National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
24.11.2006
Ավարտվեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերի 24-ին շարունակվեցին ՀՀ  ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Մոսկվայում: ՌԴ Դաշնությսն խորհրդում ԴԺ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր: Ողջունելով Հայաստանից ժամանած բարձրաստիճան պատվիրակությանը` պարոն Միրոնովը գոհունակություն հայտնեց, որ վերջերս հաճախակի են դարձել հանդիպումները, նա հատկապես կարեւորեց Կովկասյան քառյակի Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը, որտեղ քննարկվել են տարածաշրջանին առնչվող կարեւոր հարցեր:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կարեւորեց, որ ամեն հաջորդ հանդիպման ժամանակ խոսվի նաեւ նախորդ հանդիպումից հետո լուծված հարցերի մասին, նա նշեց հայկական կողմի հանդիպումների ու անկեղծ քննարկումների պատրաստակամությունը, քանի որ ամենադժվար խնդիրներն էլ քննարկումներով են լուծվում:

Այնուհետեւ քննարկումն անցավ հարց ու պատասխանի ընթացակարգով: ՌԴ ԴԺ ԴԽ սենատոր Հովհաննես Օհանյանին հետաքրքրում էր, թե ինչ վիճակում է ռուսերենի ուսուցումը եւ արդյոք ընդունվեց համապատասխան օրենք այդ պրոբլեմը լուծելու համար: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի պարզաբանմամբ` հանրակրթական դպրոցը Հայաստանում անցել է տասներկուամյա ուսուցման եւ արդեն երկրորդ դասարանից ռուսերենը դասավանդվում է դպրոցներում, բացի այդ` արդյունավետ աշխատում են Սլավոնական ռուս-հայկական համալսարանը եւ վերջերս բացված ռուսական գրքի կենտրոնը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ հավելեց, որ Հայաստանում ընդհանրապես նման պրոբլեմ չի եղել եւ չկա: Ավելին, նման հարցերն օրենքի մակարդակով չեն կարգավորվում եւ ընդհանրապես անհասկանալի է չեղած խնդրի արծարծումը: Ռուսերենը եղել եւ մնում է շատ կարեւոր բոլոր առումներով` հանդիսանալով մշակույթի, գիտության, կրթության համար անգնահատելի նշանակություն ունեցող հաղորդակցության միջոց:

Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողվի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ հանձնաժողովը կանոնավոր ու արդյունավետ գործում է, վերջին նիստը եղել է հոկտեմբերին, Երեւանում, հաջորդը տեղի կունենա մարտին, Մոսկվայում: Արձանագրելով, որ երկու խորհրդարաններն էլ ընտրության փուլ են մտնում` Հայաստանում` մայիսին, Ռուսաստանում` դեկտեմբերին, պարոն Ռիժկովը ցանկություն հայտնեց, որ նոր գումարման խորհրդարանները եւս շարունակեն նույն արդյունավետությամբ աշխատել:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ ռուս գործընկերների կողմից երբեմն հնչող անընդունելի հայտարարություններին, մասնավորապես սենատոր Վադիմ Գուստովի` ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցին, որտեղ արծարծվում են Հարավկովկասյան հակամարտությունների կարգավորմանը վերաբերվող խնդիրներ եւ արվում են չհիմնավորված եզրակացություններ տարածքներ վերդարձնելու եւ սահմանների անփոփոխելիության առնչությամբ:

Պարոն Գուստովը պարզաբանեց, որ ինքը դեռ հազար ինը հարյուր իննսունչորսին մասնակցել է զինադադարի կնքման բանակցություններին եւ այն ժամանակից խորապես շահագրգիռ է հարցի լուծմամբ, նրան հատկապես մտահոգում է Ադրբեջանի ու Վրաստանի ռազմական ծախսերի ավելացումը եւ անարդյունավետ համարելով Մինսկի խմբի աշխատանքը, ինքը իր տեսակետն է արտահայտել` լուծման իր տարբերակն առաջարկելով, մտահոգ այդ խնդրով ու փախստականների անմխիթար վիճակով:

ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովը պարզաբանեց, որ ռուսական կողմը բարձր է գնահատում Մինսկի խմբի աշխատանքը եւ գտնում է, որ Ռուսաստանը պատրաստ է երաշխավորը լինել այն լուծման իրականացման, որ փոխընդունելի կլինի հակամարտության կողմերի համար:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ ժամանակին պատերազմի ելքը չորոշեցին ոչ զենքը, ոչ ֆինանսները, ոչ զինվորների թիվը եւ հիմա էլ հակամարտության ելքը այդ գործոններով չի պայմանավորվելու: Եվ կարելի է խորհուրդ տալ ադրբեջանական կողմին ֆինանսները նպատակաուղղել փախստականների համար նորմալ կենսապայմաններ ստեղծելուն: ԱԺ նախագահը չհամաձայնեց նաեւ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին տրված գնահատականին, գտնելով, որ վերջերս նրանք հակամարտության հաղթահարման լավ բանաձեւ են գտել` ոչ թե հակադրելով, այլ համադրելով ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները: Մինչդեռ Ադրբեջանը, ինչպես նախկինում, մերժում է նաեւ այդ առաջարկությունները: Ինչ վերաբերում է Բրեժնեւին հղումներ անելով նոր պետությունների ստեղծման մերժումը, ապա այդ տեսակետը ոչ միայն չի համընկնում Մինսկի խմբի համանախագահ ունեցող Ռուսաստանի մոտեցման հետ, եւ ընդհանրապես համանախագահների առաջարկած սկզբունքների հետ, այլեւ բացարձակապես անընդունելի է Հայաստանի համար: Նա խորհուրդ տվեց նման զգայուն հարցերում հրապարակային ելույթներից առաջ տեղեկություններ ստանալ` խուսափելու համար միակողմանի եւ անընդունելի մոտեցումներից:

Այս հարցին անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը. նա նշեց, որ նման ելույթները հասարակական վատ արձագանք են ունենում, եւ դարավոր բարեկամության ու համագործակցության մասին պատկերացումների մեջ չեն տեղավորվում: Պատգամավորը կարեւորեց տեղակատվության անվտանգության ու համագործակցության անհրաժեշտությունը` առաջարկելով հրապարակային ելույթներում լինել զգույշ:

Հանդիպումից հետո երկու խորհրդարանների նախագահները կարճ ճեպազրույց ունեցան լրագրողների համար. պատասխանելով լրագրողի հարցին քննարկումների թեմայի մասին, պարոն Միրոնովը նշեց, որ երկկողմանի հարաբերությունների ամբողջ համապատկերը ընդգրկվեց եւ ինքը գոհ է միջխորհրդարանական համագործակցության մակարդակից: «Հայաստանը մեր բարեկամն է, դաշնակիցն է, ես մեր բարեկամությունը չէի սահմանափակի Կովկասյան լեռներով, մենք ամեն ինչում բարեկամներ ու դաշնակիցներ ենք»,- ասաց պարոն Միրոնովը:

«Ե՞րբ կբացվի Վերին Լարսի անցակետը» հարցին ի պատասխան պարոն Միրոնովը նշեց, որ անցակետը փակվել է վերակառուցման համար եւ բացումը կապված է շինարարական աշխատանքների հետ:

Աժ նախագահը նշեց, որ հանդիպումները միշտ անցնում են բարեկամական մթնոլորտում, շատ արդյունավետ են եւ օգնում են եղած հարցերը հնարավորինս կարճ ժամանակում լուծել: Պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի եւ երկկողմանի մակարդակում, եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների` ծառայելով երկու ժողովուրդների ու պետությունների բարեկեցությանը:

Այնուհետեւ պատվիրակությունը մասնակցեց ՌԴ ԴԺ ԴԽ նիստի աշխատանքներին: ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնոը պաշտոնապես հայտարարեց Դաշնության խորհրդում Հայաստանի խորհրդարանի օրերի բացման մասին: Այդ առիթով ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, Դաշնության խորհրդում Հայաստանի խորհրդարանի օրերի անցկացման համար` հույս հայտնելով, որ դրանք կանցնեն հետաքրքիր եւ երկու խորհրդարանների պատգամավորների հանդիպումները արդյունավետ կլինեն:

Ակնհայտ է, որ երկու պետությունների կառուցողական համագործակցության շարունակմանը նպաստում են միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք տարեցտարի ընդլայնվում են` ապահովելով իրավական դաշտը, որն անհրաժեշտ է լիարժեք ու ներդաշակ համագործակցության համար: Պարոն Թորոսյանը ողջունեց հայ եւ ռուս խորհրդարանականների համագործակցության ձգտումը ոչ միայն օրենսդիր, այլ քաղաքական, առեւտրատնտեսական, գիտական, հումանիտար ոլորտներում, քանի որ խորհրդարանականները լրացնում ու ակտիվացնում են երկու երկրների նախագահների ու կառավարությունների ջանքերը:

ԱԺ նախագահն անդրադարձավ միջխորհդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքին, որի շնորհիվ երկու խորհրդարանների կապերը դարձել են կայուն ու դինամիկ: Այնուհանդերձ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը պահանջում են գտնել նոր հնարավորություններ այդ կապերի խորացման համար` մեծացնելով դրանց արդյունավետությունը, քանի որ մենք չպետք է ձեւացնենք, թե ամեն ինչ հիանալի է, ոչ մի պրոբլեմ ու չլուծված հարց չկա` սկսած առանձին պատգամավորների անպատասխանատու հայտարարությունները կանխելուց մինչեւ մեր ընդհանուր շահերի ճշգրտման եւ որոշարկման անհրաժեշտությունը:

