National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
21.06.2007
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն Ազգային ժողովում

Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին:  Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը եւ ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ նախորդ հանդիպումից հետո անցած կարճ ժամանակամիջոցում համագործակցության մեջ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել, կարեւորվեցին Ազգային ժողովին առնչվող ոլորտները. մասնավորապես ընտրական գործընթացների եւ օրենսդրության բարելավումը: Այդ առումով`  ԱԺ նախագահը նշեց, որ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» վերանայման անհրաժեշտություն կա, որովհետեւ շատ կետեր արդեն իսկ կատարված են եւ նոր հնարավորություններ են առաջացել համագործակցության համար: Պարոն Թորոսյանն անդրադարձավ 2005-ի սահմանադրական բարեփոխումից հետո կենսագործված փոփոխություններին` նշելով, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական համակարգի փոփոխությունները եւս ուժի մեջ են մտել` Ազգային ժողովին նոր դերակատարություն ապահովելով երկրի քաղաքական կյանքում:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անունից շնորհավորեց Աժ նախագահին` միջազգային դիտորդների բարձր գնահատականին արժանացած խորհրդարանական ընտրությունների եւ վերընտրության առիթով, եւ գոհունակություն հայտնեց, որ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր»-ը հաջողությամբ կենսագործվում է: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսված են ՆԱՏՕ ԽՎ-ում նորընտիր պատգամավորների համար ճանաչողական դասընթացներ, պարոն Սիմոնսը խնդրեց ԱԺ նախագահին նրանց, ինչպես նաեւ աշխատակազմի աշխատակիցներին ընդգրկել դասընթացներում: Պարոն Սիմոնսը վստահություն հայտնեց, որ չորրորդ գումարման Ազգային ժողովը եւս իր նպաստը կբերի ԱԳԳԾ-ի կատարմանը` նշելով ճգնաժամային կառավարման համակարգի ստեղծման եւ սահմանների անվտանգության հարցերը: Նա անդրադարձավ հայ խաղաղապահների ներկայությանը Կոսովոյում` կարեւորելով նրանց դերը խաղաղության պահպանման առումով:

ԱԳԳԾ-ի կատարմանն անդրադառնալով` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ դասընթացների ժամկետների որոշակիացումից հետո կձեւավորվի մասնակիցների պատվիրակությունը: Խորհրդարանի նախագահը ընդգծեց աշխատակազմի արհեստավարժության, իրենց առաջադրվող խնդիրների լուծմանը պատրաստվածության կարեւորությունը` այդ առումով անհրաժեշտ համարելով դասընթացների արդյունավետությունը: Կոսովոյում հայ խաղաղապահ ուժերի առնչությամբ նշվեց, որ Հայաստանը, իբրեւ միջազգային հանրության լիարժեք անդամ, պատրաստ է մեծացնել իր ներկայությունը եւ Ազգային ժողովը կաջակցի այդ հարցում: Ազգային ժողովի նախագահը ծրագրի տարածաշրջանային ընդգրկման մեծացման առումով առաջարկեց համագործակցությանը նոր որակ հաղորդելու քայլեր անել` ինչը լավ աջակցություն կլինի հակամարտությունների հաղթահարմանը: Այս կտրվածքով պարոն Թորոսյանն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշելով, որ ՆԱՏՕ-ն այդ խնդրով չի զբաղվում, բայց միջազգային բոլոր կառույցներն ունեն տասնամյակների ընթացքում իրենց արդյունավետությունը հաստատած սկզբունքներ ու մոտեցումներ, որոնք պետք է ավելի հաստատուն պաշտպանեն` նպաստելով եւ հակամարտությունների լուծմանը, եւ երկրների զարգացմանը: Պարոն Թորոսյանը նշեց մասնավորապես Հայաստանի նկատմամբ Ադրբեջանում օր-օրի մեծացող ատելության ու պատերազմի քարոզչությունը, որը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հարցի լուծման լավատեսությանը: Անհավատալի է, որ ատելություն ու պատերազմ քարոզող պետությունը այդ կերպ իր ժողովրդին պատրաստում է հակամարտության լուծման: Հայաստանում նման քարոզչություն եւ քաղաքականություն երբեք չի եղել: Նման քաղաքականությունը հիմք է տալիս մտածելու, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում չի ցանկանում` իր համար պահպանելով կեղծ հայրենասիրական կոչերի եւ բյուջեում ռազմական ծախսերի մեծացման հնարավորությունը, թեպետ հազիվ թե լրջորեն կարծում է, որ պատերազմով կարող է հարցը լուծել:

Պարոն Սիմոնսը համաձայնեց, որ երկու երկրներն էլ պիտի իրենց ժողովուրդներին նախապատրաստեն հարցի խաղաղ լուծմանը, որը ենթադրում է փոխզիջումներ: Եվ թեպետ ՆԱՏՕ-ն այս հակամարտությամբ չի զբաղվում, կառույցում մեծ ուշադրություն է դարձվում հակամարտության հաղթահարմանը եւ տարածաշրջանային խնդիրներին. արդեն նշանակվել է կապի նոր սպա` նա եւս իր ներդրումը կունենա տարածաշրջանի երեք երկրների հետ համագործակցության զարգացման գործում: Պարոն Սիմոնսը հետագա` թե Երեւանում, թե Բրյուսելում, հանդիպումների ու քննարկումների անհրաժեշտությունը նշելով` կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցության խորացումը:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանն ընդունեց նաեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը:

Հանդիպմանը քննարկվեցին «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով» նախատեսված բարեփոխումների իրականացման ընթացքը, պաշտպանության ոլորտում քաղաքացիական անձանց ներգրավվածությանը, ոլորտի աշխատանքների թափանցիկությանը, տեղեկատվական դաշտի կատարելագործմանը, միջազգային խաղաղարար ուժերի կազմում հայկական ստորաբաժանումների մասնակցությանն ու շարունակականությանը, մասնագետների պատրաստմանն առնչվող խնդիրներ, որոնց իրականացման գործում կարեւորվեց Ազգային ժողովի դերը եւ կառավարության հետ համագործակցված աշխատանքը:

Պարոն Աղաբեկյանը տեղեկացրեց, որ շրջանառության մեջ գտնվող «Պաշտպանության բնագավառում հատուկ ծառայության մասին» եւ նախապատրաստման փուլում գտնվող «Պաշտպանության մասին» օրինագծերը հիմնականում կլուծեն բարձրացված հարցերը եւ հնարավորություն կտան լուրջ բարեփոխումներ կատարել պաշտպանության ոլորտում: Նա նկատեց, որ աջակցության ծրագրերը արդյունավետ չեղան մասնագետների պատրաստման գործում եւ հույս հայտնեց, որ այս հարցում ՆԱՏՕ-ի աջակցությամբ կլինեն դրական տեղաշարժեր: Պարոն Սիմոնսը նշեց, որ ինքը ամեն ինչ կանի, որ խորհրդարանի աշխատակիցների վերապատրաստման ծրագիր իրականացվի, ինչն արդյունավետ գործում է նաեւ Վրաստանում:

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց ԱԳԳԾ-ի արդյունավետ իրականացման եւ շարունակականության համար` կարեւորելով ոլորտի օրենսդրական բարեփոխումները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am