National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
06.11.2006
Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալն Ազգային ժողովում

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն առանձնազրույց ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ԼՀ դեսպան Թոմաշ Կնոտհեն եւ Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը:

Գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ անցած 15 տարիներին հաստատվել են դինամիկ զարգացող հարաբերություններ` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ պարոն Բորուսեւիչի այցը նոր խթան կդառնա այդ հարաբերությունների խորացման համար: ԱԺ նախագահը Լեհաստանի Սենատի նախագահի այցը կարեւորեց նաեւ եվրաինտեգրման քաղաքականության շրջանակներում, նշելով, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական գերակայություն է հռչակել եվրաինտեգրումը, իսկ Լեհաստանը, երկու տարի առաջ դառնալով ԵՄ անդամ, բավարար փորձ է կուտակել, որը Հայաստանի համար օգտակար ու հետաքրքիր է: Եվրամիության հետ նոր հարեւանության ծրագրի ստորագրումից հետո հայ-լեհական հարաբերությունները զարգացման նոր հնարավորություններ կստանան: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին` նշեց, որ Հայաստանում իրականացվում է Անհատական գործընկերության ծրագիրը, եւ Լեհաստանի հետ համագործակցության հնարավորություններ կան նաեւ այս առումով: Ազգային ժողովում ստեղծված է պատգամավորական բարեկամության խումբ Լեհաստանի հետ, գործում է եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը, բավարար փորձ է կուտակվել միջազգային կառույցներում շփումների առումով` այս ամենը հայ-լեհական կապերը զարգացնելու լավ հիմք են` հաշվի առնելով նաեւ դարավոր բարեկամությունը:

Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչը, որ առաջին անգամ է Հայաստանում, նշեց, որ պատվիրակության կազմում ընդգրկված են եւ Սենատի, եւ Սեյմի, եւ կառավարության ներկայացուցիչներ, եւ այդ փաստն արդեն իսկ վկայում է, թե Լեհաստանն ինչ մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի զարգացմանը: Պարոն Բորուսեւիչը նշեց, որ 90-ական թթ. համեմատ` Հայաստանն, իրոք, մեծ առաջաքայլ է արել: Գոհունակությամբ անդրադառնալով ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման քաղաքականությանը` նա պատրաստակամություն հայտնեց  նպաստել այդ գործընթացներին: Լեհաստանի Սենատի մարշալը կարեւորեց 2007-ի խորհրդարանական ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելը, քանի որ դրանից մեծապես կախված է Հայաստանի զարգացումը: Պարոն Բորուսեւիչը Հայաստանի ու տարածաշրջանի կայունության ու զարգացման համար կարեւորեց հակամարտությունների խաղաղ կարգավորումը` ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, այնպես էլ ռուս-վրացական:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը փաստեց ԼՂ հարցի խաղաղ, բանակցությունների միջոցով լուծելու հայկական կողմի դիրքորոշումը, գոհունակությամբ նշելով, որ շուրջ տաս տարի այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները աչքի են ընկնում իրավիճակի ռեալ ընկալմամբ եւ հիմք են ընդունում ոչ թե միջազգայնորեն ընդունված երկու սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքի հակադրումը, այլ` համադրումը: ԱԺ նախագահի գնահատմամբ`  նման մոտեցումը ճկուն է լուծումներ գտնելու առումով, որոնք կբավարարեն Հայաստանին, Ադրբեջանին ու Լեռնային Ղարաբաղին: Ռուս-վրացական հարաբերությունների առնչությամբ` Աժ նախագահը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է հակասությունների արագ հաղթահարմամբ եւ լարվածության թուլացմամբ: Աժ նախագահը կարեւորեց այս հարցում ԵՄ եւ եվրոպական մյուս կառույցների հավասարակշիռ վերաբերմունքը եւ նշեց, որ Հայաստանն էլ պատրաստ է հնարավորն անել: Նշվեց, որ Հայաստանի տնտեսությունը հակասության հետեւանքով մեծ կորուստներ է ունենում:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան եւ այլ հարցերի:

Երկու խորհրդարանների նախագահների առանձնազրույցին հաջորդեց հանդիպումն ընդլայնված կազմով, որին մասնակցում էին ԼՀ Սենատի եւ Սեյմի պատվիրակության եւ ՀՀ ԱԺ հանձնաժողովների, խմբակցությունների ու խմբերի անդամները:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց պարոն Բորուսեւիչին` Լեհաստանի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման առիթով` կարեւորելով այդ զգայուն հարցում լեհերի դրսեւորած ըմբռնումը եւ քայլի նշանակությունը նման ողբերգությունները կանխելու առումով: Անդրադառնալով մեկ տարի առաջ տեղի ունեցած հանրաքվեին` պարոն Թորոսյանը նշեց, որ սահմանադրության բարեփոխումը նաեւ եվրաինտեգրման խորացման հիմքեր է ստեղծել` համապատասխանեցնելով Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին: Նշվեց նաեւ, որ Հայաստանը հիմնականում կատարել է Եվրախորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները:

Վերահաստատելով Հայաստանի ու տարածաշրջանի զարգացումների նկատմամբ Լեհաստանի հետաքրքրվածությունը` պարոն Բորուսեւիչը նշեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը, հայերն ու լեհերը դեռ Ռեչ պոսպոլիտայի ժամանակներից համագործակցել են: Նա տեղեկացրեց, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը` ներկայացնել Հայաստանի շահերը Թուրքիայում եւ Թուրքիայի շահերը Հայաստանում` նպաստելով երկու երկրների միջեւ կապերի հաստատմանը` փոքր քայլերով հնարավոր դարձնելով փոխըմբռնմանը:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հայտնի է` մեր երկիրը պատրաստ է երկխոսության` առանց նախապայմանների: Նա նշեց, որ գաղափարը լավն է, բայց դժվար իրագործելի` հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշումները: Պարոն Թորոսյանը անընդունելի համարեց Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման պայմաններում Եվրամիության անդամակցության ուղղությամբ կատարվող քայլերը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց դեսպանների լավ աշխատանքը, որ մեծապես կարող է օգտակար լինել հարաբերությունների խորացման, որոշակի ծրագրեր կյանքի կոչելու գործում:

ԼՀ Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչը Աժ նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Լեհաստան` փոխայցերը գնահատելով իբրեւ լուրջ խթան կապերի ամրապնդման ու կայացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am