Այդ իսկ պատճառով արձանագրելով ողջ դրականը, որ մշակվել է խորհրդարանականների ջանքերով, չի կարելի չնշել այն անվիճելի փաստը, որ դեռ կա գործունեության կատարելագործման եւ միջխորհրդարանական համագործակցության շատ ոլորտների վերաիմաստավորման վիթխարի դաշտ: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իր ելույթում ընդգծեց, որ միջազգային խորհրդարանական կառույցներում համատեղ աշխատանքը կենսական խնդիր է, հատկապես հաշվի առնելով սրընթաց փոխվող իրավիճակը ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլեւ ամբողջ աշխարհում: «Ընդհանուր առմամբ, իհարկե, կարելի է ռուս-հայկական համագործակցությունը հիմնական միջազգային խորհրդարանական կառույցներում կառուցողական գնահատել, բայց չի կարելի որակել առավելագույնս լիարժեք եւ կառուցողական: Մենք պետք է դեռ շատ աշխատենք փոխադարձ տեղեկացվածության եւ նախապես համաձայնեցված ընդհանուր դիրքորոշման մշակման համար` յուրաքանչյուր երկրի համար կարեւոր հարցերում: Գուցե բոլոր հարցերում միասնական դիրքորոշում հնարավոր չէ ունենալ, բայց երկու պետությունների համար կենսական կարեւորություն ունեցող հարցերում, իմ կարծիքով, դա ծայրահեղ անհրաժեշտ է: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նման համագործակցության կարիքն ունեն երկու պետություններն էլ»,-ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ-ին` պարոն Թորոսյանը նշեց, որ այն հատուկ դեր ունի նախկին խորհրդային հանրապետությունների խորհրդարանների համար, քանի որ միավորում է խորհրդարանական ներուժը` մշակելու մոդելային օրենսդրություն, նպաստելու ազգային օրենսդրությունների մերձեցմանն ու ներդաշնակեցմանը: Սակայն բացի նշված գործառույթները` ԱՊՀ ՄԽՎ-ն կարեւոր հենք է դարձել երկկողմանի ու բազմակողմ խորհրդարանական կապերի զարգացման համար: Եվ այսօր, երբ ԱՊՀ տասնհինգ տարեկան է եւ ԱՊՀ երկրների ղեկավարները մտածում են կառույցի բարեփոխման մասին, տարբեր խնդիրների լուծման, այդ թվում հակամարտությունների հաղթահարման, փորձ կուտակած ՄԽՎ-ն կարող է եւ պետք է այդ գործընթացում լուրջ դեր ունենալ: Բայց դրա համար նախեւառաջ պետք է բարեփոխել ԱՊՀ ՄԽՎ-ն, որ այն համապատասխանի այսօրվա պահանջներին, լինի եվրոպական միջխորհրդարանական կազմակերպությունների հետ միեւնույն մակարդակում եւ դառնա ժամանակակից մարտահրավերների հաղթահարման գործուն մեխանիզմ: Հայաստանի ու Ռուսաստանի խորհրդարանականները կարող են այդ բարեփոխումների նախաձեռնողը լինել:

Հավարտ ելույթի` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանըհույս հայտնեց, որ այս պաշտոնական այցը եւ ՀՀ Ազգային ժողվի օրերի անցկացումը ՌԴ Դաշնության խորհրդում եւս մի քայլ կլինեն երկու պետությունների բազմակողմ համագործակցության ու ժողովուրդների բարեկամության խորացման ուղղությամբ:

ՀՀ Ազգային Ժողովի օրերի կապակցությամբ Դաշնության խորհրդի շենքում բացվեց Հայաստանի Ազգային ժողովի պատմությանը նվիրված ցուցահանդես:

Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան Դաշնության խորհրդի մշտական հանձնաժողովներում: Քննարկման թեմաներն էին. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական եւ ֆինանսավարկային կապերի զարգացումը, համագործակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հումանիտար ոլորտում, սոցիալական ոլորտում, ռուս-հայկական համագործակցությունը հավաքական անվտանգության համաձայնագրի շրջանակներում` իբրեւ Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման կարեւորագույն գործոն:

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը հանդիպում ունեցավ Դաշնության խորհրդի աշխատակազմի ղեկավար Պ.Տկաչենկոյի հետ:

Պաշտոնական այցի շրջանակներում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշաքարին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am