական մշակումը: Պարոն Թորոսյանը նշեց, որ  2005-ի սահմանադրական բարեփոխմամբ մեծացել են եւ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությամբ ուժի մեջ են մտել քաղաքական փոփոխությունները, եւ երկրի քաղաքական կյանքում մեծացել է Ազգային ժողովի դերակատարությունը: Անկախացումից հետո պետության ձեռնարկած քայլերը նպատակուղղված էին պետական համակարգերի կայացմանը եւ սոցիալական խնդիրները երկրորդ պլան էին մղվել, այժմ` ամրագրված նաեւ երկրի տնտեսական հաջողություններով ու քաղաքական բարեփոխումներով, հնարավորություն է ստեղծվել սոցիալական խնդիրների լուծման համար` ապահովելով ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը: Այս համապատկերում` երբ Հայաստանը թեւակոխել է զարգացման նոր փուլ, կարելի է հանգիստ վերաբերվել արտոնյալ վարկերի ծավալների մեծացմանը:

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Արիստոմեն Վարուդակիսը կարեւորեց բարեփոխումների երկրորդ փուլի հաջողությունը` նշելով, որ «Աղքատության հաղթահարման ռազմավարության» ծրագրով տրվող չորրորդ վարկի շրջանակներում քայլեր են ձեռնարկվում բարեփոխելու հարկային եւ մաքսային վարչարարությունը: Այս ոլորտում եւս կարեւորվեց ԱԺ-ի հետ համագործակցությունը: «Աղքատության հաղթահարման ռազմավարության» շրջանակներում ծավալուն աջակցություն է տրամադրվում սոցիալական աջակցությանը` կենսաթոշակների բարձրացման նպատակով: Բացի այդ` Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ՀԲ-ն աշխատում է հարկային նոր օրենսգրքի մշակման վրա, որը թույլ կտա բարելավել հարկային հավաքագրումները: ՀԲ-ն նաեւ օժանդակում է Կենտրոնական բանկին` կապիտալի շուկայի զարգացման կայուն հիմքերի ստեղծման համար: Ներդրումային ծրագրեր են գործում կապի եւ տրանսպորտի նախարարության հետ` Երեւանի երթուղային ծրագրի մշակման, նաեւ` երկաթուղու ենթակառուցվածքների բարելավման համար: Տարեվերջին կրթության եւ գիտության նախարարության հետ նախատեսվում է կրթության նոր ծրագրի մշակումը: Իսկ առողջապահության եւ դատաիրավական համակարգերի բարեփոխումների ծրագրերը ԱԺ-ն արդեն հաստատել է եւ առաջիկայում պարոն Վարուդակիսը նախատեսում է արդյունքները ներկայացնել ԱԺ:

Գոհունակություն հայտնելով երկրի տնտեսական զարգացմանը ՀԲ-ի աջակցությունից` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ այդ ոլորտները բնականաբար Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում են եւ ՀԲ-ի ուսումնասիրությունների արդյունքները միշտ հետաքրքիր ու օգտակար են` ընդհանրապես ՀԲ-ի հետ համագործակցության լայն դաշտ է ուրվագծվում եւ համատեղ քննարկումներն առավել կկոնկրետացնեն համագործակցության մեխանիզմները: Պարոն Վարուդակիսը, համաձայնելով ԱԺ նախագահի հետ, կարեւորեց ծրագրերի նախագծման փուլում ԱԺ մշտական հանձնաժողովների հետ աշխատանքը` ակնկալելով պարբերական հանդիպումներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am