National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.2.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
05.02.2007
Գյորան Լենմարկերը Ազգային ժողովում

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը:

 ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը համառոտ ներկայացրեց քաղաքական կյանքը Հայաստանում` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներից հետո կատարված աշխատանքներին, որոնց արդյունքում կառավարության նախանշած 51 օրենքներից 27-ն արդեն ընդունվել են եւ մինչեւ այս խորհրդարանի լիազորությունների ավարտը ընդունված օրենքների թիվը կհասնի 30-35-ի: ԱԺ  նախագահը կարեւորեց, որ ՀՀ Սահմանադրությունն այլեւս լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին եւ  Հայաստանի քայլերը եվրաինտեգրման տեսակետից` նշելով, որ 2006-ի հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները եւս հնարավորություն ստացան դիմել Սահմանադրական դատարան (արդեն քաղաքացիների 200 դիմումներ են եղել, մինչդեռ ՍԴ իր գործունեության 10 տարիներին ընդամենը 8 դիմում էր քննարկել): Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ՍԴ դիմելու հնարավորություն է ստացել նաեւ խորհրդարանական ընդդիմությունը եւ 2 հայցով արդեն դրական որոշում ունի: Փոփոխությունների արդյունքում նաեւ այլ բարեփոխումներ են եղել` տեղական ինքնակառավարման, արդարադատության համակարգերում, իսկ քաղաքական համակարգի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո: Պարոն Թորոսյանը հատկապես կարեւորեց խորհրդարանական ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելը, քանի որ դրանք բացառիկ նշանակություն ունեն երկրի հետագա առաջընթացի համար:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գյորան Լենմարկերը եւս անդրադարձավ ընտրություններին` նշելով դրանց կարեւորությունը: Նրա կարծիքով` Հայաստանն ունի բոլոր նախադրյալները նման ընտրության համար, նա նշեց, որ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Թոնե Թինգսգարդը  կգլխավորի դիտորդական առաքելությունը, քանի որ ԵԱՀԿ-ն կարեւորում է դիտորդների մասնակցությունը ընտրություններին: Նա երախտագիտություն հայտնեց ԵԱՀԿ ԽՎ-ում Աժ պատվիրակության ակտիվ աշխատանքի համար եւ հույս հայտնեց, որ պատվիրակությունը մեծ ներդրում կունենա նաեւ էներգետիկ անվտանգության հարցերի առաջիկա քննարկման ժամանակ: Պարոն Լենմարկերի կարծիքով` եվրոպական ինտեգրումը որոշ չափով տեխնիկական հարց է, կարեւորը արժեքային համակարգն է, որ պետք է ընդունելի լինի բոլոր երկրների համար: Նա նաեւ կարեւորեց խորհրդարանական համագործակցության ընդլայնումը Հարավային Կովկասի երկրներում` նշելով, որ որոշ հարցերում (սեյսմիկ վերահսկողության, ջրային ու հանքային ռեսուրսների շահագործման) առկա համագործակցությունը պետք է ամրապնդել խորհրդարանական դիվանագիտության ու երկխոսության կայացման միջոցով:

Անդրադառնալով ընտրությունների հարցին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ 2006-ին Ազգային ժողովը ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները` ստեղծելով օրենսդրական հիմք, որը քաղաքական կամքի առկայությամբ լավ ընտրությունների նախադրյալ է: Նա կարեւորեց  (ինչպես արդեն նշել էր ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալի հետ հանդիպման ժամանակ) Ազգային ժողովում քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ աշխատանքային խմբի ստեղծումը, որը սերտ կհամագործակցի դիտորդական առաքելության անդամների հետ` նկատված ամեն խնդրի արագ արձագանքման եւ լուծման նպատակով:

Հարավային Կովկասի երկրների խորհրդարանական համագործակցությանն անդրադառնալով` ԱԺ  նախագահը հիշեցրեց, որ 2001 թ. բրիտանական «Լինկս» կազմակերպության նախաձեռնությամբ սկսվել էին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպումները, որ հետո վերաճել են Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության եւ յուրաքանչյուր խորհրդարանից տասական պատգամավորներ տարեկան երկու անգամ լիագումար նիստեր են անցկացնում`  ներառյալ նախագահության նիստերը (յուրաքանչյուր երկրից` երեք պատգամավոր): Այնուհանդերձ` Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները կաշկանդված են Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումով, ըստ որի` քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, որեւէ համագործակցություն Հայաստանի հետ իրական չէ եւ չի կարող լինել: Բացի այդ` Ադրբեջանում  շարունակվում է ատելության ու պատերազմի քարոզչությունը, հերյուրանքների ու զրպարտությունների տարածումը Հայաստանի առնչությամբ: Այս շրջագծում Աժ նախագահն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցին` նշելով, որ քանի դեռ Ադրբեջանում շարունակվում է այդ քաղաքականությունը, հարցի լուծումը իրապես հնարավոր չէ: Պետական քաղաքականության մակարդակով պատերազմի սպառնալիքներն ու կոչերը, ատելության քարոզչության խորացումը հակասում են ԵԱՀԿ հելսինկյան եզրափակիչ ակտի 10 սկզբունքներին եւ վկայում են, որ Ադրբեջանում հարցը լուծված տեսնել չեն ցանկանում, այլապես կփորձեին նախապատրաստել իրենց հասարակությունը հարցի լուծմանը: Չի կարելի խոսել եվրոպական ինտեգրման անհրաժեշտության մասին` միաժամանակ հրաժարվելով տարածաշրջանային համագործակցությունից: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը` նշելով, որ գտնված է լավ բանաձեւ, որ կարող է լինել խնդրի կարգավորման հիմքում` դա հելսինկյան ակտի 10 սկզբունքներից երկուսի համադրումն է`  տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման: Պարոն Թորոսյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցության, բայց ակնկալում է եվրոպական արժեքներին հավատարմություն բոլոր երկրներում եւ գտնում է, որ ԼՂ խնդիրը շատ զգայուն է եւ եվրոպական կառույցները սկզբունքները չպետք է զոհաբերեն ինչ-որ նպատակների: ԱԺ  նախագահը պատրաստակամություն հայտնեց միջխորհրդարանական համագործակցության կայացման համար` ԵԱՀԿ ԽՎ հովանու ներքո Հարավային Կովկասի երեք երկրների խորհրդարանների նախագահների հանդիպման կայացման, որի ժամանակ կճշտվի` կա՞ համագործակցելու իրական նպատակ, թե ոչ:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գյորան Լենմարկերը եւս համագործակցության խորացման պատրաստակամություն ու վստահություն հայտնեց:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am